ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Խոշտանգումներ ու բռնություններ բանակում. ինչպես բարեփոխել իրավիճակը
2019-04-08 19:16:47

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»


Խոշտանգումներ և բռնություններ բանակում. ինչպե՞ս բարեփոխել իրավիճակը: Այս խորագրով քննարկման ժամանակ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն այսօր նշել է, թե վերջին շրջանում այն ինչ տեսնում ենք մի բան է՝ ՊՆ-ն ամբողջությամբ խուսափում է պատասխանատվությունից եւ բացարձակ անտարբերություն է դրսեւորում խոշտանգումների եւ բռնությունների հետ կապված գործերով:

ՊՆ-ից «Ռադիոլուր»-ին հայտնել են, որ բացարձակապես չեն կիսում նման գնահատականները եւ համարում են, որ դրանք պարզապես անտեղյակության արդյունք են:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ բանակում խոշտանգումների, բռնությունների հետ կապված խնդիրները շատ են:

Նա խոսեց կոնկրետ մեկ-երկու օրինակ բերելով, ապա  կարծիք հայտնեց, որ խնդիրները լուծելը դժվար չէ, եթե կամք դրսեւորվի. «Ինչը մենք չենք տեսնում: Ամեն ինչ կոծկվում  է»:

Իրավապաշտպանի գնահատմամբ անպատժելության մթնոլորտն էլ շարունակում է մնալ, որի հիմքում քննչական մարմինների աշխատանքն է, որոնք չեն բացահայտում հանցագործությունները:   

«Անպատժելիությունը պահպանվում է բանակում եւ դրան նպաստում են նաեւ քննչական  մարմինները»:

Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արա Ղարագյոզյանի խոսքով՝ եթե անպատժելիություն է տիրում դժվար է սպասել, որ կնվազեն խոշտանգումների եւ բռնությունների դեպքերը:

Ժաննա Ալեքսանյանը կարծում է, որ որքան մեծ լինի բանակ-հասարակություն կապը, այնքան բանակի առողջացման ուղիները շատ կլինեն: Մինչդեռ, ըստ նրա, թափանցիկությունը, հաշվետվողականությունն ու երկխոսությունը գնալով թուլանում են:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում շատ հակիրճ արձագանքելով ՊՆ հասցեին հնչած մեղադրանքներին՝ շեշտեց, որ ամենեւին էլ համաձայն չէ տրված գնահատականների հետ, որոնք համարում է պարզապես անտեղյակության արդյունք:

ՊՆ վիճակագրության համաձայն՝ 2018 թվականին, ի տարբերություն 2017-ի, բանակում մահերի եւ ինքնավնասումների դեպքերը նվազել են: Քանակը, սակայն,  ՄԻՊ գրասենյակի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ռազմիկ Մարիկյանի գնահատմամբ, շարունակում է մնալ խիստ մտահոգիչ:

ՄԻՊ գրասենյակն իր զեկույցում նաեւ առաջարկներ է ներկայացրել ՊՆ-ին՝ դեպքերը կանխելու համար:


0:00
0:00