ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեծ Բրիտանիա-Եվրամիություն ամուսնալուծությունը շարունակվում է
2019-04-11 19:18:51

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Երեք տարի ձգձգվող  «Բրեքզիթի» վերջնաժամկետը գիշերը կայացած արտահերթ գագաթնաժողովի ընթացքում ԵՄ անդամ երկրների ղեկավարները երկարաձգեցին  ևս կես տարով: 

2016թ. հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հանրաքվեում 52% մեծամասնությամբ հաղթեցին ԵՄ- ից դուրս գալու կողմնակիցները: Արդյունքում ԵՄ պատմության մեջ առաջին անգամ սկիզբ դրվեց Միությունը լքելու գործընթացին:

Որն է լավագույն լուծումը և ինչ զարգացումներ են հնարավոր այդ ընթացքում:

ԵՄ անդամ 27 երկրների առաջնորդները Բրյուսելում կայացած արտահերթ գագաթնաժողովի ընթացքում որոշեցին Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերջնաժամկետ սահմանել հոկտեմբերի 31-ը

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը համաձայնությունը որակել է «ճկուն երկարաձգում», ինչը  նշանակում է, որ  «Մեծ Բրիտանիային լրացուցիչ վեց ամիս է տրվել հնարավոր լավագույն լուծումը գտնելու համար:

«Այս գիշեր Եվրոպական խորհուրդը որոշեց Միացյալ Թագավորության ևս մի երկարաձգման հնարավորություն տալ: Սա նշանակում է ևս վեց ամիս համաձայնեցված լուծում գտնելու համար»:

Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել էր, որ կպայքարի մինչև վերջ, որպեսզի ԵՄ-ից ՄԹ-ը  դուրս գա կարգապահորեն:

Սակայն այս որոշումն ունի նաև պայման՝  Մեծ Բրիտանիայի կողմից Եվրախորհրդարանի՝ մայիսի 23-26-ը կայանալիք ընտրություններն անցկացնելուց  հրաժարվելու  դեպքում վերջնաժամկետի մասին ընդունված նոր որոշումը կդադարի գործել, և Միացյալ Թագավորությունը ստիպված կլինի հունիսի 1-ին դուրս գալ Եվրամիության կազմից:

Դուբլինի քաղաքային համալսարանի իրավագիտության և կառավարման ֆակուլտետի ԵՄ իրավունքի գծով ասպիրանտ, Բրէքզիթի ինստիտուտի ասոցացված անդամ Սոսե Մայիլյանի կարծիքով, ՄԲ-ն  գործելու երեք տարբերակ ունի և լավագույն լուծումը կլինի պայմանագրով ԵՄ- ից դուրս գալու տարբերակը:

«Կամ արդեն գոյություն ունեցող պայմանագիրը կյանքի կկոչվի ու այդպես լքի Միացյալ Թագավորության ԵՄ-ն, կամ կորոշի մնալ ԵՄ-ում, կամ առանց պայմանագրի կլքի ԵՄ-ն»:

Եթե այնուամենայնիվ Մեծ Բրիտանիայում մտափոխվեն ու որոշեն մնալ ԵՄ-ում, ապա դա, զրուցակցիս կարծիքով, վատ նախադեպ կլինի ԵՄ անդամների համար. «Թե ինչպես կարելի է հայտարարել բրեքզիթի մասին, հետո մի քանի տարի  անց մտափոխվել: Դրանից հետո ԵՄ-ն  ստիպված կլինի հանրաքվե անցկացնել»:

Եթե ԵՄ երկրների ղեկավարները մերժեին Մեյի խնդրանքը, Մեծ Բրիտանիան ԵՄ- ն պետք է լքեր արդեն վաղը՝ առանց գործարքի, ինչը հղի էր քաղաքական, տնտեսական և իրավական անհաշիվ խնդիրներով:

«Ինչ պետք է լինի Մեծ Բրիտանիան այն քաղաքացիների հետ, որոնք աշխատում են ԵՄ երկրներում»:

Երկու կողմերի համար ընդունելի տարբերակը ողջամիտ լուծում գտնելն է, որպեսզի կողմերի հարաբերությունները հետագայում չլարվեն:

Սակայն մի կողմից Միացյալ Թագավորությունը չի ցանկանում մասնակցել մայիսի վերջին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին, մյուս կողմից՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի պահանջով Մեծ Բրիտանիան զեկույց պետք է ներկայացնի քայլերի հեռանկարի մասին, ինչը, ըստ Սոսե Մայիլյանի, ուղղորդող վերջնաժամկետ է:

0:00
0:00