ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վեճ՝ առանց հստակ թեմայի. ԱԺ քառօրյան մեկնարկեց
2019-04-16 18:35:09

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր սկսվել է ԱԺ հերթական լիագումար նիստերի շաբաթը: Օրակարգից դատելով այն խիստ հագեցած է՝ ՍԴ դատավորի ընտրություն, կառավարության կառուցվածքի նախագիծ։

Հերթական նստաշրջանի օրակարգում եւս մեկ ընտրություն է ընդգրկված. օրենսդիր մարմնի ներկայացուցիչները կընտրեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ:

Բայց այսօր խորհրդարանում գրանցված միջադեպը այս կարեւոր հարցերից որեւէ մեկի հետ կապված չէր: Այս գումարման խորհրդարանում առաջին անգամ լուրջ վիճել են, ընդ որում՝ տեւական ժամանակ:

Գրեթե 1.5 ժամ պատգամավորներին այսօր չէր հաջողվում հաստատել օրակարգը: Հաշվի առնելով խորհրդարանական կառավարման բարդությունները՝  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումների շարք է նախաձեռնել ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Արդյո՞ք սա նոր ներքաղաքական զարգացումների հնարավորություն է տալիս:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ երեկ կայացել են առանձին հանդիպումներ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը ավելի վաղ էին մասնակցել նմանատիպ մի հանդիպման: Արդյո՞ք երկրի նախագահին քաղաքական դաշտում ինչ- որ հարցեր են մտահոգում՝ ԲՀԿ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը չի շտապում բացահայտել առանձնազրույցի նպատակը:

«Կոռեկտ չեմ համարի իր կամ ներկայացուցչի փոխարեն պարզաբանել՝ հիմնական դրդապատճառները որոնք են եղել: Ըստ էության նախագահի կողմից պատրաստակամություն կա իր լիազորությունների շրջանակներում աջակից եւ մասնակից լինելու տարբեր գործընթացներին: Ընդհանուր երկրում տեղի ունեցող գործընթացների հետ կապված եւ տարբեր մտքերի փոխանակում է տեղի ունեցել»:

Զրույցի ընթացքում չեն խոսել սուպերվարչապետություն ապահովող Սահմանադրության մասին՝ փոխանցում է ԱԺ փոխնախագահը:

Նախագահի հետաքրքրությունը ԱԺ աշխատանքների հանդեպ կապված է խորհրդարանական կառավարման հետ: Խորհրդարանում, սակայն, այսօր օրվա սկզբին աշխատանքային տրամադրություններ չէին՝ սաբոտաժ, պոպուլիզմ, զոմբիներ, պրովոկացիա ամենաշատ օգտագործված բառերն էին եւ բոլորի մոտ գերակշռում էր բացահայտել դիմացինի մութ անցյալը կամ ոչ մեծ կենսագրությունը:

Ամեն ինչ սկսվեց ԲՀԿ օրենսդրական մի նախաձեռնությունից, որը պատգամավորների մեծամասնությունը չընդգրկեց օրակարգ: Խոսքը` սահմանին 18 տարեկան զինծառայողներին պայմանագրային զինծառայողներով փոխարինելու նախագծի մասին է:


ԲՀԿ անդամները միանգամից հիշեցին հին ժամանակները,
այդ պահից սկսած «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների անդամները նիստերի դահլիճում միավորվեցին` ընդդեմ խորհրդարանական մեծամասնության: Մեկ ժամից ավելի պատգամավորները վիճեցին առանց հստակ թեմայի, աստիճանաբար անցան որակումների, վիրավորանքների, միմյանց հանդեպ կասկածներ հայտնելուն:  

Որոշ առումով «թեժությունը» պահպանվում էր նաեւ նիստերի դահլիճից դուրս: Նախորդ խորհրդարանների համեմատ այս խորհրդարան ակտիվ գալիս է եւ նիստերին մասնակցում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Այսօր նրա տրամադրությունն էլ էր մարտական՝ ցեմենտի գործարանի աշխատակիցներին կրճատումների ծանուցումներ ուղարկելու համար իբրեւ իրական մեղավոր ցույց տվեց իշխանությանը, հետո դժգոհեց ներքին քաղաքականությունից եւ օրակարգ բերված կառավարության կառուցվածքից:

Ինչ էր ի վերջո այսօր կատարվում խորհրդարանում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի մեկնաբանությամբ՝ որեւէ քողարկված գործընթաց չկա, խորհրդարանական նորմալ աշխատանք էր:

«Աժ-ում ուժերը չեն հավաքվել, որ իրար գովան, իրար մասին կենացներ ասեն: Լինում են բանավեճեր, հնարավոր է մի տեղ մի քիչ ավելի սուր, էմոցիաները սրվեն, դրանք մնում են քաղաքական հարթության վրա: Նախ կռիվ չի եղել: Որեւէ մեկ որեւէ մեկին անձնական վիրավորանքներ չեն տալիս, չենք էլ տալու համենայն դեպս «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այդ գծի մեջ է իրեն պահելու»:  

Ըստ պատգամավորի՝ նաեւ այս ձեւով է ապահովվել խորհրդարանի բազմակարծությունը: Չնայած թեժ մթնոլորտին ու տարբեր բացահայտումների սպառնալիքներին՝ Մարուքյանը պնդում է. վեճը այսօր չտեղափոխվեց անձնական հարթություն: