ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բաց ձեռքերի քաղաքականությունը հասավ Ստրասբուրգ
2019-04-11 18:41:45

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

ԵԽԽՎ-ում այսօր հայկական օր էր: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում ունեցել է մի շարք հանդիպումներ, ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար իստում, պատասխանել տարբեր պետությունների պատվիրակների հարցերին:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԽԽՎ-ում բաղկացած էր մի քանի բաժնից՝ Հայաստանի ժողովրդավարացման քայլերը, 2008-ի մարտիմեկյան դեպքերը, թավշյա հեղափոխության ընթացքն ու ընտրությունները, տնտեսական հեղափոխությունը, ղարաբաղյան հակամարտությունը, Եվրախորհրդի դերակատարումը այդ բոլոր հարցերում:

20 րոպե հատկացվեց փաշինյանի ելույթի համար, մնացած 40 րոպեն ՀՀ վարչապետը պատասխանել է հարցերին: 13 հարց ՀՀ վարչապետին տարբեր պետությունների ներկայացուցիչներից:

Բաց ձեռքերի քաղաքականությունն այսօր հասավ Ստրասբուրգ: ԵԽԽՎ ամբիոնից, վեր պարզած ձեռքերով Նիկոլ Փաշինյանը պատմեց քաղաքական խաբեությունների մասին եւ Ստրասբուրգի «խաղաղության ամբիոնի» իրական նպատակների մասին:

«Ահա այսպիս վեր բարձրացրած ձեռքերը մեր հեղափոխության սիմվոլն էր: Ոչ բռնի պայքարի գաղափարը իսկապես հաղթեց Հայաստանում: Առանց որեւէ բռնության, առանց որեւէ զոհի, հաղթեց առանց որեւէ զենքի: Եվ ես հույս ունեմ, որ «խաղաղության» այս ամբիոնից հղված ուղերձը ադրբեջանական հանրության շրջանում կստանա համարժեք արձագանք»,- ասաց Փաշինյանը:

ԵԽԽՎ-ում Հայաստանի վարչապետի թե՛ ելույթի, եւ թե՛ հարցուպատասխանի ժամանակ ղարաբաղյան հակամարտությանը նվիրվեց զգալի մի հատված: Նախ՝ հենց ԵԽԽՎ պատգամավորներին Փաշինյանը հիշեցրեց՝ Լեռնային Ղարաբաղի հարցին առնչվող այն քննարկումները, որ ԵԽԽՎ-ում տեղի ունեցան 2016 թվականի հունվարին, նույն թվականի ապրիլին բռնկված չորսօրյա պատերազմի նախերգանքը դարձան:

Այսօր ԵԽԽՎ ամբիոնն օգտագորխծվեց «խաղաղության օրակարգը» թելադրելու համար: Հայաստանի վարչապետը տեղեկացրեց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կարողացել են բավականին կառուցողական եւ դրական երկխոսություն սկսել, բայց արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է, որ երկխոսություն սկսվի նաեւ հանրությունների միջեւ:

«Ես, օրինակ կուզենայի ունենալ հնարավորություն դիմել Ադրբեջանի ժողովրդին եւ խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ: Իհարկե, հիմա էլ կարող եմ: Բայց ես չեմ ուզում, որ դա լինի միակողմանի եւ հանկարծ չընկալվի որեւէ կերպ որպես սադրիչ քայլ: Արդյո՞ք օրինակ՝ Ադրբեջանի նախագահը կամ ղեկավարությունը ոչինչ չունի ասելու ԼՂ ժողովրդին եւ Հայաստանի ժողովրդին: Ես վերջերս հանդես եմ եկել գուցե շատ տարօրինակ թվացող նախաձեռնություններով: Ցավոք, համանման խոսքեր առայժմ չենք լսում Ադրբեջանից»,- նշեց ՀՀ վարչապետը:

Ադրբեջանից ձայն ԵԽԽՎ-ում այսօր լսվեց: Ադրբեջանի պատվիրակության անդամ Ուվիյե Աղաեւան ինչպես միշտ խոսեց Արցախի հարցով միջազգային բանաձեւերի եւ օկուպացված տարածքների վերադարձի մասին:

«Շատ հաճախ օգտագործվում է օկուպացիա բառը: Այն մարդիկ, որոնք այսօր ապրում են Ղարաբաղում, այդ մարդիկ ծնվել, ապրել են Ղարաբաղում, նրանց պապերն են ապրել Ղարաբաղում: Ինչպես կարող է մարդը օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքը ծնվել է, որտեղ իր երեխան է ծնվել, և որտեղ ծնվել, ապրել և հուղարկավորված են իր նախկինները»:

Բանակցային ձեւաչափի փոփոխության Հայաստանը չի ձգտում՝ այսօր ԵԽԽՎ ամբիոնից պնդեց Փաշինյանը: Մեկ այլ պնդում. գոյություն ունեցող ձեւաչափի հենց սկզբից Ղարաբաղը բանակցային կողմ է եղել եւ մինչեւ 2018 թվականը ներկայացված է եղել բանակցային սեղանի շուրջ: Փաշինյանն օրինակ է բերում՝ մինչեւ ՀՀ նախագահներ դառնալը Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղի ընտրված նախագահ էր, իսկ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի համայնքի ներկայացուցիչ: Իսկ ընդհանրապես Փաշինյանը խորհուրդ տվեց ԵԽԽՎ-ին չմոռանալ Ղարաբաղի շարքային քաղաքացիների եւ նրանց իրավունքների մասին:

«Եթե Լեռնային Ղարաբաղը դեռեւս միջազգայնորեն ճանաչված չէ որպես անկախ պետություն, մի՞թե Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց մարդ լինելու վերաբերյալ միջազգային բանավեճ կա: Մի՞թե մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային առաջամարտիկներից մեկի՝ Եվրոպայի խորհրդի համար առաջնայինը փաստաթուղթն է եւ ոչ թե իրական մարդը»,-այս խոսքերը ՀՀ վարչապետն ասաց իր ելույթի վերջում:

Մինչեւ հարցուպատասխանին անցնելը ԵԽԽվ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն արձագանքեց.

Լիլիան Մորի Պասկիեն շնորհակալություն հայտնեց Հայաստանի համար ԵԽԽվ դերակատարության մասին խոսելու համար, նաեւ շեշտեց. շնորհակալ է ԵԽԽՎ պատասխանատվության հիշեցման համար: Խոստացավ, որ պետք է շարունակեն պաշտպանել կառույցի ստանձնած արժեքները:  

ԵԽԽՎ-ում չշրջանցվեցին նաեւ Հայաստանի ներքաղաքական խնդիրները: Նախկին քաղաքական գործիչների հանդեպ արդարադատության հարցը հետաքրքրում էր գերմանացի պատգամավոր Ակսել Շեֆերին: Հարցին պատասխանելուց առաջ Փաշինյանը հստակեցրեց՝ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն քաղաքական համակարգում, բայց դատական համակարգում հեղափոխություն դեռ տեղի չի ունեցել:

«Ես ձեզ կարող եմ հարյուր տոկոսով երաշխավորել, որ մեր կառավարությունը վերացրել է, դադարեցրել է ենթադրաբար գոյություն ունեցող այն պրակտիկան, երբ որ դատական համակարգն ուղղորդվում էր կառավարության կողմից։ Մենք ամբողջապես հրաժարվել ենք այս գործելակերպից։ Կարող է դա մի փոքր տարօրինակ հնչել, բայց ես, օրինակ, չունեմ հարյուր տոկոսով վստահություն, որ դատական համակարգի վրա գոյություն ունեցած այլ ազդեցության լծակներ մինչև այսօր չեն պահպանվել և ես չունեմ համոզվածություն, որ մեր դատական համակարգում կոռուպցիա չկա։ Որովհետև, օրինակ, ընդամենը 10 օր առաջ Հայաստանում դատավոր է ձերբակալվել՝ կաշառք ստանալու պահին:

ԵԽԽՎ-ում ներկայացված պատգամավորներին հետաքրքրում է նաեւ, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում վերադարձնել «գողացված փողերը» եւ իրականացնել ապօրինի ձեռք բերված ակտիվների բռնագանձումը:

Ի՞նչ միջազգային փորձի եւ համագործակցության հիման վրա է իրականացվելու այդ ամենը՝ հետաքրքրվեց Նիդեռլանդներից Մարտ վան դեռ Վենը: Փաշինյանը մեջբերեց մի քանի միջազգային փաստաթուղթ, որը տարբեր տարիներին Հայաստանն արդեն վավերացրել է եւ պարտավորվել պայքարել կառուպցայի ու հանցավոր ճանապարհներով ստացված եկամուտների լվացման դեմ:

«Մենք հիմա Հայաստանում քննարկումների մեջ ենք, թե արդյոք մեր երկրի համար կարող է ընդունելի լինել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագրավման ինստիտուտի ներդրումը, և սրա հետ կապված Հայաստանում կան բավական լուրջ մտահոգություններ նաև նախկին կառավարության ներկայացուցիչների շրջանում: Դա մի մեխանիզմ է, որ Հայաստանում կարող է, և պետք է կյանքի կոչվի: Բայց Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և այստեղ որոշումները միանձնյա չեն կայացվում»:

Ի դեպ, մեկ տարի առաջ ուղիղ այս օրը Նիկոլ Փաշինյանը կրկին պատասխանում էր հարցերին՝ ֆեյսբուքյան ասուլիսը Հրազդան քաղաքից էր՝ քայլարշավի 12-րդ օրն էր:

0:00
0:00