ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ստեփանակերտի օդանավակայանի եւ Սարսանգի ջրամբարի օգտագործման հարցը՝ կրկին օրակարգային
2019-04-15 16:22:27

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Այսօր Մոսկվայում կայացած Հայասատանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ Ստեփանակերտից ոչ պաշտոնական  օրակարգային հարց էր առջարկվել:

Խոշոր քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիքի» ղեկավար Արայիկ Հարությունյանը իր իսկ գնահատմամբ «հումանիտար փոխգործակցության» երկու առաջարկով էր հանդես եկել: Առաջինը՝ Արցախի օդային տարածքի միջազգային թռիչքների համար բաց լինելու եւ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման մասին էր, երկրորդը Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները կարող են համատեղ օգտագործվել Արցախի ու Ադրբեջանի կողմից։ 

Այս հայտարարության վերաբերյալ  դրական էր արտահայտվել Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը: Մարիա Զախարովան ասել էր, որ արտգործնախարարների հանդիպումը լավ հնարավորություն է նման հարցեր քննարկելու համար:

Արցախցի վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը Արցախի առաջատար քաղաքական ուժի ղեկավարի՝ Արայիկ Հարությունյանի առաջարկները լուրջ քաղաքական հայտ է համարում։ Նախաձեռնությունը խոսում է Արցախի սուբյեկտ դառնալու մտադրության մասին՝ ասում է:

Կոնկրետ Սարսանգի ջրերի համատեղ օգտագործման հարցը բազմաթիվ անգամ է շրջանառվել: Արցախում միշտ նշել են, որ ջրամբարի ոռոգման նպատակով համատեղ օգտագործումն ավելի ձեռնտու է ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական առումով:

Խնդիրը, սակայն, Ադրբեջանի համար միշտ քաղաքական շահարկումների նյութ էր։ 2016-ին այն ԵԽԽՎ-ում կողմնակալ զեկույցի տեսք ստացավ, ինչի հետեւանքների մասին անցած շաբաթ եվրոպական կառույցի ամբիոնից խոսեց նաեւ Հայաստանի  վարչապետը:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն էլ առանձնացնում է Արցախում ապրողների իրավունքներին առնչվող հատվածը եւ նշում, որ եվրոպական կառույցներն Արցախում իրոք ունեն անելիք:

Ստեփանակերտի օդանավակայանի եւ Սարսանգի  ջրամբարի օգտագործման հարցը՝ նախաձեռնության հեղինակ Արայիկ Հարությունյանը եւս  մեկնաբանում է հումանիտար տեսանկյունից։

Նրա խոսքով՝ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը հնարավորություն կտա  իրացնելու մարդու հիմնարար իրավունքները, հատկապես՝ ազատ տեղաշարժի իրավունքը, եւ այդ դեպքում տարածաշրջանի հաղորդակցային կարողությունները կընդլայնվեն, իսկ Արցախի զինված ուժերը կերաշխավորեն մեր օդային տարածքի անվտանգությունը, իսկ Սարսանգի համատեղ օգտագործումը կտրուկ կբարձրացնի երկու կողմի սահմանամերձ տարածքներում ապրող բնակչության կենսամակարդակը:

Ի դեպ, Արցախում Սարսանգի ջրերի օգտագործման այլընտրանքային ծրագիր է մշակվել:

0:00
0:00