ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մենք անվերջ խաղաղություն չենք քարոզում. Նիկոլ Փաշինյան
2019-04-15 18:41:55

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի եռակողմ հանդիպումը։ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին հայտնի դարձավ դեռևս մարտի 29-ին Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից անմիջապես հետո, երբ հայտարարվեց արտգործնախարարներին տրված հանձնարարության մասին:

Լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում արձագանքելով արտգործնախարարների այսօրվա հանդիպման մասին հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե՝ այսօրվա հանդիպումից ակնկալում է, որ արտգործնախարարները կկատարեն իրենց տրված հանձնարարականը: Փաշինյանը նաեւ հստակեցրեց, թե ի՞նչ հանձնարարականի մասին է խոսքը:

«Իսկ  այդ հանձնարարականը՝ Վիեննայում մեր քննարկած օրակարգերի շուրջ քննարկումներ ունենալ եւ փորձել մոտեցնել դիրքորոշումները»:

Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը հետևել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հաղորդագրությունը, որում, մասնավորապես, նշված էր, թե բանակցություններին Ալիևն ու Փաշինյանն ընդգծել են խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևորությունը և հետագայում կոնկրետ և շոշափելի քայլերի ձեռնարկումը՝ բանակցային գործընթացում խաղաղ լուծում գտնելու նպատակով։

Համանախագահների տարածած հաղորդագրությունում նշված էր նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են մի շարք քայլեր մշակել հումանիտար ոլորտում և շարունակել ուղիղ երկխոսությունը։

Ստրասբուրգում էլ վարչապետը ներկայացրեց հայկական կողմի մոտեցումը, որին Բաքուն արձագանքեց ինչպես միշտ՝ «հին երգը երգելով՝ օկուպացված տարածքների, զորքերի դուրս բերման մասին»: Նման պայմաններում ինչպե՞ս է պատկերացնում բանակցությունների շարունակությունը:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ամենամեծ խնդիրներից մեկն էլ հենց այն է, որ հանդիպումներին հաջորդող եւ նախորդող հայտարարությունները երբեմն չեն համապատասխանում խոսակցության ոգուն:

«Մեր խոսակցության ոգին՝ Դավոսի, Սանկտ-Պետերբուրգի, Վիեննայի, Դուշանբեի, այն է, որ մենք պետք է աշխատենք այս խնդրի լուծման վրա,  աշխատենք խնդրի խաղաղ կարգավորման վրա: Եվ ես հույս ունեմ, որ մենք բոլորս անկեղծ ենք մեր այս մղումներում, որովհետեւ եթե բանակցությունների սեղանի շուրջ մեկը մյուսին փորձեց խաբել՝ դա չի ստացվի. ուրիշ տեղ կհասնենք»: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկիսեց դիտարկումը, թե Հայաստանն անվերջ խաղաղություն է քարոզում, մինչդեռ՝ Ադրբեջանից շարունակվում է ագրեսիվ հռետորաբանությունը:

«Մենք անվերջ ոչ մի բան չենք քարոզում: Մենք, ընդհանրապես, ոչ մի բան չենք քարոզում: Մենք անվերջ խաղաղություն չենք քարոզում. մենք առաջարկություններ ենք անում՝ հարցի կարգավորման որոշակի պլատֆորմ ստեղծելու: Կա պատերազմի ճանապարհը եւ կա խաղաղության ճանապարհը: Մենք ասել ենք, որ մեզ պատերազմով չեք վախեցնի, պետք չէ վախեցնել, մենք էլ ոչ մեկին չենք վախեցնում, եկեք որոշենք, ի վերջո, ուզում ենք խաղաղության պլատֆորմի վրա՞ լուծել այս հարցը, թե՞ չէ: Կարծում եմ՝ ցանկացած բանական մարդ պետք է կոնֆլիկտը լուծի, աշխատի լուծել խաղաղության պլատֆորմի վրա: Հակառակ դեպքում բանակցային գործընթացի չի մասնակցի»:     

Ապրիլի 6-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, որ հայ գործընկերոջ հետ հանդիպումն անցնելու է եռակողմ ձևաչափով և ներկա է լինելու նաև Սերգեյ Լավրովը։ Արտգործնախարարների մոսկովյան հանդիպումը եռակողմ ձեւաչափով անցկացնելու մեջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որեւէ տարօրինակ բան չի տեսնում:

«Ոչ մի տարօրինակ բան չկա, որովհետեւ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից մեկն է եւ, կարծում եմ, այդպիսի պրակտիկա եղել է եւ կլինի ե՛ւ Ռուսաստանի արտգործնախարարի հովանու ներքո, կարող է լինել եւ՛ Ֆրանսիայի, ե՛ւ ԱՄՆ-ի: Այնպես որ՝ այստեղ ոչ մի արտառոց եւ տարօրինակ բան չեմ տեսնում»:  

Ի դեպ, այն, որ Սերգեյ Լավրովը այս հանդիպմանը մասնակցելու է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի արտգործնախարար՝ երեկ հայտարարել էր նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։  

0:00
0:00