ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ժան-Իվ Լը Դրիանի հետ
2019-04-17 10:41:55

Ապրիլի 16-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանին՝ տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ Լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

Շնորհակալություն հայտելով ընդունելության համար՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ շատ զգացմունքային է այսօր գտնվել Փարիզում և մեր համերաշխությունը հայտնել Ֆրանսիային և Ֆրանսիայի ժողովրդին Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհից հետո: Նախարար Մնացականյանը նաև իր գործընկերոջը փոխանցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը, որով վերջինս հույս է հայտնում, որ համատեղ ջանքերով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր տաճարի նախկին տեսքը վերականգնելու համար:

Զոհրաբ Մնացականյանը և Ժան-Իվ Լը Դրիանը գոհունակություն են հայտնել ավանդական բարեկամության և համընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-ֆրանսիական բազմաոլորտ ամուր համագործակցության առնչությամբ՝ ընդգծելով երկուստեք պատրաստակամությունն ապահովելու երկկողմ հարաբերությունների շարունակականությունը նոր նախաձեռնությունների միջոցով: Զրուցակիցները նշել են, որ երկկողմ օրակարգի ավանդական՝ քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային ուղղություններին ավելացել է նաև համագործակցությունը մեծ ներուժ ունեցող բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության բնագավառներում:

Առանձնահատուկ կարևորվել է Ֆրանսիայում հարուստ պատմություն և ուրույն դերակատարություն ունեցող հայկական համայնքի կարևորությունը և կամրջող դերակատարությունը երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել ամրապնդման և օրակարգի հարստացման գործում:

Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հրամանագիրը, ինչը Ֆրանսիայի դիրքորոշման շարունակականության ևս մեկ դրսևորում է՝ ուղղված ժխտված արդարության վերականգնմանը:

Անդրադառնալով Եվրամիության, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունը և քաղաքական կամքը՝ ապահովելու համաձայնագրի արդյունավետ կիրարկումը:

Զոհրաբ Մնացականյանը կարևորել է նաև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցը՝ շեշտելով, որ վերոնշյալ գործընթացը հնարավորություն կընձեռի առավել ընդլայնելու մարդկանց միջև շփումները և խթան կհանդիսանա Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների համագործակցության ամրապնդմանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Հայաստանի ԱԳ նախարարն իր ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրել է նախօրեին Մոսկվայում կայացած հանդիպման մանրամասները՝ վերահաստատելով Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման գործընթացում: Երկուստեք կարևորվել է խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ միջավայրի ձևավորումը՝ վստահության ամրապնդման քայլերի միջոցով: