ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ահազանգ. Ի՞նչ ջրեր են հոսում Արարատյան դաշտավայրում
2019-04-17 14:33:52

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Արարատի մարզի Մարմարաշեն եւ Նոր Կյուրին գյուղերի բնակիչներին տանջում է բնակավայրերով հոսող գետի գարշահոտն ու աղտեղությունը: Խնդիրն արդեն տարիներ է վերջնական լուծում չի գտնում, քանի որ մինչեւ գյուղեր հասնելը գետ են լցվում Նուբարաշենում գործող խոզաբուծարանների կեղտաջրերը, մեծամասամբ՝ «Վասանավի» ընկերությունից: Անցյալ աշնանից պատկան մարմինները փորձում են խնդրին արմատական լուծում տալ, սակայն հարցը դեռ լիովին լուծված չէ, իսկ խնդրի կողմ տնտեսվարողները շտապում են միմյանց մեղադրել:

«Ռադիոլուր»-ին տրամադրված լուսանկարները փաստում են՝ Արարատի մարզի Մարմարաշեն եւ Նոր Կյուրին գյուղերով անցնող սելավատար-գետում ձկները մեծ քանակով սատկում են, իսկ ջրի երեսին կեղտի փառը փաստում է գետում տիրող հակասանիտարական վիճակը: Ըստ ահազանգի՝ Նուբարաշենի 2 խոշոր խոզաբուծարանի կեղտաջրերը լցվում են այստեղ, ու արդեն տարիներ է՝ հարցը ոչ մի լուծում չի ստանում: Ընդ որում՝ կեղտաջրերը ոչ միայն արտաթորանք են, այլեւ քիմիական նյութեր, որոնցով ախտահանվում են անասնագոմերն ու սպանդանոցները:

«Ժողովուրդն էդ գետից է օգտվում՝ ծառերն են ջրում, կանաչի, միրգ են աճեցնում: Կենդանական աշխարհ չի մնացել, սատկել է: Անգամ գորտ ու օձ էլ չկար: Ծառերը ջրում ենք՝ չորանում են: Գարշահոտ է գալիս ջրից: Երեխաները մտնում են էդ ջրի մեջ, լողում, խաղում են. չես կարող իմանալ՝ ինչ կլինի»:

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասվածը հաստատում են նշված համայնքների ղեկավարներն էլ: Մարմարաշենի գյուղապետ Էդվարդ Հակոբյանը շեշտում է՝ բնապահպանական այս խնդրի պատճառով գյուղն ապրում ու շնչում է գարշահոտության ու կեղտի մեջ:

«Հարյուր տոկոսով ազդում է մեր կենցաղի, մեր առօրյայի վրա: Ամեն օր շնչում ենք էդ հոտը: Ամառվա սեզոնին կեղտաջուրը գալիս է, գարշահոտը գալիս է»:

Մարմարաշենի գյուղապետը մատնանշում է խնդրի այլ կողմն էլ: Արարատի մարզի այս հատվածում՝ գետի ափին, մասնավոր մեծ ու փոքր ձկնաբուծարաններ կան: Դրանք ստիպված են ձուկը բուծել գետում, ուր լցվում են երեւանյան խոզաբուծարանների քիմիական կեղտաջրերը, ապա օգտագործում կամ շուկա են հանում նույն այդ ձկնամթերքը: Բայց հիմա այդ ձուկն էլ սկսել է սատկել:

«Մեռա սրա-նրա դռները: Էլ բնապահպանության նախարարություն, էլ սանէպիդկայան, էլ մարզպետարան, տարածքային կառավարում: Դիմել եմ: Հանձնաժողովներով եկել են, տեսել են, ասել են՝ հա: Բայց...», - ասում է Էդվարդ Հակոբյանը

«Բայց»-երի շարքը շարունակում է Նոր Կյուրինի գյուղապետ Գեւորգ Օհանյանը.

«Մարզպետը միշտ քննարկում է էս հարցը: Մենք իր մոտ ենք եղել, անձամբ՝ ես: Բայց էս պահին վերջնական արդյունքը չկա: Չնայած իրենք մի 90 տոկոսով արդեն էդ կեղտաջրերի դեմն առել են: Հիմա դա քիչ քանակով է գալիս, հիմնականում գալիս է էն հին նստվածքը»:

Մեզ հետ զրույցում «Վասանավի» անասնաբուծական ընկերության տնօրեն Գառնիկ Էլոյանը մի քանի անգամ ու տարբեր ձեւակերպումներով պնդեց՝ խնդիրն իրենք արդեն լուծել են, այլեւս իրենց անասնագոմի կեղտաջուրը գետ չի լցվում: Սա, ի դեպ, այն խոզաբուծական տնտեսությունն է, որից լցվում է հիմնական կեղտաջուրը.

«Էդպես չէ, իրականությանը դա չի համապատասխանում: Մասնակի է էդպես: Չէ, լիովին վերացրել ենք եղած թերությունները: Մենք մեքենաներով այդ ամեն ինչը տեղափոխում ենք: Չէ, չէ, չի լցվում»:

Մինչդեռ գետի ափին հիմնված այգիներից մեկի տերը՝ Ստեփան Գեւորգյանը, հակառակն է պնդում՝ մինչ օրս կեղտաջրերի հոսքը գետ շարունակվում է, ինչը փաստում է «Ռադիոլուրին» տրամադրած տեսանյութերով ու լուսանկարներով: «Ոչ մի փոփոխություն չկա: Անընդհատ էդ կեղտաջուրը գալիս է»:

Մեզ հետ զրույցում Մարմարաշենի եւ Նոր Կյուրինի գյուղացիները պնդում են՝ 10-15 հազար խոզ բուծող խոշոր տնտեսությունը, որին տրվել է զգուշացում, «վերեւներում» լուծում է իր հարցերը: «Պատահական մարդիկ չեն»,- ասում են ու հավելում՝ այդ հսկա ծավալով բուծված խոզի միսը սպառվում է սուպերմարկետներների խոշոր ցանցերում, որոնք կապվում են գործարար Սամվել Ալեքսանյանի անվան հետ: Խնդրին արձագանքել է կառավարությանը ենթակա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ու արձանագրել՝ համայնքներում, իրոք, կեղտաջրերի հետեւանքով դիտվում է ձկների անկում եւ որոշ մշակաբույսերի չորացում:

Կառույցի ղեկավարի օգնական Վրույր Պեպանյանն ասում է. «Հարուցվել է վարչական վարույթ: Մարտի 4-ին կայացվել է որոշում՝ պարտավորեցնել «Վասանավի» ընկերության տնօրենին՝ անհապաղ դադարեցնել կեղտաջրերի արտահոսքը դեպի «Արտաշատ» ՋԸՕ-ի կողմից սպասարկվող ոռոգման համակարգ»:

Տեսչական մարմնից խոստանում են «Ռադիոլուրի» ահազանգի հիմքով նոր ուսումնասիրություն ու ստուգում անցկացնել՝ պարզելու՝ հանձնարարականը կատարվա՞ծ է, թե։ ոչ:

Բայց նոր խոստումը հին խնդրով մտահոգ մարդկանց չի հանգստացնում: Խոզաբուծական տնտեսությունը մեկ անգամ չէ, որ զգուշացվել է՝ ասում են, «այն ամեն անգամ հաճույքով վճարել է տուգանքներն ու շարունակել նույն կերպ»: Անգամ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վահան Կարապետյանը, ում, ըստ լուրերի, պատկանում է խոզաբուծարանը, այս ընթացքում մի քանի անգամ հանդիպել է բողոքող գյուղացիների հետ ու, ասում են, ոմանց հետ նույնիսկ «լեզու գտել» նույն խոզաբուծարանի խոզերի մսով ու գոճիներով:

0:00
0:00