ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ո՞ր սարքերով ախտորոշվելուց և բուժումից խուսափել. մասնագետները զգուշացնում են
2019-04-10 19:01:34

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Կառավարությանը ենթակա առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը միացել է բժշկական հանրության մտահոգությանը: Ըստ այդմ՝ Հայաստանում անբարեխիղճ որոշ տնտեսվարողներ մատուցում են տարաբնույթ ախտորոշիչ և բուժական ծառայություններ՝ օգտագործելով այնպիսի սարքավորումներ և մեթոդներ, որոնք ժամանակակից բժշկագիտության կողմից չունեն ապացուցողական հենք եւ գիտական հիմնավորումներ: Նման սարքերի և մեթոդների կիրառումը արգելված է աշխարհի շատ զարգացած երկրներում, մինչդեռ մեզ մոտ երեւույթը լայն տարածում է գտել։

Գայանեն Կապանից է, գովազդով է տեղեկացել երեւանյան մի կլինիկայում ախտորոշիչ հատուկ մեթոդի մասին ու եկել հետազոտվելու: Այստեղ առաջարկել են ձեռքում պահել մի սարք՝ բացատրելով՝ դրանով միանգամից նկարում են բոլոր օրգան-համակարգերը: Թանկ չէր՝ պատմում է զրուցակիցս: Արդյունքում որոշ խնդիրներ են նկատել ու նշանակումներ արել, ընդ որում՝ նույն ֆիրմայի դեղորայք, որից եւ այս սարքավորումն էր: Բայց դրանից հետո նույն կլինիկայի որոշ բժիշկներ հիմք չեն ընդունել այս ախտորոշումն ու ուղարկել են այլ հետազոտությունների: Ախտորոշումն արդյունքում ստացվել է ավելի թանկ, իսկ Գայանեն մնացել է մոլորված՝ նույն կլինիկայի ո՞ր բժշկին լսի, թե՞ գնա այլ հիվանդանոց՝ նոր ծախսերով:
Փոխարենը մյուս զրուցակիցս վստահ է՝ այլընտրանքային բուժման գնալու իր որոշումը ճիշտ էր:

«Սքենար-թերապիայի եմ դիմել երեխայիս՝ բրոնխների հետ ունեցած լուրջ խնդիրների բերումով: Տարիներ շարունակ փորձել եմ բժիշկների օգնությամբ բուժել: Մի պահ անցնում էր, հետո նորից խնդիր էր լինում: Այցելել եմ սքենար-թերապիայի բժշկին ու շատ գոհ եմ, որովհետեւ քիմիական որեւէ դեղ չեմ տվել: Մի քանի րոպե աշխատելուց հետո երեխան արդեն հանգստացավ»:

Զրուցակիցս, վստահ իր ընտրության վրա, սքենար-թերապիայի դիմել խորհուրդ է տվել նաեւ իր ծանոթներին՝ հոդերի, նյարդային բորբոքումների, տարբեր տեղային ցավերի դեպքում:

«Եթե մարդիկ դիմել են ու դժգոհ են, ասում են՝ արդյունք չկա, կարծում եմ՝ մասնագետն է թերացել այնպես, ինչպես ցանկացած բժիշկ կարող է թերանալ իր գործում»:


Մինչդեռ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սամվել Սողոմոնյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտում է ու զգուշացնում՝ ինքն էլ գիտի բազմաթիվ դեպքեր, երբ վճարել են խոշոր գումարներ սքենար-թերապիայի կուրսերի համար, սակայն առողջական վիճակի բարելավում չի եղել: Այս ու նման սարքերի տարածվածությունը Հայաստանում մտահոգիչ է՝ ահազանգում է «Ռադիոլուրի» զրուցակիցը:  

« Ցանկացած դեպքում, երբ պացիենտին առաջարկում են մեկ ապարատային հետազոտություն, որով կհայտնաբերվի ամեն ինչ եւ կբուժվի ամեն ինչ, ապա ակնհայտորեն պետք է կասկածել, որովհետեւ աշխարհում դեռեւս չի գտնվել մի սարքավորում, մեկ համակարգիչ կամ մեկ լաբորատոր հետազոտության մեթոդ, որով կախտորոշվի ամեն ինչ ու կառաջարկվի բուժում ամեն ինչի համար»:

Խոսքն այս դեպքում բիոռեզոնանսային ախտորոշման եւ թերապիաների սարքավորումների, սքենար-թերապիայի սարքերի մասին է, որոնք աշխատում են էլեկտրոմագնիսական ճառագայթներով: Պետական այս կառույցում արձանագրել են ու մտահոգվել՝ որոշ սուբյեկտներ նույնիսկ հանդգնում են այդ սարքավորումներով որոշել պտղի սեռը հղիության վաղ փուլերում՝ սկսած 5 շաբաթականից, ինչը հանգեցնում է հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումների։

Խոշոր բուժհաստատությունները, որպես կանոն, խուսափում են նման ծառայություններից: Այդպիսիք մատուցում են հիմնականում փոքր, մի քանի կաբինետանոց մասնավոր կլինիկաները: Տեսչական մարմինն այլ խնդիր է բացահայտել:

« Մենք հանդիպել ենք դեպքերի, երբ այդ սարքերը կիրառվում են տարբեր անհայտ ծագման ՍՊԸ-ներում, որոնք, փաստացի, բժշկական օգնության մատուցման լիցենզիա չունեն»:

Մեր օրենքի անկատարությունն է պատճառը՝ նկատում է Սողոմոնյանը, որ այս սարքերն այսօր լայնորեն առաջարկվում են պացիենտին, ակտիվորեն գովազդվում են:

« Սարքեր են, որոնք կարելի է ճանաչել էլեկտրոդներով: Պացիենտին խնդրում են, որ երկու ձեռքով բռնի այդ էլեկտրոդները, եւ ինչ-որ համակարգչային ծրագրով այսպես ասած ախտորոշում են անում»:

Սողոմոնյանը խաբեություն է անվանում պնդումները, թե սրանք եվրոպական սարքեր են կամ Եվրոպայում էլ են կիրառվում: Դրանք մեծամասամբ արտադրվում են Ռուսաստանում, Ուկրաինայում կամ արեւելյան այն երկրներում, որտեղ առողջապահական կարգավորումները թույլ են: Արեւմտյան առաջատար երկրներում դրանք չեն կիրառվում, համարվում են գիտականորեն չապացուցված: Սողոմոնյանն ասում է՝ կարեւորն այստեղ ոչ այնքան զուր ծախսված գումարն է, որքան կորսված ժամանակը, որը գնում է անօգուտ պրոցեդուրաների վրա:

« Դեպքերի բացարձակ մեծամասնությունում, երբ նման կենտրոնները գովազդում են, թե մեր սարքերը եվրոպական այս կամ այն սերտիֆիկատն ունեն, դա պարզապես մոլորեցում է»:

Վերահսկողական գործառույթներով պետական այս կառույցը դիմել է առողջապահության նախարարությանը, փոխանցել իր մտահոգիչ դիտարկումները: Նախարարությունից փոխանցում են՝ հարցն ուշադրության է առնվել, այս ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են: Մինչ այդ՝ մասնագետները հորդորում են զերծ մնալ նման «հրաշագործ» սարքերով ախտորոշումից և բուժումից: Դրանց արդյունավետությունը դեռ նոր ապացույցներ է պահանջում:

0:00
0:00