ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեկ տարի առաջ՝ ապրիլի 13-ին
2019-04-13 16:58:56

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Մեկ տարի առաջ այս օրը, այն ժամանակ դեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ երկշաբաթյա քայլարշավից հետո հասավ Երևան: «Ռադիոլուրը » Փաշինյանի քայլերին սկսել էր հետևել դեռ մարտի 30-ից, երբ Մամուլի ազգային ակումբում նա հայտարարեց Գյումրիից Երևան իր քայլարշավի մասին: Իսկ արդեն ապրիլին 13- ից՝ Երեւան հասնելուց հետո, այդ ակցիան «Ռադիոլուրի» մշտական ուշադրության կենտրոնում էր։ Եկեք «Ռադիոլուրի» պահոցի օգնությամբ հիշենք՝ ինչպես տեղի ունեցավ հեղափոխություն, եւ այսօր մասնավորապես կպատմենք, թե ինչպիսին էր անցած տարվա ապրիլին 13-ը։

Մեկ տարի առաջ ճիշտ այս օրը, այն ժամանակ դեռ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ 14 օրում շուրջ 200 կմ և 300 հազար քայլ արդեն արել էր՝ Գյումրիից հասնելով Երևան:

«Քաղաքացիական պայմանագիրը» Երևանում նախատեսել էր բողոքի եզրափակիչ մասը: 14+4 ձևակերպմամբ ակցիայի մասնակիցներն ազդարարել էին, որ 14 օր մարզերում քայլելուց հետո ևս 4 օր նախատեսում են անցկացնել Ազատության հրապարակում:

Ժամանակը ցույց տվեց, որ բողոքի ակցիաները տևեցին չորս օրից ավելի եւ հիմնական իրադարձություններն էլ Ազատության հրապարակում չէին, որ տեղի ունեցան։ Փաշինյանի հիմնական նպատակը ապրիլի 17-ին ԱԺ շենքը շրջափակելն էր՝ կանխելով Սերժ Սարգսյանի վարչապետությունը:

Հասնելով Երևան՝ Փաշինյանն ասել էր.

«Բոլոր սցենարների իրագործումը կախված է քաղաքացիների ակտիվությունից: Կլինենք 5 հոգով, կանենք այնպիսի գործողություն, որն ի վիճակի է անել 5 հոգին: Կլինենք 100 հոգով, կանենք գործողություն, որը կարող է անել 100 հոգին, 100 հազար կլինենք, կանենք իշխանափոխություն»:

Այն ժամանակ իշխող կուսակցությունը Փաշինյանին չհավատաց՝ ներկայացնելով հակափաստարկ՝ եթե Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել համոզել սեփական գորրծընկերներին, ինչպես է համոզելու մյուսներին:

Այն ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատի ուներ «Ելքից» Էդմոն Մարուքյանին, որը չմիացավ նույն խմբակցությունից իր գործընկերոջը։ Շարմազանովը Փաշինյանի նախաձեռնության արդյունավետությունը ճիշտ մեկ տարի առաջ այս օրը զրոյական էր համարել:

«Նախ իր պայքարի ճշմարտացիությունը թող ապացուցի իր գործընկերներին, հետո դուրս գա քայլերթի: Երթերը, միտինգները , հավաքները օրենքով սահմանված բողոքի ակցիաներ են և դրանք ես արտառոց չեմ համարում: Իսկ եթե խոսքը քաղաքական նպատակահարմարության մասին է, ապա զրո արդյունք է տալու»:

Ապրիլի 13-ի երեկոյան արդեն Նիկոլ Փաշինյանն Ազատության հրապարակում էր, ինչպես և նախապես խոստացել էր, ներկայացրեց իր ծրագիրը: Իմ գործընկեր Արմինե Գևորգյանն էր մեկ տարի առաջ ուղիղ եթերում փոխանցում՝ ինչ մթնոլորտ է Ազատության հրապարակում և ինչ է կատարվում:

Ապրիլի 13-ի գիշերը Փաշինյանն իր համակիրների հետ անցկացրեց Երևանի կենտրոնական փողոցներում, մասնավորապես Ֆրանսիայի հրապարակում:

Արդեն հաջորդ օրը՝ ապրիլի 14-ին Փաշինյանին իր քայլերը բերելու էին Հանրային ռադիո, բայց դրա մասին հետո:

0:00
0:00

Տես նաև՝