ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դատարանը մերժեց Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ բողոքը
2019-04-12 10:42:19

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը: Նիստը նախագահել է Գագիկ Պողոսյանը:

Պաշտպանական կողմը ներկա չի եղել որոշումը հայտարարելու ժամանակ: Երեկ, Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու դեմ պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը:

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Վերաքննիչ դատարանի որոշման վերաբերյալ նշել է, որ Ռոբերտ Քոչարյանն ուղղակի քաղբանտարկյալ է և ենթարկվում է քաղաքական հետապնդման նոր իշխանությունների կողմից:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է: