ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Լիդիանի հարցով դատարանի որոշումը կողմերից մեկին ոգևորել է, մյուսը՝ անդրդվելի է
2019-04-15 19:01:33

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Լիդիան Ինթերնեյշնլը» տեղեկացնում է, որ ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Լիդիանի»՝ պարտավորեցնելու ՀՀ Ոստիկանությանը վերացնել ցուցարարների ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը Ընկերությանը պատկանող տարածքից՝ ապահովելով «Լիդիանի» ազատ մուտքը Ամուլսարի տարածք:

«Լիդիան Ինթերնեյշնլ»-ի ներկայացուցիչները դատարանի որոշումը բնորոշում են երկար սպասված, իսկ Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ ակտիվիստներն այն խոչընդոտ չեն համարում իրենց պայքարի ճանապարհին:

Իրականում՝ ինչ է իրենից ներկայացնում այս որոշումը, ինչ է կատարվում Ամուլսարի շուրջ:

Ապրիլի 10-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիա» ընկերության բողոքը: Ընկերությունը դատարան էր դիտել Ամուլսար տանող ճանապարհների երկու մուտքի տարածքն ազատելու պահանջով: Դատարանը բավարարել է պահանջը՝ հիմք ընդունելով հետևյալը. տարածքը, որտեղ տեղակայված են ակտիվիստների վագոն-տնակները, Լիդիանի սեփականությունն է, որը պետք է ազատել:

Դատարանն արձանագրել է, որ հավաքների անցկացման իրավունքի իրացումը բացարձակ բնույթ չի կրում և չի կարող իրացվել ցանկացած վայրում, տվյալ դեպքում՝ մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքում՝ առանց օրինական տիրապետողի համաձայնության։ Ոստիկանությանը հանձնարարվել է հեռացնել ներխուժած անձանց և նրանց գույքը ընկերության տարածքից:

 Դատարանի որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս անց՝ որոշման չբողոքարկման դեպքում: Լիդիանն ակնկալում է Ոստիկանության կողմից դատարանի որոշման շուտափույթ կատարում:

Դատարանի որոշման վերաբերյալ «Լիդիան Ինթերնեյշնլը» ընկերության մամուլի միջոցով տարածված  հաղորդագրությանն այսօր անդրադարձել են Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստները: Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը Լիդիանի հայտարարությունը որակել է մանիպուլիացիա:

«Գոյություն ունի դատարանի կողմից ընդունված որոշում, որը մի կողմին ոգևորել է, մյուս կողմին, մեղմ ասած, ոչ այնքան»: Ըստ փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանի, որոշումը չբողոքարկելու դեպքում միակ ընտրությունն այն կատարելն է:

Մինչ Հայաստանում Ամուլսարի շուրջ թնջուկը խորանում է, միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնները փորձում են հասկանալ, թե ինչ կարող է լինել, եթե Ամուլսարի ծրագիրը չիրականանա։

Հանրահայտ The Economist Intelligence Unit պարբերականը փորձել է կանխատեսել, թե ինչ կկատարվի, եթե Ամուլսարի հարցում կառավարությունը և Լիդիան ընկերությունն ընդհանուր հայտարարի չգան, և հանքավայրի գործը հայտնվի միջազգային արբիտրաժային դատարանում:

Ըստ հոդվածի հեղինակների, «Ամուլսարի վեճի վերաբերյալ միջազգային դատական գործն ի դերև կանի կառավարության հույսերը`Հայաստանի տնտեսության մեջ ներգրավելու միջազգային ուղղակի ներդրումներ»:

Ծավալուն վերլուծականի հեղինակները նշում են.

«Հաշվի առնելով, որ Լիդիանը, իր պնդմամբ, հանքի շահագործման մեջ արդեն կատարել է ավելի քան 350 մլն դոլարի ներդրում՝ Հայաստանի կառավարությունը գնում է մեծ ռիսկի, քանի որ միջազգային արբիտրաժային դատարանը կարող է նրան ստիպել ամերիկյան ընկերությանը վճարել խոշոր գումար կազմող փոխհատուցում»: Իսկ որքա՞ն կարող է կազմել այդ փոխհատուցումը: Այդ հարցին դեռևս հստակ պատասխան չի տվել որևէ վերլուծաբան և փորձագետ»:

Ըստ հոդվածագրի՝ «Լիդիանի» հաղթանակի դեպքում փոխհատուցումը չի կարող 350 մլն դոլարից պակաս լինել։  

0:00
0:00