ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչպե՞ս գտնել հանքերի իրական տերերին. ցեմենտի շուկան՝ թիրախում
2019-04-12 18:26:58

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Տնտեսության հատվածում կառավարությունն առաջիկայում պատրաստվում է նոր կտրուկ քայլերի՝ «ստվերը» դուրս բերելու եւ իրական տնտեսվարող-սեփականատերերին բացահայտելու համար:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր համաձայնել է նոր մոտեցումների երկու նախագիծ մտցնել առաջիկա լիագումար նիստի օրակարգ:

Մի դեպքում ցեմենտի շուկան է հայտնվել ուշադրության կենտրոնում, մյուս դեպքում՝ պետության հանքերը:

Հայաստանում ընդերքի շահագործումը մշտապես կապվել է հանքատեր պաշտոնյաների անունների հետ: Պետությունն այս փուլում որոշել է ասեկոսեներից անցնել գործի եւ վերջապես պարզել հանքերի իրական սեփականատերերի անունները:

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը բացատրում է, թե ինչ կարեւոր նրբություն կա այս հարցում:

« Նախագծերը ենթադրում են, որ հասկանում ենք մինչեւ այդ իրավաբանական անձի ֆիզիկական անձ հանդիսացող սեփականատիրոջը, որովհետեւ կարող է իրավաբանական անձը որոշակի օֆշորում կամ այլ տեղում գրանցված լինի»:  

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում պատրաստ են հրապարակել սեփականատերերի ցանկը: Ողջունում են նախաձեռնությունը, բայց հրապարակումը կապահովեն, եթե օրենքն ընդունվի սահմանված ժամկետներում՝ մինչեւ 2019-ի ավարտը: Հենց  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված մշտապես կասկածներ են եղել. այն կապել են Ռոբերտ Քոչարյանի անվան հետ: Վերջերս պնդումները հերքել է կոմբինատի իրավաբանական վարչության ղեկավար Պերճ Խաչատրյանը:

«Մենք տեղեկատվություն ենք տրամադրել լրատվամիջոցներին եւ հերքել ենք, որ Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է մեր սեփականատերերից»:

Հայաստանի ընդերքը շահագործող իրական սեփականատերերին պարզելու անհրաժեշտության մասին կառավարությունում խոսեցին մոտավորապես մեկ ամիս առաջ:  ՏՄՊՊՀ-ն հայտնել էր՝ որպես կանոն հանքերի սեփականատեր գրանցված են օֆշորային ընկերությունները: Վարչապետի հանձնարարությամբ գրությունը վերահասցեագրվեց Գլխավոր դատախազությանը:  

«Ընդերքի մասին» օրենքում առաջարկված փոփոխություններն ու լրացումները կառավարությունն օրենսդիրներին առաջարկում է քննարկել եւ ընդունել հատուկ՝ արագացված ընթացակարգով: Դա ենթադրում է 24-ժամյա ռեժիմ:

Մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբ ուշադրության կենտրոնում է հայտնվել ցեմենտի շուկան: Ներմուծվող ցեմենտի ծավալը 2018-ին աճել է 3.5 անգամ:

Հիմնականում ապրանքը գալիս է Իրանից եւ շատ ավելի մատչելի է: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի փոխանցմամբ, իրանական ցեմենտը ցածր գնի պատճառով ճնշող ազդեցություն է թողնում շուկայի վրա: Խնդիրը լուծելու համար կառավարությունն առաջարկում է ցեմենտ ներմուծելու համար կիրառել տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ։

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները չեն հասկանում ցեմենտի ներկրման համար գործադիրի առաջարկած սահմանափակումը:

Այս հարցում բուռն պայքարի մեջ է մտել Բարգավաճ Հայաստան խմբակցությունը:

Տեղական արտադրողը վստահեցրել է կառավարությանը, որ առաջիկայում ցեմենտի ինքնարժեքի իջեցման հնարավորություն կա՝ այս տարվա ընթացքում 6-7 հազար դրամի չափով։

Տեղական արտադրողին խրախուսելու համար օրենսդիրները հակված են ժամանակավոր սահմանափակում մտցնել ներկրողների համար: Քննարկվում է պետական տուրքը ներկրողների համար սահմանել 1-1.5 տարի՝ հետո կգնահատեն ինչ տվեց շուկային այդ միջամտությունը:  

0:00
0:00