ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հեղափոխությունից մեկ տարի անց. աշխատա՞նք, թե՞ անգործություն
2019-04-13 17:23:16

Կարեն Ղազարյան
«ռադիոլուր»

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի գնահատմամբ՝ հեղափոխությունից մեկ տարի անց ներքաղաքական օրակարգում դատարկություն է, ինչը լցվում է շոուներով: Նրա գնահատմամբ՝ ապրում ենք մի շրջանում, երբ հստակ չէ թե Հայաստանը դեպի ու՞ր է գնում, իսկ խնդիրների բարձրացման ընտրված ձեւը բնորոշ է ավտորիտար կառավարման համակարգին: Նմանօրինակ գնահատականները չի կիսում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ համոզմունք հայտնելով, որ դրանցում շատ է քաղաքական կոնյուկտուրայի չափաբաժինը: Իշխանությունը ամենօրյա ռեժիմով սխալներ գործում է եւ դա բնական է, բայց նաեւ նույն իշխանությունը ամենօրյա ռեժիմով աշխատել եւ աշխատում է իր սխալների վրա՝ ասում է քաղաքագետը: Նա համոզված է, որ դա անխուսափելի ու շատ նորմալ եւ առողջ գործընթաց է ու այլ կերպ չի էլ կարող լինել:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նկատում է, որ հեղափոխությանը պետք է հաջորդեր եղած իրավիճակի արմատական փոփոխությունը: Սա ենթադրում էր, որ կյանքի բոլոր բնագավառներում պետք է ներկայացվեին նոր հայեցակարգեր, սակայն, իրականությունը ցույց է տալիս, որ նման հայեցակարգեր չկան:

«Սա վկայում է, որ հեղափոխությունից մեկ տարի անց ներքաղաքական օրակարգում դատարկություն է, ոչ մի հարց չկա: Հայեցակարգային ոչ մի մոտեցում չկա: Ստեղծվել է մի վիճակ ներքաղաքական կյանքում, որ քննարկելու հարց չկա, բացի ինչ-որ օպերատիվ հարցերից, որոնք երկու օր քննարկելու ենք, հետո մոռացվելու են»:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, սակայն, չի կիսում տեսակետը, որ Հայաստանում ներքաղաքական օրակարգ չկա:

«Հայաստանում տեղի են ունենում բարեփոխումներ: Դրանից ավելի լուրջ ներքաղաքական օրակարգ լինել, պարզապես, չի կարող: Այդ բարեփոխումները կարո՞ղ են ընթանալ ավելի արագ՝ իհարկե, ավելի արդյունավետ՝ իհարկե: Շոշափելի արդյունքը այն քաղաքական ազատությունների ու մարդու իրավունքների բարելավված վիճակն է, որը կարող է լինել Հայաստանում եւ տնտեսական ցուցանիշները այդ տնտեսական բարեփոխումների արդյունքում, որը նաեւ իշխանությունը կոչում է տնտեսական հեղափոխություն»:

Ամեն ինչը չափելի է եւ դրանով կարելի է դատողություն անել, սակայն, քաղաքագետի խոսքով, համենայնդեպս ոչ կառավարության ձեւավորման 3-4-րդ ամսում, իսկ ներկայիս կառավարությունը 3-4 ամիս է, ինչ աշխատում է՝ նկատեց քաղաքագետը:

Արմեն Բադալյանը նաեւ կարծում է, որ ներքաղաքական կյանքի օրակարգում հայեցակարգերի բացակայության պայմաններում, դրանց փոխարեն լցվում են շոուները:

«Սրանք վարկանիշի հետ կապված տեխնոլոգիական խնդիրներ են, որոնք որ իրականացվում են: Կարելի է անընդհատ ինչ-որ հարց գտնել, բայց ինչքա՞ն կձգվի… Ի վերջո, մի ժամանակ է գալու, երբ ժողովուրդը պահանջելու է սոցիալական վիճակի բարելավում»:

Ապրում ենք մի շրջանում, երբ հստակ չէ թե Հայաստանը դեպի ու՞ր է գնում, իսկ խնդիրների բարձրացման այն ձեւը, որը ընտրվել է, բնորոշ է ավտորիտար կառավարման համակարգին՝ կարծիք հայտնեց քաղտեխնոլոգը:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, սակայն, չի կիսում նման տեսակետները: Այդ գնահատականը հնչեղ է, սակայն, հակափաստարկ չի կարող լինել իշխանության արած-չարածին՝ ասաց: Նրա ձեւակերպմամբ՝ այդօրինակ հայտարարություններում շատ է քաղաքական իրավիճակայնությունը: Ասաց, որ դրանում համոզված է.

«Համոզված եմ, որ նման կարգի հայտարարություններում շատ մեծ է քաղաքական կոնյուկտուրայի չափաբաժինը: Ասել կարելի է ամեն ինչ, բայց իրականում մենք տեսնում ենք գործընթաց»:

Այդ ամենը, իհարկե, հեշտ չի ընթանում, բոլորին չէ, որ հասկանալի կամ հաճելի է, սակայն, բնական է՝ հավելեց քաղաքագետը: հետեւաբար, տեղի է ունենում շատ դինամիկ գործընթաց, որի վերաբերյալ կարող են լինել շատ տարբեր գնահատականներ՝ եզրափակեց նա:

0:00
0:00