ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԵԽ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին ժողովրդավարության զարգացման գործում
2019-04-11 14:14:35

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:

Մինչ հանդիպումն սկսելը տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանում, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Եվրոպայի խորհրդի «Ոսկե գրքում»:

Վարչապետն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵԽ փոխգործակցության խորացման հարցեր: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է` ժողովրդավարությունը Հայաստանի և հայ հասարակության համար ներքին համոզմունք է և արժեք, այլ ոչ թե արտաքին կողմնորոշում, և Հայաստանը հետևողականորեն առաջ է շարժվելու այն ամրապնդելու, մարդու իրավունքների պաշտպանությունը և օրենքի լիարժեք գերակայությունն ապահովելու ճանապարհով:

Թորբյորն Յագլանդն իր հերթին կարևորել է Հայաստանում` որպես ԵԽ անդամ երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների իրականացումը` նշելով, որ մեր երկրում տեղի ունեցող գործընթացները վկայում են Հայաստանի և հայ ժողովրդի եվրոպական արժեքներին հանձնառու լինելու մասին, և ԵԽ-ն պատրաստ է շարունակել օժանդակել մեր երկրին այդ գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի և տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Թորբյորն Յագլանդը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ և պատասխանել լրագրողների հարցերին:

Ստրասբուրգից «Ռադիոլուր»-ին  հանդիպումից մանրամասներ է հաղորդել մեր գործընկեր` «Գլոբնյուզի» խմբագիր Աղավնի Հարությունյանը:

0:00
0:00