ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պարտքի շեմի բարձրացումը խելամիտ չէ
2019-04-13 15:22:27

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի օրենսդրական կարգավորումները ինքնանպատակ չեն եղել, և այդ պարամետրերի վերանայումը հղի է հետևանքներով»,- Ռադիոլուրի հետ զրույցում ասել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը: Նա նաև կարծիք է հայտնել՝ խելամիտ չէ պարտքի շեմի բարձրացումը: Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ կրկին «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծել է՝ քննարկումները սկսվել են, գումարները հիմնականում կուղղվեն ենթակառուցվածքների զարգացմանը:

Կառավարությունում քննարկում են արտաքին պարտքի շեմի բարձրացման հարցն ու հնարավորությունները, մամուլի վերջին ասուլիսում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ կառավարության ղեկավարը հիշեցրել էր՝ Բրյուսել կատարած իր վերջին այցի ընթացքում ակնհայտ է դարձել, որ Եվրոպական միությունը պատրաստ է ֆինանսավորել Հայաստանում զարգացման ծրագրերը։ Նրա խոսքով, նախատեսված ծրագրերի իրականացմանը ֆինանսական մասնակցություն ունենալու համար Հայաստանը պետք է մտածի արտերկրից լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելու մասին:

«Այստեղ, սակայն, զգայուն խնդիր կա՝ կապված ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության օրենսդրական սահմանափակման հետ: Վտանգավորը պարտք վերցնելը չէ, վտանգավորը՝ թե ինչ նպատակով ես այն վերցնում»,- ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը՝ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը: Նաև պարզաբանում է՝

«Ցածր պարտքի շեմ քեզ պետք է, որպես բարձրի՝ դրսի արտածին շոկերին դիմայակելու համար: Եթե պարտքը մեծ է, հետևաբար քեզ պարտք տվողների թվաքանակը նվազում է»:

Հիշեցնում է՝ ցանկացած միջազգային կառույց երկրներին գումար տրամադրելիս նայում է տվյալ երկրի պարտքի ցուցանիշին ու ոչ միայն.

«Ում ավելի էժան գնով վարկ կտան, պատկերացնենք երկու երկիր, երկուսն էլ նույն ռեյտինգը ունեն: Մեկն ունի պարտք-ՀՆԱ 40 տոկոս, մյուսը՝ 60 տոկոս: Այլ հավասար պայմաններում, նա ում պարտքի բեռը ցածր է, հարաբերականորեն ցածր պարտքի բեռ ունեցող երկիրը ավելի մեծ հնարավորություն ունի ժամկետին ու պատշաճ կերպով իր պարտքային պարտավորությունները կատարել»:

«Անհրաժեշտ է հիշել, որ պետությունը գնում է պետական պարտքի մակարդակի բարձրացման՝ երկարաժամկետ հեռանկարում կապիտալ ծախսեր իրականացնելու համար»,- ասում է փորձագետը՝ հիշեցնելով,- «2017 թվականին մենք 98 մլրդ դրամ էինք պլանավորել, բայց ինչքան խնայողություն ունեցանք, ուղղեցինք կապիտալ ծախսերին: 150 մլրդ դրամից ավելի կապիտալ ծախսեր արեցինք: 2018-ին՝ կապիտալ ծախսերը 173 մլրդ էինք պլանավորել 150 մլրդ կարգի կատարեցինք: Իհարկե, սա վտանգավոր է, տնտեսական աճ ես տուգանում, երբ կապիտալ ծախսերը չես կատարում»:

Կառավարությանը հորդոր ունի. «60 տոկոսը պետք չի փոխել, ասեմ ավելին, պարտքի շեմի փոփոխությունը բացասական է ազդում ներդրողների հոգեբանության վրա: Հարկաբյուջետային ու պարտքի քաղաքականության մեխը հետևյալն է. միշտ պետք է պատրաստ լինել արտաքին գործոններին դիմակայելուն» ,- ասում է:

Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝

«Երբ ասում ենք պարտքը ավելացնենք, խոսում ենք այլ հավասար պայմաններում բոլոր պայմանները ստեղծված են, այսինքն՝ աշխատանքային կարողությունները կան, որակյալ ծրագրերի մշակումները կան, կան գնահատականներ, վերլուծություններ, որոնք վկայում են, որ դրանք տնտեսական զարգացման վրա հատուկ ազդեցություն կունենան: Ապա եզրակացությունը այն է, որ կարող ենք մեզ թույլ տալ, այդ մասին խոսել: Ջրամբարներ, էներգետիկ համակարգ, այսինքն՝ այնտեղ, որտեղ ենթակառուցվածքների բարելավումը արտադրողականության աճ է երաշխավորում»:

Ֆինանսների նախկին նախարարը եզրափակում է՝ պարտքի շեմի բարձրացումը խելամիտ չէ:

0:00
0:00