ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների բողոքի հետքերով
2019-04-15 17:53:54

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

«Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցներն այսօր պատրաստվում էին բողոքի ակցիա անցկացնել: Ըստ իրենց տեղեկությունների՝ ռուսաստանյան ընկերությունը պատրաստվում է կրճատել մոտ 3000 աշխատակցի:

Սակայն աշխատակիցները դժգոհության որևէ քայլեր դեռևս չձեռնարկեցին, քանի որ ընկերության ղեկավար կազմն առաջարկել է դեռևս սպասել:

«Գազպրոմ» ընկերության հազարավոր աշխատակիցներ անհանգստացած են։ Նրանց կարող են կրճատել։ Դա Հայաստան ներկրվող գազի գինն անփոփոխ թողնելու գինն է։

Հունվարի 1-ից ռուսաստանյան «Գազպրոմը» Հայաստանի համար գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց 150 դոլարից բարձրացրել է 165 դոլար:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի բնակչության համար բնական գազի գինը կմնա անփոփոխ: Այն կկոմպենսացվի այլ միջոցներից:

«Գազպրոմ Արմենիան» որոշել է ֆինանսական միջոցները փոխհատուցել աշխատակիցներին կրճատելու միջոցով։ Այսօր ընկերության աշխատակիցները պատրաստվում էին բողոքի ակցիա անցկացնել կենտրոնական գրասենյակի մոտ:

Ընկերության աշխատակիցներից մեկը, որը հրաժարվեց ձայնագրվել, «Ռադիոլուրին» հայտնեց, որ մասնաճյուղերի տնօրենները լսել են աշխատակիցների դժգոհությունները և խնդրել սպասել ևս մի քանի օր:

Ըստ նրա՝ ընկերությունում դեռ չի հստակեցվել, թե քանի մարդ է կրճատվելու։ «Գազպրոմ Արմենիայից» աշխատակիցների հնարավոր կրճատումների վերաբերյալ դժգոհություններին լրատվության և հասարակայնության հետ կապերի ծառայության աշխատակից Միքայել Հարությունյանը կարճ պատասխանեց:  

«ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված՝ ներկայում աշխատանքային քննարկումներ են տեղի ունենում համալիր հարցերի շուրջ: Այդ թվում դիտարկվում է նաև համակարգի ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման  և հաստիքների  կրճատման հարցերը»,- նշել է ընկերության մամուլի պատասխանատուն:   

Հայաստանում ռուսաստանյան ընկերությունում մեծաթիվ աշխատողների կրճատումների մասին է խոսել այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ Հայաստանում կարող են լինել ընկերություններ, որոնց անարդյունավետ գործունեության համար վճարում է քաղաքացին:

«Որպես քաղաքացի, համաձա՞յն եք վճարել հաստիքների համար, որոնք արդյունավետ չեն»,- ասել է Փաշինյանը:

Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունից ստեղծված իրավիճակի մասին դեռևս վաղ համարեցին մեկնաբանություններ տալը:

0:00
0:00