ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՍԴ դատավորի ընտրության հերթական փորձը՝ կրկին ձախողված
2019-04-16 18:45:19

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Քվեարկության 24 կողմ, 75 դեմ արդյունքով խորհրդարանն այսօր մերժել է Գոռ Հովհաննիսյանին ՍԴ դատավոր նշանակելու հանրապետության նախագահի առաջարկը: Քվեարկությունը թեև  փակ  ու գաղտնի է եղել, բայց դրան նախորդած  քննարկումն ակնհայտ է դարձրել թեկնածության նկատմամբ  ԱԺ մեծամասնության ոչ միանշանակ վերաբերմունքը: Ուշագրավ է, որ խորհրդարանում ՍԴ դատավոր չի ընտրվում արդեն 4-րդ անգամ: Նախորդ 3 դեպքերը գրանցվել են  նախորդ գումարման խորհրդարանում,4-րդը արձանագրվեց այս Ազգային ժողովում:

Պատճառ չեմ տեսնում, որ չընտրվեմ. դեռ երեկ՝ խմբակցությունների հետ հանդիպումներից հետո  նման տպավորություն ուներ ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը: Այսօր արդեն նրա թեկնածության շուրջ՝ ԱԺ նիստերի դահլիճում ծավալված քննարկումը  ցույց տվեց, որ  լավատեսությունն այնքան էլ  հիմնավորված չէ:

Հանրապետության նախագահի առաջադրած ՍԴ թեկնածուին հարց տալու համար հերթագրվել էր մոտ 2 տասնյակ պատգամավոր: Հարցերում ավելի շատ մտահոգություններ էին, քան վստահություն, որ Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը բավարարում  է օրենսդրության պահանջներին: Հիմնական մտահոգությունը վերաբերում է պահանջվող աշխատանքային փորձին:

Ըստ Սահմանադրության 165-րդ հոդվածի՝ Սահմանադրական դատարանի դատավորը պետք է ունենա մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձ: «Իմ քայլի» պատգամավորները կասկածներ ունեն, որ  Գոռ  Հովհաննիսյանի մասնագիտական փորձը սահմանադրական պահանջին չի բավարարում: Նիկոլայ Բաղդասարյանը վկայակոչում է ԱԺ պաշտոնական կայքում ներկայացված տվյալները: Հաշվարկել է, որ ըստ դրանց թեկնածուն ոչ թե 180, այլ  165 ամսվա աշխատանքային փորձ ունի:

«Տվյալներից երևում է, որ Ձեր փորձը չի բավարարում: Հիմա եթե մենք կողմ քվեարկենք, արդյոք դիսոնանս չի առաջանա՞»:

Գոռ Հովհաննիսյանի կարծիքով՝ տարբեր են ստաժը հաշվարկելու մեթոդները:

«Ձեր բարձրացրած պրոբլեմն այն է, որ Սահմանադրության 165-րդ հոդվածը այլ կերպ ենք հասկանում: Դուք ուզում եք բոլոր թվերն իրար գումարել և 15 ստանալ, բայց ես այլ կերպ եմ հասկանում»:

 

Պարզվեց հաշվարկման մեթոդների շուրջ բանավեճը շարունակվել է նաև ընդմիջման ժամանակ: Թեկնածուն ու պատգամավորն իրար համոզել չեն կարողացել:

 

Աշխատանքային փորձին վերաբերող մեկ հարց էլ  «Իմ քայլը» խմբակցության ղեկավարից: Լիլիթ Մակունցը նամակ է ստացել «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ից, որը դիտորդական առաքելություն է  իրականացնում Սահմանադրական դատարանի թափուր պաշտոնի համալրման գործընթացի նկատմամբ:

 

«Ըստ ձեր նշված կենսագրական թերթիկի՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ կնքված պայմանագրով Դուք աշխատել եք 2 տարի մեկ ամիս: Նշված կազմակերպությունը հարցում է ուղարկել ԵԱՀԿ երևանյան գրասենյակ և պատասխան է եկել, որ Դուք այդ նշված պայմանագրի սահմաններում աշխատել եք երեսուն օր»:

 

«Հավանաբար խոսքը ոչ թե ԵԱՀԿ-ի, այլ Եվրախորհրդիհետ պայմանագրի մասին է: ԵԱՀԿ-ի դեպքում ես աշխատել եմ 2016-ի օգոստոսին միայն, Եվրախորհրդի դեպքում է, որ երկար եմ աշխատել: Ես 2014 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի ապրիլը զբաղվել եմ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներով, այսինքն՝ ես, փաստացի, աշխատել եմ ավելին, քան պայմանագրում նշված օրերի քանակն է, որոնց հիման վրա հաշվվում է աշխատանքի վարձատրությունը: Խնդիրը միայն դրա մեջ է»:

 

Ներկայացված փաստաթղթերում խնդիրներ տեսել էր նաև ԱԺ նախագահը՝ լեզվականից՝ փաստաթղթերից շատերը եղել են գերմաներեն մինչև որոշ ապացույցների բացակայություն: Փաթեթը հետ էր ուղարկել լրամշակման, ստացել լրացված տարբերակը, բայց ԱԺ նախագահի գնահատմամբ՝ փաստաթղթային շփոթը չի վերացել:

 

Արարատ Միրզոյանի՝ մինչև քվեարկությունն արված այս դիտարկումից համարյա ենթադրելի էր, թե ինչպիսին է լինելու խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումը: Քվեարկության արդյունքները հաստատեցին ենթադրությունը:

Գոռ Հովհաննիսյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 24, դեմ՝ 75 պատգամավոր: ՍԴ դատավորի ընտրության համար անհրաժեշտ էր պատգամավորների 3/5-ի կողմ քվեարկությունը:

 

Ուշագրավ է, որ խորհրդարանը մերժում է ՍԴ դատավորի թափուր պաշտոնի համար առաջադրված արդեն 4-րդ թեկնածուին: Պաշտոնը թափուր է շուրջ 2 տարի:

3 թեկնածուներին մերժել է նախորդ գումարման խորհրդարանը: Երրորդը Վահե Գրիգորյանն էր, որի թեկնածությունը նույնպես առաջադրել էր հանրապետության նախագահը: Նրան, սակայն, մերժեց նախորդ գումարման խորհրդարանի Հանրապետական մեծամասնությունը, նախագահի առաջադրած երկրորդ թեկնածուին՝ Գոռ Հովհաննիսյանին մերժեց արդեն նոր խորհրդարանի նոր մեծամասնությունը:

 

0:00
0:00