ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հարազատները մեղադրում են, իրավապահները՝ հերքում,  օմբուդսմենը՝ ուսումնասիրում
2019-04-15 19:25:10

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

ֆեյսբուքյան գրառմամբ իրավական աղմկահարույց  միջադեպի մասին է ահազանգել օգտատերեից մեկը: Մարիամ Մկրտչյանը ներկայացրել է եղբոր՝ Էդգար Ծատինյանի հետ կատարվածը: 

Մասնավորապես նշել է, որ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում եղբայրը դաժան ծեծի է ենթարկվել, ապա  տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», այնտեղից՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ ապրիլի 8-ին մահացել է:

Ահազանգին արձագանքել է Ոստիկանությունը, սեփական նախաձեռնությամբ վարույթ է սկսել նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Մարիամ Մկրտչյանը եղբոր հետ կատարվածի մասին ֆեյսբուքում գրել է ապրիլի 13-ին ՝ եղբոր մահվանից մոտ 1 շաբաթ անց: Ոստիկանությունը գրառմանը արձագանքել է այսօր առավոտյան՝ ներկայացնելով իր պարզաբանումները:

Տարածված հայտարարությունից տեղեկանում ենք, որ ապրիլի 14-ին Էդգար Ծատինյանի բարեկամուհուց հանցագործության մասին հաղորդում է ստացվել, ըստ որի՝  ոստիկանության բաժնում վերջինը ծեծի է ենթարկվել:

Ոստիկանությունը տեղեկացնում է , որ Վալերի Օսիպյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները ստուգելու համար:

Միաժամանակ   հետաքննության մարմնին հանձնարարվել է նաև ստուգել հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձի արարքում սուտ մատնության հատկանիշների առկայությունը:

Ոստիկանության հաղորդագրության մեջ նաև դեպքի մանրամասներն են:

«Սոցցանցում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության Նոր Նորքի բաժնում դաժան ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ Էդգար Ծատինյանը, ապա կուլ է տվել թմրանյութով տոպրակը, որն իբր ոստիկանները փորձել են «գրպանը գցել», այնուհետև տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այնտեղից՝ «Արմենիա» բ/կ, որտեղ ապրիլի 8-ին մահացել է»:

Ապրիլի 8-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած Էդգար Ծատինյանի հարազատները, մինչդեռ,  համոզված  են, որ  մահվան պատճառը  ոստիկանների ու բժիշկների գործողություններն են: 

Էդգար Ծատինյանի մայրը՝ Լարիսա Եփարյանը լրատվամիջոցների  հետ զրույցում պնդել է, որ որդու մահվան մեջ մեղավոր են ոստիկանները, որոնք ոստիկանական բաժանմունքում նրան խոշտանգել են, և բժիշկները, որոնք համապատասխան բուժօգնություն չեն ցուցաբերել:

Ի դեպ, Էդգար Ծատինյանը նախկինում 3 անգամ դատապարտվել է: Նախնական տվյալների համաձայն՝ ապրիլի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է բերման ենթարկվել սպանության կասկածանքով քննվող  քրեական գործերից մեկի  շրջանակում: Դրանից հետո տեղի ունեցածը Ոստիկանությունը և տուժող կողմը  տարբեր կերպ են ներկայացվում:

Ըստ իրավապահների՝ Էդգար Ծատինյանի ինքնազգացողությունը ոստիկանության բաժնում կտրուկ վատացել է, ինչի պատճառով շտապօգնության կանչ է ձևակերպվել, նա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ, որտեղ հայտնել է, թե չի հիշում՝ ինչ է կուլ տվել: Այնուհետև տեղափոխվել է «Արմենիա» բ/կ, որտեղ էլ ապրիլի 8-ի առավոտյան մահացել է: Նախնական բժշկական եզրակացությամբ մահվան պատճառը  սուր սիրտ-անոթային և շնչառական անբավարարությունն է, նաև թունավորումը և տոքսիկ կոման:

Ըստ տուժող կողմի՝  դեպքերն այլ  ընթացք են  ունեցել: Էդգար Ծատինյանի քույրը մասնավորապես գրել է.

«Ասումա՝ ասեցին գրի, որ դու գիտես՝ որ էս ինչ, էս ինչ մարդն ա սպանել, ասելա՝ չեմ անի տենց բան, ասել են դե ուրեմն կգնաս 7-ից 15 տարի կնստես։ Ճարը կտրած, վախեցած, խառնված վերցրել, տենց տոպրակով կուլա տվել։ Էդ անտերը 3 գրամա էղել»։

Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկման վարույթ է սկսել Էդգար Ծատինյանի մահվան մասին հրապարակային տվյալների կապակցությամբ: Արդեն զրուցել են դեպքի տվյալները հրապարակած մի շարք անձանց, ինչպես նաև. Ծատինյանի մոր հետ՝ «Ռադիոլուրին» ասաց ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքերի պաշտպանության վարչության պետ Արամ Մինասյանը:

«Քննարկում սկսելու առիթ են դարձել մի շարք լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում առկա հրապարակային պնդումներն այն մասին, որ Է. Ծատինյանի մահվան պատճառ են դարձել բերման ենթարկած Ոստիկանության ծառայողների, ինչպես նաև բժիշկների արարքները: Այդ մտահոգությունները մեզ ներկայացրել է նաև Ծատինյանի մայրը: Այդ բոլոր հանգամանքները գրությամբ կներկայացվեն քրեական հետապնդում իրականացնող մարմնին՝ այս դեպքում Գլխավոր դատախազություն, նաև գրավոր հարցումներ կարվեն բոլոր այն մտահոգությունների վերաբերյալ, որոնց այս պահին տիրապետում ենք»:  

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ Ոստիկանության հայտարարությունն ընդունել են ի գիտություն, բայց նաև լրացուցիչ պարզաբանումներ են պահանջել ու գրավոր հարցումներ ուղարկել:

Էդգար Ծատինյանի բարեկամուհին այսօր նաև նոր գրառում է արել, որով ահազանգել է տեղեկությունների հրապարակմանը հաջորդած ճնշումների մասին: ՄԻՊ գրասենյակից վստահեցնում են, որ զբաղվում են նաև այդ ահազանգով:

0:00
0:00