ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Իտալացի պատգամավորները մեկնաբանում են ցեղասպանության մասին բանաձևը
2019-04-11 11:27:54

Աղավնի Հարությունյան
Ստրասբուրգից՝ «Ռադիլուր»-ի համար

Իտալացի օրենսդիրների երեկվա որոշման առնչությամբ այս օրերին Ստրասբուրգում գտնվող մեր գործընկեր՝ «Գլոբնյուզի»-ի խմբագիր Աղավնի Հարությունյանը կարծիքներ է խնդրել ԵԽԽՎ-ում Իտալիայի պատվիրակներ Մանիերո Ալվիզեից և Պիերո Ֆասինոյից:

Մանիերո Ալվիզեն, որը «5 աստղ շարժում» իշխող կուսակցության ներկայացուցիչն է և ԵԽԽՎ-ում իտալական պատվիրակության ղեկավարը, անհրաժեշտության մասով նշել է, որ պետք է ճանաչել ու ընդունել պատմությունը՝ խուսափելու համար հետագա սարսափներից և սխալներից: Իրենք խոսում են պատմական փաստի մասին: Գիտեն, որ տարբեր կառույցներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունն ու քաջալերել մյուսներին՝ անելու նույնը, այնպես, ինչպես վարվել է Եվրոպական խորհրդարանը.

«Կարծում եմ՝ այդ առումով մենք պահպանում ենք այս ճանապարհի ընթացքը և դա պետք է ամենախաղաղ անելիքը լինի: Ես քաղաքապետ լինելու ժամանակ պատիվ ունեցա մասնակցել մի արարողությանը։ Իտալական Միրա քաղաքում մանկապարտեզներից մեկն անվանվեց ի հիշատակ Հայոց ցեղասպանության: Պետք չէ որևէ դեպքում նման քայլից վախենալ»:

Հարցին, թե ճանաչման մասին անգամ բարձրաձայնելիս անմիջապես արձագանք է լինում Թուրքիայից, իտալացի պատգամավորը պատասխանել է, որ հավատում է՝ փոխադարձ ըմբռնումն է առաջ գնալու ճանապարհը: Յուրաքանչյուր քննարկում օգտակար է, բայց իրենք խոսում ենք պատմության մասին, ոչ մեկը չպետք է դրանից վախենա, ապագան պետք է պայծառ լինի:

Կա՞ որևէ այլ քայլ՝ ճանաչման խորհրդարանական փաստաթղթից հետո:

«Դա տեղին հարց է, բայց ես միայն խորհրդարանի անդամ եմ, կառավարություն չեմ ներկայացնում: Բայց մեկ բան կա, որ բոլորս կհամաձայնենք. եթե համաձայնության գանք պատմության առումով, գուցե այդկերպ մի քիչ ավելին կանենքթ տարածաշրջանային կայունության և լարվածության մեղմացման ուղղությամբ: Դա մեկ օրում չի արվում, այլ օրեր, ամիսներ շարունակ: Դա պետք է արվի օր-օրի, որպես մշակույթ, քանի որ փոփոխություններ կարող են լինել մշակույթի միջոցով: Եվ մենք պետք է պահենք ընթացքը, չկորցնենք ոչ մի օր»,-պատասխանել է Մանիերո Ալվիզեն:

«Ժողովրդավարական» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ, Իտալիայում ծանրակշիռ ու ճանաչման քաղաքական գործիչ, ԵԽԽՎ իտալական պատվիրակության անդամ Պիերո Ֆասինոն վստահ է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը պատմական փաստի ընդունումն է: Բայց չպետք է պատմության բանտարկյալ լինել, այլ նայել այսօրվան ու վաղվան: Ճանաչելով ցեղասպանությունը՝ պետք է աշխատել նորմալացնելու Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները, քանի որ միշտ պետք է առաջ նայել»:

0:00
0:00