ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վիրահայոց թեմի առաջնորդը հեռանալու մասին պաշտոնական հայտարարություն չի արել
2019-04-08 12:05:38

Գիտա Էլիբեկյան
«Ռադիլուր»

Վիրահայոց թեմի առաջնորդն իր հեռանալու մասին պաշտոնական հայտարարություն չի արել։ Այս մասին «Ռադիոլուր»-ին փոխանցել են թեմից՝ նկատելով, որ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն այդ մասին մտերմիկ զրույցի ժամանակ է ասել։

Ջավախեթիում լույս տեսնող Jnews լրատվականը գրել էր, որ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդի ներկայացման ժամանակ ասել է, որ սեփական ցանկությամբ լքում է զբաղեցրած պաշտոնը, վերադառնալու է Հայաստան՝ հոգևոր ծառայությունը շարունակելու Էջմիածնում։

Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը պաշտոնապես չի հայտարարում, որ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը թողնում է պաշտոնը: «Դա պաշտոնական հայտարարություն չէ։ Դեպքերը, թե ինչպիսի ընթացք կստանան, չգիտենք», - «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է թեմի մամլո խոսնակ Սուսաննա Խաչատրյանը։

Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը թեմի առաջնորդությունը ստանձնել է 2002-ին։ Դա Վրաստանի համար դեռևս դժվարին տարիներ էին, թեմում ևս հոգևոր կյանքն աշխույժ չէր, հատկապես, երբ վերջին տարիներին էլ վատառողջ էր Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանը (1972-2002)։ Անցած 17 տարիներն այսօր թեմում արգասաբեր են համարում․

«Հիմնովին վերանորոգվել են Թբիլիսիի սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի սուրբ Էջմիածին եկեղեցիները, վերաօծվել են երկրի տարածքում գտնվող 60 եկեղեցիներ։ Այսօր թեմում գործում է 10 հոգևոր, կրթական, մշակութային ու երիտասարդական կենտրոն»։

Խաչատրյանի խոսքով, թեմի առաջնորդի գործունեության տարիներին ներհամայնքային և եկեղեցական երեք կարևոր միջոցառումներ դարձել են համաքաղաքային․ Սայաթ Նովայի Վարդատոնն այսօր որպես քաղաքի մշակութային կարևոր ծրագիր եկեղեցու բակից տեղափոխվել է քաղաքի սրտում գտնվող Գորգասալիի հրապարակ։

Վազգեն եպիսկոպոսի նախաձեռնությամբ ամեն տարի սուրբ Գևորգում կազմակերպվող էկումենիկ եկեղեցիների երգչախմբերի փառատոնը ընդգրկվել է Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության ամենամյա պաշտոնական ծրագրում, իսկ հայկական տոլմայի փառատոնը քաղաքի ազգային համայնքների մշակութային ծրագրերի ցանկում է։

Թեմի մամլո խոսնակը վստահեցնում է, Վիրահայոց թեմի տեսադաշտից անցած տարիներին դուրս չի մնացել Վրաստանի հայաբնակ որևէ շրջան ու գյուղ։ Այցելություններ, մկրտություններ, հանդիպումներ։ Համայնքային կյանքը զարգացում է ապրում Վրաստանի հայաբնակ բոլոր շրջաններում ու գյուղերում:

Թեմը, սակայն, մի շարք խնդիրներ ևս ունի, որոնց ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում։ Վրաց պատրիարքարանը 7 եկեղեցիներ համարում է վիճելի, հայկական կողմը նշում է, որ վիճելի եկեղեցիներ չունեն․

Այս օրերին, ի դեպ առաջին անգամ, քննության է առնված պատմական հայկական եկեղեցին վերադարձնելու հայցը, որը վերաբերում է Թանդոյանցին։ Այն Վրաստանի կառավարությունը 2017-ին փոխանցել է վրաց պատրիարքարանին։

0:00
0:00