ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քաղաքական բոլոր ուժերի կարգախոսները դեռ հայտնի չեն
2018-11-17 16:09:45

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն եւ 2 դաշինք: Նրանք, սակայն, դեռ չեն շտապում հանրությանը ներկայացնել, թե ի՞նչ կարգախոսով են մասնակցելու ընտրություններին: Տասը օրից էլ կմեկնարկի նախընտրական քարոզարշավը։

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցում են «Իմ քայլը», «Մենք» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Լուսավոր Հայաստան», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում», «Ազգային Առաջընթաց», «Օրինաց երկիր», «Հանրապետական» եւ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները։

8 օրից մեկնարկելու է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Այս պահին կուսակցությունները և դաշինքները զբաղված են իրենց նորովի ներկայացնելու տարբերակներ որոնելով: Վերջիններս չեն շտապում եւ իրենց կարգախոսներն ու քարոզարշավը յուրովի սկսելու տարբերակներ են փնտրում:

Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած, մեր հանրությանը ոչ այդքան հայտնի «Ազգային առաջընթաց» կուսակցություննը միակն է, որ իր կարգախոսը ներկայացրել է իր համամասնական ցուցակը հրապարակելու հետ միաժամանակ: Կուսակցության գլխավոր կարգախոսներն են՝ «Երկիրը կառուցելու ժամանակն է, ազգային առաջընթաց», «Նոր իրավիճակ, նոր լուծումներ»:

Իշխող կուսակցությունից օրերս լուրեր տարածվեցին կարգախոսի վերաբերյալ: ՔՊ-ական պատգամավորներից ոմանք հաստատեցին այդ լուրերը, որ իրենք քարոզարշավին մասնակցելու են «Նիկոլ, վարչապետ» կարգախոսով։ Մասնավորապես, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասել էր:

Չնայած այս հայտարարությանը, ՔՊ կարգախոսի վերաբերյալ սոցցանցերում տարակարծություններն ու տարբեր գնահատականները ստիպեցին մտածելու նոր կարգախոսի մասին: Կուսակցության մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ դա ընդամենը քննարկված տարբերակներից մեկն է: «ՔՊ» մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը հայտարարեց, որ դեռ ոչինչ որոշված չէ:

Նույնպսիսի հայտարարություն լրագրողների հետ ճեպազրույցում արեց Արայիկ Հարությունյանը:


Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի բոլոր կոմպոնենտներն էլ լինելու են քարոզչական հնարքների շրջանակում՝ հավելեց ՔՊ կուսակցության ներկայացուցիչը:

Կարգախոսների հարցով այս պահին, թերեւս, ամենահստակը ԲՀԿ-ում է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն այս տարի եւս ընտրություններին կմասնակցի՝ «Մեր խոսքը գործ է», «Հավատա, վստահիր, պահանջիր» կարգախոսներով, որոնք կուսակցությունն օգտագործել էր մի քանի տարի առաջ: Այս մասին արդեն հայտարարել է կուսակցության պատասխանատու ներկայացուցիչներից Նաիրա Զոհրաբյանը:

Բացի կուսակցական հիմնական կարգախոսներից, Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ, ինքը՝ որպես առաջադրված թեկնածու, իր համար ընտրել է նաեւ առանձին կարգախոս:


«Միասին կառուցենք մեր նոր Հայաստանը: Որովհետեւ հեղափոխությունը ինձ համար բարձրագույն ձեռքբերում է եւ այդ հեղափոխությունը պիտի կապիտալիզացվի տնտեսական լրջագույն բարեփոխումներով, որպեսզի մեր քաղաքացին ապրի արժանապատիվ Հայաստանում»: 

Որոշ աղբյուրների համաձայն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար իր կարգախոսն ընտրել է նաեւ ՀՅԴ-ն: Դաշնակցությունը, կարծես թե, մտադրված է  այս ընտրություններում քաղաքացիներին ներկայանալու «Հավատարիմ հային և հողին» կարգախոսով: ՀՅԴ ԳՄ-ից, սակայն, կարգախոսի հրապարակայնացման հարցում չեն շտապում:

ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն, օրինակ, հայտնել է, որ կարգախոսը որոշված է, բայց հրապարակման ենթակա չէ: Այս օրերին ՀՅԴ-ում քննարկում են քարոզարշավի մեկնարկի նրբությունները՝ որոշակի հստակ ակնկալիքներով: ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն, օրինակ, ցանկանում է քաղաքական տրամաբանությամբ քարոզարշավ տեսնել։

Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունում արդեն որոշել են, որ իրենք քարոզարշավը վերածելու են գաղափարախոսությունների պայքարի: Այս մասին հայտարարել է կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը։


ՀՀԿ-ից էլ առաջարկում են սպասել ևս մի քանի օր՝ մինչև իրենց կարգախոսը պարզ կլինի: 
Մյուս 5 քաղաքական ուժերը եւս դեռ չեն կողմնորոշվել այս հարցում եւ նրանք նույնպես կարգախոսի վերաբերյալ քննարկումներ են ծավալում ու առայժմ, ոչինչ հստակ չէ։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է նոյեմբերի 26-ից: 

0:00
0:00