ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Խոսում է Երևանը. Հանրային ռադիոյի նորանշանակ գործադիր տնօրենը` անելիքների մասին
2019-04-08 17:55:11

Երբ վազում ես երկար միջանցքով, արագության զգացողությունը սրվում է: Թվում է, թե տասնյակ անգամ ավելի արագ ես: Եթե հետ չընկնես արագացող զարկերակիցդ ու ոտքերդ գցես դրան համընթաց, ապա, գուցե, հաղթահարես ձայնի արագությունն ու լսես հևոցդ, երբ արդեն տեղ ես հասել, ու շնչառությունդ կարգավորվել է: Միայն թե միջանցքը բավարար երկարություն ունենա:

Ռադիոտան 3-րդ հարկի միջանցքը 230 մանկական ցատկ է: Հայրս միջանցքի մի ծայրում էր, մայրս՝ մյուս, ուստի այստեղ ինքս ինձանից տասնյակ անգամ ավելի արագ եղել եմ առնվազն տասը հազար անգամ:

Որքան միջանցքը նեղ՝ այնքան արագության զգացումն ավելի սուր: Ու հիմա, երբ շենքը փոքրացել է, ու միջանցքները նեղացել, հևում եմ դեռ քայլ չգցած: Սրտի մկանային հիշողություն` պավլովյան շան չարձանագրված պայմանական ռեֆլեքսը:

Այստեղի տղամարդիկ նույնքան ուժեղ են, սրամիտ ու նախաձեռնող, կանայք` նույնքան սիրուն ու խելացի:

Այս տեղն ինձ դուր է գալիս:

Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր հաստիքի համալրման համար ստեղծված մրցութային հանձնաժողովը հիրավի տիտանական աշխատանք է արել: 30 ծրագիր ու ելույթ վերլուծելը կատակ բան չէ:

Երվանդ Երզնկյան,
Լևոն Գալստյան,
Մարատ Օրդյան,
Մերուժան Տեր-Գուլանյան,
Սարգիս Նաջարյան
Պարոնա՛յք, պատիվ ունեմ:


Կրճատումներով հրապարակում եմ մրցույթին ներկայացված և հաղթած հայեցակարգի նախաբանը

Փաստաթղթում «ռադիո» բառն օգտագործվում է պայմանականորեն՝ ավանդույթի ուժով, որովհետև հայեցակարգից բխող ծրագրի իրականացման արդյունքում ստացվելիք մեդիակառույցը նույնքանով է ռադիո լինելու, որքանով, ասենք, CNN-ը կաբելային ցանց է կամ TACC-ը՝ փոստհեռագրային գործակալություն:

Հանրային ռադիոհեռարձակողի համար նորություն չէ լինել ավելին, քան իր անվանման հանրագիտարանային բացատրությունն է, որովհետև ստեղծման իսկ օրվանից լրատվամիջոց լինելուց զատ և գուցե առավել՝ այն եղել է հայ ժողովրդի ձայնային հիշողության բանահավաք և պահապան, հոգևոր արժեքի լիիրավ, ինքնուրույն և ինքնաբավ արտադրող, վերջին հարյուրամյակի հասարակական-քաղաքական կոլեկտիվ գիտակցության համահեղինակ Հայաստանի ներսում, ինքնության պահապան՝ Սփյուռքում և քաղաքակրթական մեր մոդելի արտահանող՝ հարևան ժողովուրդների համար:

Անվանման հանրագիտարանային բացատրությունից ավելին լինելու տասնամյակների ավանդույթի ուժով Հայաստանի հանրային ռադիոհեռարձակողն այսօր խնդիր ունի վերաիմաստավորվելու և վերագործարկվելու բոլոր ուղղություններով՝ ներառելով բոլոր առկա և հեռանկարային ձևաչափերն ու գործիքները, հասնելով գործառույթների կոնվերգենցիայի այնպիսի աստիճանի, որը «ռադիո» բառը վերջնականապես կվերածի պայմանականության:

Այս հայեցակարգի և դրա հիման վրա մշակվող ծրագրի նպատակը երկրի տնտեսական, հասարակական-քաղաքական, հումանիտար-մշակութային կյանքում հանրային ռադիոհեռարձակողի դերի շեշտակի բարձրացումն է՝ իրեն ֆինանսավորող հասարակությանը համաշխարհային որակի մեդիածառայություններ մատուցելու, երկրի զարգացմանն ուղղված  հանրային դիսկուրսում համակարգաստեղծ գործոնի վերածվելու,    տասնամյակների ընթացքում կուտակված մտավոր և ոգեղեն ժառանգությունը հանրության համար բացելու, այդ ժառանգությունը պատշաճ համալրելու համար անհրաժեշտ էկոհամակարգ ձևավորելու, մեր երկիրը հարևանների և աշխարհի համար առավել ընկալելի դարձնելու միջոցով:

Ծրագրի բարեհաջող ընթացքի արդյունքում հանրային ռադիոհեռարձակողը պետք է ոչ միայն դառնա աուդիո, վիզուալ, տեքստային և մուլտիմեդիա բովանդակության հայալեզու տեղեկատվական դաշտի առաջատար մատակարարներից մեկը, այլև սահմանի նոր նշաձող և իր ազդեցությամբ հանդես գա իբրև լոկոմոտիվ դաշտի այլ խաղացողների համար:

Լրատվամիջոցին հատուկ զինանոցի հետևողական գործադրման միջոցով հանրային ռադիոհեռարձակողը պետք է կարողանա հավաքել երկրի բովանդակ մտավոր ներուժն ազգային-պետական օրակարգի շուրջ և, անդադար մտագրոհի ռեժիմում աշխատելով, նպաստել պետական քաղաքականության և ռազմավարությունների ձևավորմանը՝ դառնալով հասարակական-քաղաքական դիսկուրսի հարթակներից ամենահեղինակավորը:

Այս հայեցակարգի գործադրումը կվերանայի հանրային ռադիոհեռարձակողի «ոսկե ֆոնդի»՝ Հայաստանի ռազմավարական ինստիտուցիոնալ հիշողության կարևորագույն հատվածը պահպանող շտեմարանի դերը երկրի կյանքում: Արխիվի թվայնացումը պետք է վերջապես հասցվի ավարտին, իսկ պարունակությունը՝ սկսած երաժշտության, գրականության և դրամատուրգիայի բացառիկ ձայնագրություններից, վերջացրած քաղաքական բովանդակություն ունեցող աուդիոփաստաթղթերով ամենահարմարավետ ձևով դառնա հասանելի բոլորի համար: Ժապավենների թանգարանից արխիվը կվերածվի հայ ժողովրդի պատմության անընդհատ համալրվող աուդիոմատյանի և իր ստեղծած ու դեռ ստեղծվելիք մշակույթի պահպանության և օգտագործման ամենահուսալի գործիքի:

Հայեցակարգը ենթադրում է հանրային ռադիոհեռարձակողին պատկանող աուդիոձայնագրման բացառիկ ենթակառուցվածքի օգտագործման և զարգացման ռազմավարության բարելավում: Տեխնիկական և կոնստրուկտիվ իմաստով ազգային հարստություն հանդիսացող այդ ենթակառուցվածքը պետք է ծառայի հայկական երաժշտական արվեստի զարգացմանը: Արտադրական հզորությունները և դրանցից օգտվելու մեխանիզմները պետք է ուղղակիորեն  խրախուսեն սիմֆոնիկ, դասական, հոգևոր, ազգագրական, ժող գործիքների ասպարեզում հանդես եկող ստեղծագործողներին, նպաստեն նրանց արվեստի հանրահռչակմանը և դարձնեն այն առավել մրցունակ:  

Այս հայեցակարգի գլխավոր նպատակներից մեկը հանրային ռադիոհեռարձակողն իրապես համահայկական կառույցի վերածելն է: Ներկայում Սփյուռքում գործում է շուրջ 40 հայկական ռադիոկայան և ռադիոժամ, որոնց հարաբերությունները ցանցակենտրոն կառուցվածքի բերելով և փոխգործակցության արդյունավետ ձևաչափեր ներդնելով՝  հնարավոր կլինի հասնել համաշխարհային մեդիադաշտում ազդեցության սկզբունքորեն նոր մակարդակի: Հանրային ռադիոհեռարձակողը պետք է խրախուսի Սփյուռքում գործող կայանները և ջանք չխնայի աշխարհում հայկական գործոնն ամրապնդելու համար:

Հայեցակարգի գործադրման արդյունքում կվերանայվի ընդհանուր մոտեցումն արտասահմանյան լսարանի համար նախատեսված ծրագրերի արտադրությանը: Ծրագրային նոր քաղաքականության հիմքում պետք է նախ և առաջ դրվի Հայաստանի հարևան չներկայացված ժողովուրդների նկատմամբ հայ ժողովրդի պատմական քաղաքակրթական պատասխանատվության ճանաչումը և նրանց ազգային ինքնության պահպանման կենսական անհրաժեշտությունը: Ոչ պակաս կարևոր է համաշխարհային մեդիադաշտում դիրքերի ամրապնդումը՝ միջազգային շփման առաջատար լեզուներով մրցունակ բովանդակության ստեղծումը  և տարածումը:

Սա այն հայեցակարգի նախաբանն է, որը պետք է արագորեն վերածվի իրատեսական և չափելի ծրագրիՀանրայինի հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ունկդիրներ և բոլոր նրանք, ում սա հետաքրքիր է, շատ ուրախ կլինեի, եթե այս հոդվածն ընդունեիք նախ և առաջ որպես միասին աշխատելու և հաղթելու հրավեր: Ժամանակն է, որ մեր երկրի հանրային ռադիոհեռարձակողը գրավի իր տեղը աշխարհի մեդիայի ծանրքաշայինների լիգայում:

Խոսում է Երևանը: Ժամը կարևոր ու հետաքրքիր փոփոխությունների ժամն է