ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նեթանյահուն՝ վարչապետ. կավարտի՞ արդյոք նա իր 5-րդ վարչապետական ժամկետը
2019-04-10 19:29:04

Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»

Իսրայելը կատարեց  իր ընտրությունը. նախօրեին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով. Իսրայելն ունի  նոր՝ «հին» վարչապետ՝ Բենիամին Նեթանյահու,  թեև էքզիթփոլերը կանխատեսում էին նրա գլխավոր հակառակորդի՝  Բենի Գանցի հաղթանակը:

Ինչպես Թրամփի աջակցությունը օգնեց Նեթանյահուին վերընտրվել և արդյոք նա կավարտի հինգերորդ վարչապետական ժամկետը: «Ռադիոլուրի» հարցերին պատասխանել է իսրայելցի լրագրող և վերլուծաբան Ցվի Զիլբերը:

Բիբի-Բենի ընտրական մենամարտը ոչ ոքի է ավարտվել, սակայն Նեթանյահուն առավելություն է ստանում իր գլխավոր քաղաքական հակառակորդի նկատմամբ և ապահովում  հերթական՝ հինգերորդ հաղթանակը ընտրություններում՝ աջ և կրոնական կուսակցությունների էլեկտորալ առավելության հաշվին:

Գործող վարչապետն ու նրա գլխավոր հակառակորդ Բենի Գանցը գրեթե հավասար ձայներ են ստացել երեկվա քվեարկության արդյունքներով, սակայն Նեթանյահուն ունի իրեն գաղափարապես մոտ կանգնած կուսակցությունների աջակցությունը:

«Լիկուդ» աջ կուսակցությունը Նեթանյահուի գլխավորությամբ և «Կախոլ-Լավան»  դաշինքը պաշտոնաթող գեներալ Բենի Գանցի գլխավորությամբ ստանում են մոտավորապես 35-ական մանդատ 120 տեղ ունեցող Քնեսեթում, սակայն իրեն աջակցություն հայտնած ուժերի հետ միասին Նեթանյահուի քաղաքական բլոկը կունենա 65-67 պատգամավորական մանդատ:

Կոալիցիոն կառավարություն կազմելու դեպքում «Կախոլ լավան»-ը բավականին բարդ իրավիճակի մեջ կհայտնվեր ու ստիպված կլիներ  արաբական կուսակցությունների հետ բանակցություններ վարել, ինչը քիչ հավանական էր համարվում:  Իսրայելի պատմության մեջ մի քանի անգամ պատահել է, որ ընդդիմադիր կուսակցություններն ավելի շատ քվեներ են ստացել, բայց արդյունքում չեն կարողացել կառավարություն ձևավորել, ու կրկին Նեթանյահուն է այն կազմավորել:

Ի դեպ, իսրայելական լրատվամիջոցները այսօր գրում են, որ երկրի պատմության մեջ որևէ կուսակցության բացարձակ մեծամասնություն երբևէ չի ստացել:

Իսրայելցի լրագրող և վերլուծաբան Ցվի Զիլբերը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է. մեծ փոփոխությունը, որ տեղի է ունեցել երեկվա ընտրությունների արդյունքներով, այն է, որ Իսրայելը վերադառնում է երկկուսակցական համակարգի՝ աջերի և ձախերի, համակարգ, որը եղել է մինչև 90-ականների կեսերը, ինչը, մեր զրուցակցի խոսով, ավելի կայուն է:

Նեթանյահուին հաղթանակը դժվար է տրվել, քանի որ նախընտրական քարոզարշավը անցնում էր նրա համար բարդ պայմաններում՝ ուղեկցվելով սկանդալներով և կտրուկ հայտարարություններով։ Երկրի գործող վարչապետը թաթախված է կոռուպցիոն աղմկահարույց պատմության մեջ:

Ընտրություններից 40 օր առաջ Իսրայելի գլխավոր դատախազը հայտարարել էր, որ մտադիր է վարչապետ Նեթանյահուին մեղադրանք առաջադրել գործարարներից թանկարժեք նվերներ ստանալու մեջ, ինչը ևս կտրուկ ազդել էր գործող վարչապետի վարկանիշի վրա:

Սակայն Նեթանյահուն ուներ հզոր աջակցություն «դրսից»՝ Իսրայելի մերձավոր դաշնակցի՝ Միացյալ Նահանգների նախագահի քաղաքաղական աջակցությունը։ Դրա վերջին օրինակը Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչումն էր: Ցվի Զիլբերը նշում է, որ Դոնալդ Թրամփի աջակցությունը նույնպես ազդեց Նեթանյահուի վարկանիշի վրա:

«Թրամփի աջակցությունը իհարկե օգնել է, սակայն միշտ ավելի հեշտ է վարել նախընտրական պայքարը լինելով իշխանության՝ բարձր կաբինետից, օգտագործել այն, ինչ կոչվում է վարչական ռեսուրս: Եկեք չմոռանանք, որ Բենիամին Նեթանյահուն քաղաքական վիրտուոզ է»:

Միաժաման իսրայելցի լրագրողը նշում է. Նեթայահուի հակառակորդի՝ Բենի Գանցի ձայները հասարակության բողոքի արտահայտությունն էին Նեթանյահուի դեմ՝ ոչ թե նրա վարած քաղաքականության, այլ քաղաքական երկարակեցության։ Հասարակության կարծիքով, վերջինս սերտաճել է վարչապետական աթոռին, և շատ իսրայելցիներ համոզված էին, որ իշխանությունը պետք է փոխվի, մի մարդը չի կարող այդքան երկար մնալ իշխանության ղեկին, քանի որ դա վատ է ժողովրդավարության տեսնակյունից:

Նեթանյահուն թաթախված է կոռուպցիոն սկանդալի մեջ, կարո՞ղ է այդ փաստը ընտրություններից հետո նրա դեմ աշխատել և Նեթանյահուն չավարտի իր հինգերորդ վարչապետական ժամկետը, հարցրեցինք իսրայելցի վերլուծաբանին:

«Դատելով այն տեպմերից, որոնցով այդ ամենը առաջ է շարժվում, մեկ տարվա ընթացքում նրան կառաջադրվի մեղադրանք, և նա ստիպված կլինի հեռանալ վարչապետի պաշտոնից: Սակայն չեմ կարծում, որ Բենիամին Նեթանյահուն ձեռքերը ծալած կնստի, հաստատ նա կունենա որոշ հաղթաթղթեր: Բայց  դատելով վերջին աղմկահարույց դատավարություններից և  իրավական պրակտիկայից՝ ամենաբարձրաստիճան պաշտոնյաներ են դատապարտվել՝ նախկին նախագահ, վարչապետ, ֆինանսների նախարար։ Ամենայն հավանականությամբ, կլինի մեղադրական եզրակացություն նաև Նեթանյահուի դեմ, և իշխող կուսակցությունը պետք է անցկացնի փրայմերիզ և ընտրի նոր լիդեր»:

Նախորդ գումարման Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող փաստաթղթեր են պարբերաբար ներկայացվել: Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագծի հեղինակ «Մերեց» կուսակցությանը ևս հաղթահարել է անցողիկ շեմը և նոր Քնեսեթում 4 կամ 5 պատգամավոր կունենա:

0:00
0:00

Տես նաեւ՝

Իսրայելը կատարել է իր ընտրությունը