ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Որակական նոր խնդիրներ դնելու ժամանակն է. քաղաքագետ
2019-04-11 17:49:03

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Անցած ինն ամիսները բեկումնային ճամփաբաժան էին հնի և նորի միջև՝ այս կարծիքն է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել «Ժառանգություն» կուսակցության վարչության նորընտիր նախագահ Անդրանիկ Գրիգորյանը: Նա նշել է, թե հեղափոխության ակունքներում նաև «Ժառանգություն» կուսակցությունն է կանգնած: Ներկայումս տեղի ունեցող զարգացումները, սակայն, Ժառանգության նորընտիր ղեկավարի խոսքով, նոր Հայաստանի տրամաբանության շրջանակներում չեն տեղավորվում:

Նման տեսակետ է այսօր հայտնել նաեւ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ կարծիք հայտնելով, որ ներքաղաքական մեծ իրադարձություններն առջեւում են: Քաղաքագետ Էդիկ Անտինյանի դիտարկմամբ՝ այդպիսի զարգացումները լինելու են օբյեկտիվորեն:

Մեր ողջ մարդկային կապիտալը դրել ենք հեղափոխության իրականացման հիմքում, «Ժառանգություն» կուսակցությունը նպաստեց հեղափոխության վերջնականապես իրականացմանը՝  այսօր հայտարարեց Ժառանգություն կուսակցության վարչության նորընտիր նախագահ Անդրանիկ Գրիգորյանը:

Նրա ձեւակերպմամբ, սակայն, ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները նոր Հայաստանի տրամաբանության շրջանակներում չեն տեղավորվում:

«Մենք կարծում ենք, որ գործող իշխանությունների` Հայաստանը բարեփոխելու ճանապարհի մեթոդոլոգիան սխալ է ընտրված: Մենք ողջունում ենք Փաշինյանին իր սկսած նախաձեռնություններում, սակայն նրա ընտրած մեթոդոլոգիան սխալ է: Վերջին իրադարձությունները դրա վառ վկան են»:

Անդրանիկ Գրիգորյանը մատնանշեց ավտոմաքսատանը տեղի ունեցած միջադեպը: Հայաստանի բոլոր պետական հիմնարկներում պետք է հարգվի պետական դրոշը, սակայն, նրա խոսքով, նոր Հայաստանոմ ՀՀ քաղաքացին պետք է իրեն նվաստացած չզգա:

«Հայաստանում քաղաքական ճգնաժամ սկսվելու տարրեր են նկատվում: Վարչապետի քայլերը տանում են միակուսակցական արատավոր համակարգի վերականգմանը: Հեղափոխական ուժի առաջնորդը պետք է եզրահանգումներ անի»:

Այս, ինչպես նաեւ վերջին օրերին խորհրդարանի հետ կապված աղմկահարույց այլ միջադեպերի այսօր անդրադարձել է նաեւ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Նրա գնահատմամբ՝ խնդիր կա համակարգի հետ: Անցած տարվա ապրլին արված հայտարարություններից եւ հանրության սպասումներից մեկ տարի անց էլ համակարգային խնդիրները մնացել են՝ ասաց:

Քաղաքագետ Էդիկ Անտինյանն այսօր խոսելով հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների մասին՝ ասաց, թե ինքը անցած գրեթե մեկ տարվա ընթացքում չի տեսել որեւէ հայեցակարգ, տեսլական ու ծրագրային քարտեզ, որն անհրաժեշտ էր հեղափոխությունից հետո: Հետեւաբար, կարծում է, որ ժամանակն է որակական նոր խնդիրներ դնելու:

Քաղաքագետը նկատում է, որ խորհրդարանում գտնվող ուժերը պաշտպանել են հեղափոխությունը, հետեւաբար՝ այն մարդիկ, ովքեր կհիասթափվեն հեղափոխությունից, չեն կարող կանգնել նախկինների կողքին: Էդիկ Անտինյանի ձեւակերպմամբ՝ այդպես լինելու է օբյեկտիվորեն եւ արտախորհրդարանական ուժերն էլ պետք է մտածեն ու կազմակերպվեն: 

Զարուհի Փոստանջյանը համոզված է, որ ներքաղաքական մեծ իրադարձություններն առջեւում են եւ դրանում կարեւոր դերակատարություն են ունենալու արտախորհրդարանական քաղաքական ուժերը:

0:00
0:00