ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պատմական իրադարձություն՝ Արցախում
2019-04-08 18:52:49

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

 

Երեկ Ստեփանակերտում հիրավի պատմական իրադարձություն էր. տեղի ունեցավ  Արցախի մայրաքաղաքի` Սուրբ Աստվածամոր Հովանի առաջնորդանիստ տաճարի օծումն ու անդրանիկ պատարագը: Եկեղեցու հիմնարկեքը Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հանդիսապետությամբ  13 տարի առաջ էր` Քրիստոսի Պայծառակերպության տոնին: Նորակառույցի օծաման արարողությունն ու առաջին պատարագը եւս մատուցվեց  Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ:

Ստեփանակերտի շրջակա գյուղերում, որ հիմա մայրաքաղաքի մի մաս են, եկեղեցիների հինավուրց հիմքեր կան, բայց քաղաքի կենտրոնական մասում հայկական հին եկեղեցու տեղադրության հարցն առայսօր բանավեճի նյութ է: Մեր ժամանակներում առաջին եկեղեցին կառուցվեց մոտ 15 տարի առաջ`քաղաքի հյուսիսային կողմում:

Փոքրիկ բազիլիկ Սուրբ Հակոբ եկեղեցին ամեն կիրակի  ու տոնական օրերին իր կամարների տակ է հավաքում հավատացյալ ժողովրդին։ Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հաստատում է հոգեւորականներին. Սուրբ Հակոբը վաղուց չէր տեղավորում հավատացյալ  ժողովրդին: Առաջնորդանիստ  տաճարն այսօր  Արցախի ամենամեծ եկեղեցին է, սակայն երեկ այն էլ ի զորու չէր  իր հարկի տակ տեղավորել բոլորին` թե ստեփանակետցիներին, թե Արցախի հյուրերին, որ եկել էին հատուկ տաճարի բացմանն ու  առաջին պատարագին մասնակցելու համար։ Այն համընկել էր Աստվածամոր ավետման տոնին:

Ստեփանակերտի առաջնորդանիստ` Սուրբ Աստվածամոր հովանի եկեղեցու հիմնարկեքը 13 տարի առաջ էր: Այն կառուցվեց հիմնականում նվիրատվությունների շնորհիվ:Սուրբ Աստվածամոր Հովանի առաջնորդանիստ  եկեղեցու ճարատարպետ Գագիկ Երանոսյանն ու կոնստրուկտոր  Անդրանիկ  Պողոսյանը յուրահատուկ կառույց են համարում: Տաճարի օծումը եւ առաջին պատարագը մատուցվեց  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ: 

Ամենայն հայոց կաթողիկոսը խոսեց տաճարի կառուցման մասին ու  օծման կապակցությամբ  ընծայեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Տիրոջ Սուրբ Ծննդյան պատկերով կտավ:
Երկարամյա հոգևոր ծառայության և վաստակի գնահատանքով Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին Վեհափառ Տիրոջ կողմից շնորհվեց եպիսկոպոսական պանաքե:

Տաճարի կառուցման գործին բերած աջակցության, եկեղեցանպաստ գործունեության համար ՀԱԵ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, պատվո բարձրագույն շքանշանի արժանացան Կարեն և Միքայել Վարդանյանները:

Վարդանյանների ընտանիքը մոտ 450 հազար դոլար էր նվիրաբերել եկեղեցու շինարարության համար:  Օր առաջ Արցախի նախագահը բարերար Հրանտ Վարդանյանին հետմահու պարգեւատրել էր «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

Արցախի թեմի առաջնորդը Վեհափառ հայրապետին նվիրեց մի յուրահատուկ սրբություն՝ Ծիրանավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հնագույն արծաթե սկիհը: Մայր Աթոռի միաբանների և հոգևոր դասի մասնակցությամբ պատարագի ավարտին տրվեց սուրբ հաղորդություն: Նորաօծ տաճարի բակում ուրախությանն ու հրճվանքին միախառնվել էին շնորհավորանքի, բարեմաղթանքի և օրհնության խոսքերը: Բազմաթիվ հյուրերի համար այսօր Արցախը նորովի բացահայտվեց:

Սուրբ Աստվածածնի Հովանի մայր տաճարի տրամագիծը հիմքում 30 մետր է, բարձրությունը՝ 35 մ., խաչի բարձրությունը՝ 3 մ., ներքնահարկի կամակարակապ դահլիճի բարձրությունը՝ 6մ.: Արցախի պատմական թեմի վերաբացումից հետո վերականգնված, հիմնանորոգված և նորակառույց եկեղեցիների շարքում մայրաքաղաքի մայր տաճարը թվով 90-րդն է:

0:00
0:00