ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ծանրամարտի ԵԱ. Լիաննա Գյուրջյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ
2019-04-12 18:55:05

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լիաննա Գյուրջյանը գրավեց չորրորդ տեղը:

Երկամարտում 17-ամյա մարզուհին գրանցեց 217 կգ (97+120) արդյունք: Պոկում վարժությունից հետո Լիաննա Գյուրջյանը չորրորդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Այս քաշային կարգում հանդես եկան 7 մարզուհիներ:

Եվրոպայի չեմպիոն հռչակվեց հույն Էլենի Կոնստանտինիդին, որի երկամարտի արդյունքն էր 223 կգ (97+126): Երկրորդ տեղը գրավեց գերմանացի Նինա Շչրոթը՝ 222 կգ (102+120), իսկ լավագույն եռյակը եզրափակեց բելգիացի Աննա Վանբելինգենը՝ 221 կգ (103+118):

Ապրիլի 12-ին մրցահարթակ դուրս կգա նաեւ Տաթեւ Հակոբյանը (87 կգ):

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանը 2 մեդալ էր նվաճել երկամարտում: 89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը (59 կգ) պոկում վարժությունում նվաճել էր փոքր արծաթե մեդալ եւ 5-րդ տեղը գրավել երկամարտում, Արմեն Գրիգորյանը (73 կգ) 9-րդն էր, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ)՝ 8-րդը: 2016թ.Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) չէր կարողացել քաշ գցել եւ զրկվեց մրցմանը մասնակցելու իրավունքից:

Հայաստանի հավաքականի կազմում Բաթումի են մեկնել նաեւ Արփինե Դալալյանը (+87 կգ), Արսեն Մարտիրոսյանը եւ Սամվել Գասպարյանը (102 կգ), աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ), որոնք հանդես կգան Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ ապրիլի 13-ին: