ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մի ահազանգի հետքերով
2019-04-15 11:30:06

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Օրերս մամուլում տարածվեցին մանկապարտեզ հաճախող երեխայի կապտուկներով նկարներ: Ծնողի պնդմամբ՝ երեխան ամեն անգամ տուն է վերադառնում նոր կապտուկներով: Պնդում էր նաեւ, որ երեխաները բռնության են ենթարկվում մանկապարտեզի դաստիարակի կողմից:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թիվ 94 մանկապարտեզի դաստիարակը, ծնողի պնդմամբ, բռնության է ենթարկել իր 3.5 տարեկան երեխային: Երեխայի մարմնի տարբեր հատվածներում օրեցօր առաջացած կապտուկների մասին սկզբում չի բարձրաձայնել, քանի որ մտածել է երեխաների չարաճճիության արդյունք կարող է լինել:

«Եղել են կապտուկներ, որ ակնհայտա, որ դա երեխայի արածա, բայց կան կապտուկներ, որ տեսնողները կասեն, որ դա անհնարա, որ երեխաներն անեն»:

Սակայն ծնողի անհանգստությունը մեծացել է, երբ երեխայի վարքագծում փոփոխություններ է նկատել:

«Գիշերն արթնանում էր, ու լացելով ասում ընկեր ոմն մի՛ ծեծի, չի արել: Դա հաճախա կրկնվել, ու նույն բառը: Մի անգամ չի եղել, որ ընկերների անունները տա»:

Նրա պնդմամբ՝ ինքը միակ ծնողը չէ, որ նկատել էր: Նույնիսկ ծնողները սոցցանցերում բացված խմբում մեկը մյուսին պատմել էին երեխաների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին:

«Կա ծնողների գրագրություն, որտեղ իրենք նույն բանն են ասում: Երեխաներին վախեցնում եմ ժավելով, ասեղով և նույնիսկ հարվածում են»:

94 մանկապարտեզի մոտ ծնողների հետ զրուցել եմ դաստիարակի մասին.

«Շատ գոհ ենք, անհնար է: Երևի սխալմունք է: Իմ տղայի դաստիարակն է: Մենք բողոք չունենք»:

Կապտուկների մասին ծնողը պարբերաբար տեղեկացրել է 28-ամյա դաստիարակին, վերջինս էլ ամեն անգամ պատասխանել է, որ ուշադիր կլինի և միևնույն ժամանակ հերքել, որ դրանք կարող են պատահած լինել մանկապարտեզում:

Դեպքի մասին հայտնել է նաեւ մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր, արդեն նախկին պաշտոնակատարին։ Վերջինս այլեւս մանկապարտեզում չի աշխատում, իսկ ներկայիս պաշտոնակատար Անի Սուքիասյանը մեր մուտքը մանկապարտեզ արգելեց՝ պատճառաբանելով, որ երեխաների քնի ժամն է, անվտանգության հարց կա, պետք է սննդի հաշվարկ կատարեն: Հրավիրեց ժամը 17:30-ին, երբ մանկապարտեզում ավարտվում է աշխատանքային ժամը: Նշված ժամի, պատասխանեց մեր հարցերին: Մեղադրանքները հերքում է.

«Չեմ տեսել, չգիտեմ, ոնց կարամ ասեմ էդ մարդը ծեծել ա: Նույն այդ նկարն էլ ոնց կարամ ասեմ, սա էդ երեխայի ոտքնա, էդ երեխայի կապտուկնա, կամ մանկապարտեզի նկարն ա»:

Մանկապարտեզի վարկանիշը գցելով է զբաղված ծնողը՝ նշեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը: Քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը դեպքի վերաբերյալ տեղեկությունները փոխանցել է ոստիկանությանը՝ հետագա ընթացք տալու համար: Դաստիարակի հետագա աշխատանքի նպատակահարմարության հարցը կքննարկվի՝ իրավապահների գնահատականները հաշվի առնելով: Իրավապահները կպարզեն կատարվածն ու պատշաճ պատասխանատվության կենթարկեն մեղավորներին, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Իսկ այս ընթացքում երեխան այցելում է հոգեբանի մոտ, քանի որ կատարվածն ազդել է երեխայի հոգեկան առողջության վրա, պնդում է ծնողը:

0:00
0:00