ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են խոսել Փաշինյանն ու Ալիևը Վիեննայում
2019-04-09 17:43:48

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Ինչ են խոսել Փաշինյանն ու Ալիեւը մարտի 29-ին Վիեննայում հանդիպման ժամանակ: Այս հարցը հետաքրքրում է խորհրդարանական բոլոր ուժերին, բայց վարչապետը երեկ ուշ երեկոյան դռնփակ հանդիպում ունեցավ խորհրդարանական երեք ուժերից միայն մեկի՝ մեծամասնության ներկայացուցիչների հետ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումը ծրագրված էր վաղուց, սակայն անընդհատ հետաձգվում էր վարչապետի աշխատանքային զբաղվածության պատճառով:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն անձամբ վարչապետից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Երեկ ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը գնացել էր խորհրդարան եւ գրեթե երկու ժամ տեւողությամբ դռնփակ հանդիպում ունեցել խորհրդարանական մեծամասնության հետ: Հանդիպումից հետո լրագրողների համար մի քիչ  փակագծեր հենց նա բացեց. 

« Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից: Սա շատ կարեւոր նրբություն է: Ստեփանակերտի ամբողջ օրակարգը քննարկվել է Վիեննայում: Արդյունավետ ասելով մենք ի՞նչ էինք ակնկալում: Քանի դեռ Ղարաբաղի հարցը չի կարգավորվել որեւէ բանակցություն արդյունավետ չէ, եթե այս տրամաբանությամբ նայենք»:

«Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեռ սպասում են: Վիեննայի գործուղումից հետո վարչապետի հետ հանդիպելու առաջարկ-նամակների պատասխանը դեռ չեն ստացել՝ հաստատում են երկու խմբակցությունների քարտուղարները՝ Արման Աբովյանն ու Գեւորգ Գորգիսյանը: «Բարգավաճ Հայաստանը» միայն վարչապետի հետ հարցուպատասխանով չի սահմանափակվում, ակնկալում են ավելի մեծ ձեւաչափով հանդիպում, կրկին դեռնփակ՝ ասում է Արման Աբովյանը:

« Պետք է լինի ընդհանուր՝ Աժ բոլոր խմբակցությունների, պաշտպանության նախարարի, արտգործնախարարի, Արցախի մեր գործընկերների մասնակցությամբ: մենք նամակ ենք ուղարկել Արարտ Միրզոյանի անունով, սպասում ենք, որ պատասխանի»:
 
Արցախյան հիմնախնդրին առնչվող դռնփակ քննարկման մեծ ձեւաչափն ընդունելի է նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության համար: Այստեղ չեն շտապում, քաղաքական ուժի ղեկավար Էդմոն Մարուքյանը գործուղման է մեկնել Ստրասբուրգ՝ ասում է խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

«Խորհրդարանը նաեւ խորհրդարանական դիվանագիտության սուբյեկտ է եւ շատ կարեւոր է, որ միջազգային հարթակներում հնարավորինս ճիշտ բառապաշարով եւ ճիշտ մոտեցումներով մենք դիրքավորվենք»:

Պատգամավորները չեն կարծում, որ «դռնփակ հանդիպում» ձեւակերպումը հնարավոր է քաղաքացիների մոտ որոշ մտահոգություններ եւ կասկած առաջացնի: 

Փաշինյանի փոխանցմամբ՝ Ալիեւի հետ հանդիպմանը նա կրկին առաջ է քաշել խաղաղության օրակարգը: Ի՞նչ է ենթադրում հանդիպումից հետո հայտարարությունը, թե մարդասիրական քայլերի շուրջ որոշակի համաձայնություն կա: Մի քանի օրինակ. լսենք հենց վարչապետին.

« Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք երկուստեք երաշխավորել գյուղացիական աշխատանքների անվտանգությունը: Մենք պատրաստ ենք երաշխավորել, որ մեր զորքերը որեւէ քաղաքացիական անձի վրա չեն կրակի՝ առավել եւս գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող: Եթե Ադրբեջանը վերահաստատի պատրաստակամությունը, սա կարող ենք անել»:

Մարդասիրական մեկ այլ հնարավորությունը կապված է գերիների հետ: Այստեղ առաջին հերթին հարցականի տակ է շահառուների դիրքորոշումն ու ցանկությունը: Խոսքը՝ գերության մեջ գտնվող իրենց հարազատների տեսակցության հնարավորության մասին է:

« Կարծում եմ, որ մենք հիմա շատ մոտ ենք, որ այդ հնարավորությունը ստեղծվի, բայց նաեւ մենք չգիտեն, այդ ընտանիքները եւ Ադրբեջանի կողմից, եւ մեր կողմից կցանկանա՞ն այդ հնարավորությունից օգտվել, թե ոչ: Ես չեմ բացառում, որ ինչ-ինչ պատճառներով ուղղակի չցանկանան այդ հնարավորությունից օգտվել: Ոչ թե քաղաքական, այլ ուղղակի անձնական, հասկանալի է, դա հեշտ որոշում չի»:

Իշխող ուժը վարչապետի գլխավորությամբ հորդորում է թե «դրսում» եւ թե պետության ներսում խաղաղության օրակարգը չշփոթել թուլության հետ, հարկ եղած դեպքում պետությունը միանգամից կօգտվի պաշտպանության նախարարի վերաձեւակերպած «Նոր պատերազմ նոր տարածքներ» բանաձեւից: Իսկ ընդհանրապես Փաշինյան-Ալիեւ վերջին հանդիպման դրական մթնոլորտը՝ տարածված հայտարարության միջոցով ընդգծել են նաեւ ԵԱՀՄ ՄԽ համանախագահները:  

0:00
0:00