ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Տեղեկատվական թյուրըմբռնո՞ւմ, թե՞ պրովոկացիա
2019-04-09 13:05:53

Նորագավիթի մաքսատանը լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱԺ-ում մարդու իրավունքների հարցերով լսումների ժամանակ երեկ տեղի ունեցած միջադեպին՝ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին: Նա ասել է, որ պահվածքը, որ ցուցաբերել է ԱԺ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը, ընդհանրապես, կասկածի տակ է դնում մարդու իրավունքների վիճակը:

Վարչապետը նշել է, որ ԱԺ լսումներին հրավիրյալների ցուցակը ստորագրել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը.

««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պետք է ընդհանրապես մտածի՝ իրենց ներկայացրած Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահն արդյո՞ք Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է և ինքն ընդհանրապես համապատասխանո՞ւմ է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշներին: Թե՞ ամբողջ խնդիրն այն է, որ կազմակերպեն պրովոկացիա և փորձեն թիրախներն ուղղել «Իմ քայլը» խմբակցության դեմ»:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն արձագանքել է վարչապետին: Խմբակցության կարճատև նիստից հետո պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ իրենց գնահատականով Նաիրա Զոհրաբյանը ունի բոլոր անհրաժեշտ մասնագիտական որակները, որպեսզի իրականացնի կանոնակարգով սահմանված գործառույթները:

«Մենք, իհարկե, ծանոթ ենք վարչապետի հայտարարությանը, բայց կարծում ենք, որ կա՛մ տեղեկատվության թյուրըմբռնում կա, կա՛մ ամբողջապես վարչապետը չի տիրապետում ինֆորմացիային, միգուցե, որովհետև Նաիրա Զոհրաբյանը կանոնակարգով սահմանված իր բոլոր գործառույթներն իրականացրել է հավուր պատշաճի»,- ասել է Ի.Տոնոյանը:

Նա նշել է, որ շրջանառվող փաստաթուղթը, որի մասին խոսել է նաև վարչապետը, ընդամենը անվտանգության աշխատակիցներին տրամադրված մասնակիցների ցանկն է, որոնք գրանցվել են առցանց եղանակով: