ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ամեն օր ոստիկանությունը պետք է ձգտի կատարելության. Նիկոլ Փաշինյան
2019-04-16 16:10:22

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա 101-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին: Մինչ այդ Ոստիկանության ծառայողները հանդեն են եկել հանդիսավոր շքերթով:

 

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը օրվա կապակցությամբ շնորհավորել է ոստիկանության բոլոր ծառայողներին, շնորհակալություն հայտնել նրանց ծառայության համար։

 

ՀՀ վարչապետն իր ելույթում նշել է. «Ուղիղ 1 տարի առաջ այս օրը մենք կրկին իրար հետ էինք, սակայն փշալարերի տարբեր կողմերում: Ես այդ օրը նշանային եմ համարում Հայաստանի Հանրապետության ոստիկանության և քաղաքացիների հարաբերությունների մեջ: Այդ օրվանից մեր հետևությունն այն էր, որ այդ բուն գործընթացի ընթացքում, ըստ էության, տեղի ունեցավ հակասության մի շատ արտահայտիչ ակցիա, այդ ամենի մեջ չկար ոչ մի կաթիլ և ոչ մի հատիկ ատելություն: Հենց այս առումով եմ նշանավոր համարում այդ օրը և կարծում եմ, որ դա Հայաստանի Հանրապետության ոստիկանության և քաղաքացիների հարաբերությունների նոր բովանդակության սկիզբն է՝ այն առումով, որ ՀՀ ոստիկանության գործողություններն ատելություն չպետք է արտահայտեն և առաջացնեն»:

 

Փաշինյանն ընդգծել է, որ ոստիկանության գործողությունները չպետք է առաջացնեն ատելություն և դրանք չպետք է արտահայտեն նման դրսևորում:
 

Վարչապետի կարծիքով, որ վերջին ամիսների ամենամեծ ձեռքբերումը կարել է հենց դա համարել, երբ ատելությունը՝ որպես հարաբերությունների հատկանիշ, ընդհանրապես դուրս է եկել ոստիկանության և հասարակության հարաբերություններից, ընդհանրապես դուրս է եկել իշխանության և հասարակության հարաբերություններից:

 

Փաշինյանի խոսքով՝ իրավապահ մարմինները, հատկապես ոստիկանությունը մեր պետականության հիմնասյուներից են:

 

«Անկախ ամեն ինչից՝ ոստիկանությունը պետականության հենասյուն է և մենք պետք է այս իրողությունը հստակ և միանշանակ գիտակցենք ու արձանագրենք, որ ոստիկանության գործառույթների բարձր մակարդակի իրականացումն առաջին հերթին պետության բարձր մակարդակի վկայությունն է»։

 

ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ Նոր Հայաստանում, ոստիկանությունն իսկապես նոր բովանդակություն, կերպար կստանա, նոր անելիքի մեջ կդրսևորվի, և դա չի լինի որևէ քաղաքական ուժի, քաղաքական որևէ թիմի կամ որևէ անձի ծառայելը:


«Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պետք է ծառայի Սահմանադրությանը, օրենքին և ժողովրդին»,- նշել է Փաշինյանը։

 

Ոստիկանության օրվա առթիվ հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով ոտիկաններ են պարգեւատրվել։          


0:00
0:00