ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երբ եւ որտեղից են կորել պատկերասրահի կտավները
2019-04-08 18:15:59

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

626 անուն մշակութային արժեքներ, որ գնահատված են 120 մլն 250 հազար դրամ՝ անհետացել են. 626-ից երկուսն ամենաարժեքավորներն են՝ Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող 60 միլիոն դրամ արժեքով «Հայֆիլհարմոնիայի դահլիճ» և Հովհաննես Զարդարյանի վրձնին պատկանող 2 միլիոն դրամ արժեքով «Վերածնունդ» գեղանկարները:

Պատմությունը մի քանի կողմ ունի՝ բոլորն էլ իրենց հստակ պարզաբանմամբ: Երբ, ինչպես, որտեղ են անհետացել նմուշները Քննչական կոմիտեն կզբաղվի:

Անցած շաբաթ-կիրակի ուշադրությունը Ազգային պատկերասրահի նկատմամբ կտրուկ մեծացավ. մամուլը գրեց՝ Ազգային պատկերասրահից արվեստի 600-ից ավելի նմուշ է անհետացել՝ 120 միլիոն դրամ ընդհանուր արժեքով, դրանց թվում՝ «Հայֆիլհարմոնիայի դահլիճ» գեղանկարը, Սարյանի կտավները և այլ գործեր:

Ինֆորմացիան արդեն բուռն քննարկվում էր, երբ Ազգային պատկերասրահից շտապեցին հանդես գալ պաշտոնական պարզաբանմամբ.

«Նախորդ օրը մամուլում և հեռուստաընկերություններում տեղ գտած և մեծ աղմուկ բարձրացրած հրապարակումներն այն մասին, որ իբրև թե Հայաստանի ազգային պատկերասրահից թանկարժեք կտավներ են անհետացել, չի համապատասխանում իրականությանը:
Հրապարակումներում տեղ գտած տեղեկատվությունը վերաբերում է «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿին, որը 2016 թվականին լուծարվել և միացվել է Հայաստանի ազգային պատկերասրահին: Նախկին «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿի ֆոնդերի փաստացի առկայության ստուգման և հաշվառման աշխատանքներն ընթացքի մեջ են: Փաստացի առկայության ստուգման ընթացքում հայտնաբերված բացակայող առարկաների մասին Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրինությունը տեղեկացրել է վերադաս լիազոր և իրավապահ մարմիններին, ինչի հիման վրա էլ հարուցվել է քրեական գործ:
Հարգելի լրագրողներ որևէ նյութ հրապարակելիս խնդրում ենք չգայթակղվել սենսացիոն վերնագրեր օգտագործելու հնարավորությունից, ցուցաբերել մասնագիտական բարձր ունակություններ, չզբաղվել զազրախոսությամբ և զերծ մնալ Հայաստանի Մայր թանգարանի՝ Հայաստանի ազգային պատկերասրահի անունն անհարկի շահարկելուց ու չփորձել մոլորեցնել մեր հասարակությանը»:

«Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿի նախկին տնօրեն Խաչատուր Աբրահամյանը «Ռադիոլուրին» փոխանցում է՝ անհետացած նմուշները գրանցված են եղել որպես առկա գույք, բայց դրանք ինքն անգամ չի տեսել, ասում է՝ խորհրդային տարիներից այդ նմուշները չկան:

Հարցին՝ արդյո՞ք բարձրաձայնվել է խնդիրը, մինչև Ազգային պատկերասրահին միավորվելը՝ Աբրահամյանը վստահեցնում է, որ այո՝ շարունակելով փոխանցում,  հարցով արդեն իր իրավաբանն էլ զբաղվում:

«Ասվածից այնպիսի տպավորություն է, թե իմ տնօրինության օրոք են կորել նմուշները, ինչն իրականությանը չի համապատասխանում»:

Դեպքի առթիվ ապրիլի 3-ին քրեական գործ է հարուցվել, որն էլ նախաքննության փուլում է: Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են՝ մշակույթի նախարարի և «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամաններով ստեղծվել է հանձնաժողով՝ «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնված գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնելու նպատակով, սակայն նշված աշխատանքները չեն կատարվել:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության  դատախազ Կարապետ Հակոբյանն ասում է՝ այս պահին չգիտեն՝ խնդիրն ում է վերաբերվում:

«Քանի որ այդ աշխատանքները չէին իրականցվել, մենք մեր նախաձեռնությամբ հաղորդում ներկայացրեցինք մշակույթի նախարարին՝ կատարելու օրենքի պահանջը, այն է իրականացնել գույքի հանձման-ընդունման աշխատանքները»:

Ազգային պատկերասրահից մեր հարցին, թե 2016-ին «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿի հետ միացման ժամանակ ՊՈԱԿ-ի գույքի ցանկում նշված նմուշները եղե՞լ են, թե՞ ոչ, պատկերասրահից մեր զանգերն ու հաղորդագրությունը մնացին անպատասխան:

Բազմակողմ այս պատմության մեջ բոլոր կողմերը շտապում են ուշադրությունը հենց իրենց  վրա կենտրոնացնել՝ բարձրաձայնելով, որ արվեստի նմուշները հենց  իրենց չեն հասել:

Դեռ չկան փաստեր, թե որտեղ, երբ ու ինչպես են անհետացել նմուշները, փոխարենը  կա երկու հստակ փաստ. վերջիններս որպես առկա գույք գրանցված են եղել և անհետացել են, երկրորդ՝ անհետացած նմուշների ճակատագրով կզբաղվի Քննչական կոմիտեն:

0:00
0:00