ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Համայնքային կինն ու նրա տոնական օրացույցից հեռու առօրյան
2019-04-06 16:23:33

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Վաղը՝ ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցին կնշի  Ավետման տոնը, որը մեր պետական տոնացույցում ամրագրված է որպես Մայրության և գեղեցկության օր: Ռադիոլուրի հերոսուհիները կանայք են, որոնց համար տոնական ու ոչ տոնական օրերի տարբերությունն առանձնապես մեծ չէ:

Նրանք ապրում են տարբեր համայներում, ծանր աշխատանքով իրենց ուսերին կրում ընտանիքի հոգսը, բայց չեն կորցնում աշխարհին բարությամբ նայելու և դժվարություններին հոմորով դիմադրելու կարողությունը:

Արտագնա աշխատանքի մեկնած ամուսինների հետ նրանց կապի  միակ միջոցը տեխնիկան է: «Հեռախոսով խոստումներ ենք տալիս ու առնում, սկայպով երեխա  ունենում »,- «Ռադիոլուրի» հետ զրույցում կատակել են կանայք:

Զրուցակիցներս Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի մի խումբ, ինչպես իրենք են ասում, գործազուրկ, բայց ակտիվ կանայք են: Իսկ զրույցի առանցքում հայ կնոջ կյանքն է, կենցաղը, Երանոսի կանանց կյանքում ամուսինների արտագնա աշխատանքի հետևանքները, նաև  հարս-սկեսուր հարաբերություններն են:

Ոչ հարսներն են նախկինը, ոչ էլ՝ սկեսուրները, բայց ամենակտրուկ, կարելի է ասել հեղափոխական շրջադարձը կանանց կյանքում իրականացրել է կենցաղային տեխնիկան: Երբ Երանոս մուտք գործեց առաջին ավտոմատ լվացքի մեքենան, կանայք չեն հիշում, բայց ասում են՝ օրհնվի էդ սհաթը: Եվ հարսներն են գոհ, և սկեսուրները։

Սեռով պայմանավորված աղջիկ երեխաների աբորտների թվով  Գեղարքունիքի մարզն ավանդաբար  առաջատար դիրքում է: Մարզի Երանոս համայնքում, ըստ կանանց տեղեկությունների, աղջիկների հանդեպ վերաբերմունքն այլ է։

Երանոսի կանանց բջջային հեռախոսներում անպայման ռուսաստանյան գոնե մեկ համար կա: Արտագնա աշխատանքով ընտանիքը պահելու դեռ խորհրդային տարիներից ձևավորված հարուստ ավանդույթն այստեղ «սրբորեն» պահպանվում է: Արտագնա աշխատանքի մեկնած ամուսինների հետ միակ կապը դարձյալ տեխնիկայի շնորհիվ է: «Հեռախոսով խոստումներ ենք տալիս ու առնում, սկայպով երեխա  ունենում ու մեծացնում»,-կատակում է մեզ արդեն ծանոթ Անգինը:

Երանոսից տեղափոխվենք Գեղամա լեռներ, արոտներ.

Գեղամա լեռներում ոչխարների հոտն արոտ տարած Գյուլբարի Խատոյանը ոչխարներին է կթում ու «Ռադիոլուրին» պատմում եզդիների ավանդական բիզնեսի՝ ոչխարաբուծության առավելությունների ու ներկա դժվարությունների մասին: «Արևի, անձրևի տակ ամիսներ շարունակ տանջվում ենք, բայց արդյունք չենք ստանում»,-ասում է։

«Առաջ շատ լավ էր, սկեսրայրս կոլխոզում վարորդ էր աշխատում, հինգ տղա, հինգ հարս էր պահում՝ թոռներով, ծոռներով»,- պատմում է տիկին Գյուլբարին: Ոչխարաբուծությունից չի հոգնում, չի ձանձրանում, իր գործն է, ասում է, միայն թե աշխատանքի արդյունքն է ուզում տեսնել, որպեսզի զավակների աչքը դրսում՝ դեպի Ռուսաստանն ուղղված չլինի:


Եզդի
երիտասարդներից շատ շատերն են այսօր պանդխտության ցուպը բռնել՝ ասում է։ Տիկին Գյուլբարին այլ երազանքներ ունի, որպեսզի եզդիների հարյուրավոր տարիների ավանդույթները պահպանվեն ու ընտանիքի բարեկեցության հիմքը լինեն: Ազգային ավանդույթների պահպանման ու դրանցով տունն ու հայրենիքը շենացնելու կողմնակից է նաև գառնեցի Իսկուհի Հովհաննիսյանը: Նա հացթուխ է, լավաշ է թխում՝ այն էլ կավե թոնրում։

Հայաստանյան գյուղերում այսօր իսկապես խնդիր է կավե թոնիր ու թոնրի լավաշ գտնելը: Ավանդական թոնրին մեր բազմաթիվ համայնքներում վաղուց փոխարինել են մետաղյա վառարանները: Տան տիկինները գործը հեշտացել է, լավ է, բայց լավաշի համն այլևս այն չէ: Գառնիում իրավիճակն այլ է: Կավե թոնիրները հիմնականում պահպանվել են, ավելին՝ Գառնու լավաշն այսօր բրենդ է դարձել, և ոչ միայն Հայաստանում: Գառնեցի կանայք արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան հատուկ լավաշ թխելու նպատակով։

Գառնեցի կինն այս պահին էլ Ռուսաստանում որպես հացթուխ աշխատելու առաջարկություն ունի, բայց մեկնել չի ցանկանում: Երեխաներն արդեն մեծացել են, նյութական ծանր խնդիրները հիմնականում լուծել է, ցանկանում է թոռների կողքին լինել:

Գառնիում հարսների որակն այսօր որոշում են լավաշ թխելու կարողությամբ: «Ասում են թոնրի լավաշ է թխում, վաճառում, ուրեմն կարգին աղջիկ է»,- զրույցի ավարտին տեղական մտածողության առանձնահատկություններին է ծանոթացնում տիկին Իսկուհին։

0:00
0:00