ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպմանը միացել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները
2019-04-15 15:30:53

Լրացված 15.30

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների՝ Մոսկվայում անցկացվող հանդիպումը շարունակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հանդիպմանը, որը մեկնարկել էր նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի մասնակցությամբ և որին միացել են ՄԽ համանախագահներ ՌԴ ներկայացուցիչ Իգոր Պոպովը, ԱՄՆ-ը ներկայացնող Էնդրյու Շոֆերը, ֆրանսիացի Ստեֆան Վիսկոնտին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, հաջորդում է Վիեննայում մարտի 29-ին կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական շփումներին:

Լրացված է 13: 05-ին

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը` ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

Մինչ այս հանդիպման մեկնարկը Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՌԴ արտգործնախարարի հետ:

Տեղադրված է 09:25-ին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ապրիլի 15-ին կհանդիպեն Մոսկվայում՝ օրեր առաջ տեղեկացրել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա ապրիլի 15-ին Մոսկվայում: Հանդիպմանը ներկա կգտնվի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ԱԳ նախարար»,- նշել էր Նաղդալյանը:

Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել մարտի 29-ին՝ Վիեննայում:

ՀՀ ԱԳՆ-ից նաև տեղեկացրել են, որ ապրիլի 13-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։

ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ապրիլի 15-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանն ընդառաջ: Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանն ևս մեկ անգամ անդրադարձել են Վիեննայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի, համանախագահների և Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպումներին: Նախարարները մտքեր են փոխանակել խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման և հումանիտար միջոցառումներին վերաբերող հարցերի շուրջ: Նախարար Մնացականյանը վերստին ընդգծել է, որ Արցախի անվտանգությունը և կարգավիճակը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններն են՝ նշելով, որ Արցախի` որպես հակամարտության հիմնական սուբյեկտի որոշիչ ձայնը և ներգրավվածություն ունենալու սկզբունքը մնում է կարևոր խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության ապահովման տեսանկյունից»,- ասված է հաղորդագրությունում։