ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մարաղայի կոտորածները՝ բաց դաս հետևություններ անելու համար
2019-04-10 16:57:09

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

27 տարի առաջ՝  1992-ի ապրիլի 10-ին, Ադրբեջանը կոտորածներ կազմակերպեց Մարաղա գյուղում: Կա հանցագործություն և կան հանցագործներ, բայց  առ այսօր չկա պատիժ: Այսօր կան միայն Մարաղայի դասերը և ընտրության հնարավորություն. Դրանք սերտե՞լ, թե՞ շարունակել ջայլամի քաղաքականությունը:

«Դա նման էր Գողգոթայի». բարոնուհի Քերոյալն Քոքսը հենց այսպես է բնորոշել Մարաղայի ողբերգությունը: 1992 թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի հատուկ ջոկատայինները գրոհեցին Արցախի Մարաղա գյուղը՝ իրականացնելով խաղաղ բնակչության կոտորածներ, իսկ մի մասին էլ գերեվարեցին Ադրբեջան։

Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացված ռազմական ագրեսիան ուղեկցվել է մարդկային տրամաբանությունից դուրս դաժանություններով, սակայն նույնիսկ դրանց ֆոնին Մարաղայի ողբերգությունն առանձնանում է:

Հայկական Մարաղան այսօր էլ շարունակում է մնալ Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ նախկին մարաղացիները փորձում են իրենց վերածնունդը գտնել նոր Մարաղայում։ Այստեղից շատ հստակ երևում են կորցրած ծննդավայրի ավերակները: Մարաղայի ողբերգությունը, որը Քերոլայն Քոքսը ժամանակին որակել էր մարդկության դեմ գործած հանցագործություն, առ այսօր չի ստացել իր համարժեք գնահատականը ոչ միջազգային հանրության կողմից, ոչ էլ իրավական հարթության մեջ:

Մեզ համար Մարաղան այսօր ընդամենը բաց դաս է, որից կարող ենք հետևություններ անել: Այդպես է կարծում ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:

«Որպես շարունակվող ցեղասպանության հերթական դրվագ Մարաղան մեզ մեկ անգամ ևս հիշեցնում է, որ մենք չունենք ու առ այսօր չենք մշակել խաղաղության հայկական ալգորիթմը»,-ասում է Մարիամ Ավագյանը:

Խաղաղության հայկական ալգորիթմը, ինչպես պատմական գիտությունների դոկտոր Գայանե Մախմուրյանն է կարծում, հեռու չէ այն ճշմարտությունից, որը դեռ Հին Հռոմում էին բացահայտել՝ խաղաղություն ես ուզում, ուրեմն պատրաստվիր պատերազմի:

Պատմաբանը համոզված է, որ խաղաղության կոչերի փոխարեն հայ երիտասարդին այսօր պետք է բացատրել, որ խաղաղությունը աշխատանքի, պայքարի, զոհաբերությունների արդյունք է, որ խաղաղության մեջ ապրելու միակ միջոցն  այսօր մեզ համար մշտապես պատերազմին պատրաստ լինելն է:

Ըստ պատմաբանի, միջազգային իրավունքն էլ  գործում է միայն այն դեպքում, երբ դու այդ իրավունքն ապահովում ես ուժով: Իսկ աշխարհի հետ ասում է՝  պետք է խոսել հնարավոր բոլոր լեզուներով՝ բացատրելով, որ ի դեմս Ադրբեջանի, գործ ունենք ագրեսոր պետության հետ, որի ոչ քաղաքական, ոչ էլ անգամ երևակայական քարտեզում Արցախը որևէ կերպ չի տեղավորվում:

0:00
0:00