ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բնակիչները պահանջում են տարածքները բարեկարգել ու հանձնել համայնքին
2019-04-10 13:39:45

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Արզումանյան 10, 12 շենքերի բնակիչներն ահազանգում են, որ իրենց բակի համայնքային սեփականություն հանդիսացող այգին վաճառվել է: Վաճառողներն էլ՝ քաղաքային նոր իշխանությունն է: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը պնդում է, որ իր իշխանության օրոք ոչ մի կտոր հողի վաճառքի գործարք չի կատարվել:

«Արզումանյան 10 շենքը վթարային է և բնակիչները խնդրեցին, որ այդ բակից չտեղափոխվելու համար այդ հողատարածքում կառուցեն իրենց շենքը: Այնուհետև թաղապետն ասեց, որ այդ հողակտորը վաճառված է: Ասեցինք ո՞նց, ասեց այո, բայց հեսա կճշտեմ: Եվ համակարգչով նայեց ու ասեց, հա վաճառված է»,-ասում են նրանք:

Արզումանյան 4 շենքի բնակիչները հավաքվել էին և պահանջում էին քաղաքապետարանի ու թաղապետարանի ներկայացուցիչների հետ հանդիպում հենց տեղում, սակայն կառույցներից ոչ ոք չէր արձագանքել: Փոխարենը բնակիչներին էին հրավիրել թաղապետարան, նրանք էլ մերժել էին:

«Բնակիչների հետ խոսեցինք, բնակիչներն էլ ասացին, որ մենք իրենց ընտրել ենք իշխանություն, իսկ իշխանությունը պետք է ծառայի ժողովրդին, ոչ թե նստի կաբինետում ու ժամ նշանակի հանդիպման»:

«Ռադիոլուրը» զրուցեց նաև Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանի հետ: Վերջինս նշեց, որ իրենք հողի վերաբերյալ որևէ տեղեկություն քաղաքացիներին անմիջապես տրամադրել չէին կարող, քանի որ վարչական շրջանը չունի կադաստրային բազա: Ամեն մի տարածքի համար հարցում են ուղարկում Կադաստրի պետական կոմիտե: Այս տարածքի կարգավիճակի վերաբերյալ կադաստրի պետական կոմիտեի պատասխանը կստանան հինգշաբթի օրը.

«Ես նման բան միանշանակ չեմ կարող ասել, քանի որ նման ինֆորմացիայի չեմ տիրապետում: Այդտեղ ես ասել եմ, որ չի կարող շենք լինել, քանի որ այդտեղ այգի է: Կլինի բնակելի շենք, թե ցանկացած կառույց , մենք դեմ ենք այգիներում, կանաչ տարածքներում բետոնապատման աշխատանքներ իրականացնելուն:

Բաբայանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարումից՝ նախորդ տարվա նոյեմբերից մինչև հիմա վարչական շրջանում տարածքները տրվել են միայն վարձակալության, ոչ մի կտոր հող չի վաճառվել: Իսկ Արզումանյան շենքի բնակիչներն էլ ցույց տվեցին դեռևս նախորդ քաղաքային իշխանության կողմից նշված տարածքը հանրային սեփականություն ճանաչելու 2017 թվականի որոշման փաստաթուղթը.

«ՀՀԿ-ին էինք դիմել բնակիչներով: Թղթի մեջ գրված է, որ այստեղ լինելու է խաղահրապարակ և այգիներ: Բոլոր ցանկապատերը բացվելու են: Մենք դրան կողմ ենք»:

Բնակիչների պահանջը մեկն է՝ վերացնել բնակիչների կողմից սեփականություն դարձրած տարածքները և այն բարեկարգել ու հանձնել համայնքին: Դժգոհությունների սլաքն ուղղվեց նաև բնակիչներից մեկի կողմը, ով տարիներ շարունակ բարեկարգել ու մաքրել է տարածքը, իսկ վերջում, ըստ հարևանների, հայտարարել, որ հողն ունի վարձակալ, և որ նա Արթուր Մեսչյանի բարեկամն է: Տարածքը բարեկարգող կնոջ դուստրը՝ Էվա Խաչատրյանը, անհիմն խոսակցություններ որակեց բնակիչների դժգոհությունները.

«Մարդիկ նշում են, որ դա սեփականաշնորհված է; Եվ դժվար չէ պարզել դա այդպե՞ս է, թե՞ ոչ: Իսկ եթե նրանք չեն կարողանում դա պարզել, դա նշանակում է, որ սա սուտ, իրենց կողմից հորինված գործունեություն է: Իրենց աչքը ծակում է, որ այդտեղ ինչ որ մեկը տիրություն է անում և մտավախություն ունեն, որ դա կարող է իրենցն է:

Արզումանյան շենքի բնակիչը դեմ չէ տարածքը հանրային դարձնելու գաղափարին և պնդում է, որ հանրային սեփականություն դառնան բոլոր այն տարածքները, որոնք ժամանակին նույն շենքերի բնակիչների կողմից «սեփականացվել են» որպես ավտոտնակ կամ հանգստի գոտի:

0:00
0:00