ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Համայնքների ապակենտրոնացման ճանապարհային քարտեզը՝ անհրաժեշտությո՞ւն
2019-04-16 18:10:16

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

 

Առայժմ չունենք համայնքների ապակենտրոնացման ճանապարհային քարտեզ՝ ասում է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

 

Նա մտահոգություն է հայտնել, որ նման զարգացումների դեպքում առաջիկա տարիներին գյուղերում ու քաղաքներում բախումներն անխուսափելի են դառնալու:

Ավագանի, Հաշվեքննիչ պալատ ( նախկին Վերահսկիչ պալատը), ֆինանսների նախարարություն. համայնքների բյուջեներն ու   հատկապես սուբսիդիաները կարող են վերահսկել միայն այս երեք կառույցները՝ օրենսդրորեն իհարկե:

«Ռադիոլուրի» հարցին ի պատասխան հստակեցնում է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: Պետական վերահսկողական ծառայությունը, Երիցյանի պնդմամբ, կարող է ստուգել միայն պետական ֆինանսավորման ենթակա ծախսերի հետ ելակետային տվյալների համապատասխանությունը:

 «Օրինակ, պետությունը որևէ ծրագիր է սուբսիդավորում՝ մանկապարտեզի վերանորոգման, համայնքը տալիս է ելակետային տվյալներ, ընդամենը այդ տվյալները համապատասխա՞ն են, թե՞ չէ: Դա գումարներին չի առնչվում. օրինակ, մանկապարտեզի շենքի  ծավալը  ճի՞շտ է ներկայացված, թե՞ ոչ, ֆինանսական վերահսկողության որևէ գործառույթ չունի»:

Էմին Երիցյանը, հղում անելով օրենսդրությանը,  հստակեցնում է. «Վարչապետը համայնքների նկատմամբ վերահսկողական  որևէ գործառույթ չունի  բացարձակապես: Այն, որ վերահսկողական ծառայությունը կամ ցանկացած նման մարմին համայնքներում ուսումնասիրություն անի, կամ անունը այլ բան դրվի, չի համապատասխանում մեր օրենսդրությանը»:

Վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր  համայնքների բնակիչներ պարբերաբար նույն  պահանջն են  ներկայացնում. պահանջում են  համայնքի ղեկավարի հրաժարականը: Որպես կանոն համայնքապետերը հրաժարական են տալիս  վերահսկողական ծառայության պետի՝ համայնք այցելելուց հետո. այսպես եղավ Ուրցաձորում, վերջին դեպքը Զարթոնքում էր:

Երիցյանը հայտարարություն էր տարածել ու նշել, որ վերահսկողական ծառայության պետն իրավունք չունի գնալ  ու  պահանջել կամ հորդորել, որ համայնքի ղեկավարը հրաժարական տա: Նրան արձագանքել էր ՀՀ վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը.

 «Մենք մի քանի անգամ պատասխանել ենք՝ մենք մեր իրավասության մեջ ենք»:

Էմին Երիցյանն այսօր խնդիրը երկու տեսանկյունից մեկնաբանեց.  արդեն իսկ հասունացած կոնֆլիկտ կար, ու ցանկացած պաշտոնյայի միջամտությունն այս հարցում  դրական է.

«Բայց եթե վերահսկողական ծառայության պետը  կամ ծառայությունը գնում է Զարթոնք՝ վերահսկողական գործառույթ  իրականացնելու համար, դա օրենսդրության խախտում է, իսկ եթե որպես պաշտոնյա գնում է համայնքում ստեղծված իրավիճակում կողմերի հետ խոսելու կամ իրավիճակ հանդարտեցնելու, կարելի է միայն ողջունել»:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը շարունակում է պնդել՝ համայնքների ապակենտրոնացում ինչպես նախկինում, այնպես էլ այժմ չկա, ավելին, չունենք  համայնքների   ապակենտրոնացման ճանապարհային քարտեզ:

Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ վերջին հանդիպման ժամանակ հայտարարեց՝ համայնքներից ստացվող սուբվենցիոն ծրագրերի հայտերը համայնքների ապակենտրոնացմանն ու ինքնուրույնությանը միտված քայլեր են.

«Սուբվենցիան դա համայնքների ու կառավարության համատեղ համաֆինանսավորումն է, մոտավորապես միջինը 50-50 տոկոս, իհարկե հիմնականում ավելի շատ կառավարությունն է տրամադրում: Բայց նախադեպ, որ համայնքները 10 մլրդ դրամի աշխատանք կարող են կատարել, վերջին քսան տարում չի եղել»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

Համայնքները մինչև մայիսի 15-ը հայտեր ներկայացնելու ժամանակ ունեն:  Կառավարության հավանությանն արժանացած նախագծերի համար գումարներ կտրամադրի նաև կառավարությունը:

0:00
0:00