ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Տեխնոլոգիական հեղափոխություն՝ արհեստական բանականության մարտահրավերով
2019-04-12 11:08:36

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Ապագան արհեստական բանականության ձեռքում է, տվյալագիտությունն էլ՝ հարստացման աղբյուր: Աշխարհի առաջատար մասնագետները Երևանում են՝ ներկայացնելու իրենց փորձը, ցույց տալու աշխարհի օրինակը: Ի՞նչ ներուժ ունի այս ոլորտում Հայաստանը:

Երեւանի Ինժեներական քաղաքն արդեն գերհամակարգիչ ունի: Տվյալագիտությունը Հայաստանում զարգացնելու համար Ֆրանսիայի դեսպանատունն իր աջակցությունն է ցուցաբերում՝ ինժեներական քաղաքին նվիրելով սարք, որն ավելին է, քան՝ ուղղակի տեխնիկան:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը նախ խոսում է Երևանի ու Թուլուզի մասին, ասում է՝ հայկական ու ֆրանսիական այս քաղաքներն իրար նման են, երկուսն էլ վարդագույն են կոչվում։

«Այս քաղաքների կապը խորհրդանշվել է դեռ 6 ամիս առաջ, երբ Թուլուզի 3 համալսարանների և ԳԱԱ միջև ստորագրվել է համաձայնագիր: Համաձայնագիրը հնարավորություն է տալու Երևանում ստեղծել բարձր արտադրականությամբ հաշվարկների կենտրոն՝ ֆրանսիական գերժամանակակից սարքի միջոցով: Սա պարզապես մի սարքի պարզ նվիրատվություն չէ, որովհետև այս բարձր արտադրականությամբ հաշվարկների կենտրոնը էկո համակարգ կստեղծի ամբողջ Հարավային Կովկասում»:

Մեր անձնական տվյալները, որ անվճար հանձնել ենք, այսպես ասենք, համացանցին, Գուգլի, Ամազոնի, Ֆեյսբուքի եւ նման ինտերնետային հսկաների տնտեսության հիմքում են՝ դրանց բաժնետերերի փողի անսպառ աղբյուրը:

Տվյալագիտությունը կարող է դառնալ առաջամարտիկ տնտեսության մեջ նաեւ Հայաստանում։ Իսկ դա արհեստական բանականության հետ է կապված։ Ապագան արհեստական բանականության ձեռքում է, թեեւ դեռ հեռու ենք իդեալական արդյունքից։ Եվրոպական հանձնաժողովում արհեստական բանականության հարցերով խորհրդական Էրիկ Բադիքեն է ասում:

«Արհեստական բանականությունը մի նոր դուռ է բացում, այն թույլ է տալիս ու դեռ ավելի է թույլատրելու գիտության մեջ ունենալ արագություն: Այս պահին, սակայն, հեռու ենք այն պահից, երբ արհեստական բանականությունը 100% կփոխարինի մարդուն»:

Տվյալագիտությունը ապագայի նավթահանքն է, ճիշտ օգտագործելու դեպքում այն կարող է նույնքան հարստացնել, որքան ոսկին, նավթը կամ ջուրը: Կանի՞ Հայաստանն իր տեխնոլոգիական հեղափոխությունը՝ ընդունելով ապագայի՝ գուցե արդեն արհեստական բանականության մարտահրավերները, ցույց կտա ժամանակը:

0:00
0:00