ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դավիթ Բաբայանը՝ ԱԳ նախարարիների հանդիպման եւ Չավուշօղլուի հայտարարության մասին
2019-04-16 16:50:38

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Ցանկացած հանդիպում կարևոր է, որովհետև այդ հանդիպումները  թույլ են տալիս ձեռնարկել քայլեր խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ»,-անդրադառնալով երեկ Մոսկվայում կայացած արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը՝ «Ռադիլուրի» հետ զրույցում ասել է  Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նա անդրադարձել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի՝  հայկական զորքը «գրավյալ» տարածքներից դուրս բերելու կոչին:

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն Հայաստանին կոչ է արել ԶՈՒ-ն դուրս բերել, այսպես կոչված, Արդբեջանի «գրավյալ» տարածքներից՝ նշելով, որ տարածաշրջանին առնչվող հարցերում Հայաստանը պետք է ազնիվ լինի նախևառաջ ինքն իր հետ: Թուրք պաշտոնյան մասնավորապես նշել է.

«Ադրբեջանի յուրաքանչյուր խնդիր ուղղակիորեն առնչվում է նաև Թուրքիային: Հայերը խոսում են արդարությունից՝ միաժամանակ կեղծիք տարածելով ինչ-որ ցեղասպանության մասին: Հիշեցնեմ, որ պաշտոնական Երևանը հրաժարվել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու մեր առաջարկից: Հրաժարվել է, որովհետև այս ամենի հիմքում կեղծիքն է», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը՝ հավելելով, թե՝ թուրք զինվորականներին ոչնչացնող քրդական ահաբեկչական կուսակցության շարքերում քիչ չեն ծագումով հայերը:

«Կարող ենք շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտգործնախարարին անկեղծության համար: Այլ բան մենք չէինք էլ սպասում»,- Չավուշoղլուրի հայտարարությանն այսպես է  արձագանքում Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Ինչ վերաբերում է օկուպացիա եզրույթին, ըստ Բաբայանի,  հարևան երկրում այդ  բառն ընդհանրապես չպետք է օգտագործեն, որովհետև ամբողջ Թուրքիան  օկուպացիայի արդյունք է:

«Ցանկացած հանդիպում ինքնին կարևոր է, որովհետև այդ հանդիպումները  թույլ են տալիս ձեռնարկելու քայլեր խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ»,-անդրադառնալով երեկ Մոսկվայում կայացած արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Ռուսական  կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների  աշխատանքային հանդիպմանը միացել էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու  ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Ըստ հանդիպումից հետո տարածված հայտարարության, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատել են  կողմերի մտադրությունը՝ շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը:

Կողմերն ընդգծել են իրենց շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում:

Դավիթ Բաբայանի խոսքով, նման առաջարկներով ավելի քան տասը տարի առաջ պաշտոնական Ստեփանակերտը մի ամբողջ փաթեթ է ներկայացրել համանախագահներին, որոնք ընդունվել են ոգևորությամբ, բայց չեն կատարվել Ադրբեջանի կամքի բացակայության պատճառով:

Բաբայանի բնորոշմամբ, կյանքը ցույց կտա, թե ինչպես իրեն կդրսևորի Ադրբեջանը: Հայկական կողմն այս հարցում պատրաստակամ է, որովհետև ոչինչ չունի թաքցնելու:

Ի դեպ, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը ևս «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունները չեն խոչընդոտի ադրբեջանցի բանտարկյալների հարազատների այցերին։

Նույնը վստահեցրել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան:

0:00
0:00