ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բողոքի ակցիա՝ ի աջակցություն գերեվարված Կարեն Ղազարյանի
2018-11-19 17:15:34

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

 

Ադրբեջանում գերեվարված Տավուշի Բերդավան համայնքի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանին վերադարձնելու համար կառավարությունից գործուն քայլերի պահանջով ակցիա են այսօր Երեւանում իրականացրել Տավուշցի ուսանողները: Բերդավան համայնքի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանին եւ մյուս գերիներին վերադարձնելու պահանջով նախորդ երկու օրերին ակցիաներ էին անցկացվել Տավուշի մարզում:
 

Մասնակիցները փակել էին Հայաստան- Վրաստան միջպետական ճանապարհը՝ իշխանություններից գործողություններ պահանջելով 34-ամյա բերդավանցի Կարեն Ղազարյանին և մյուս գերիներին վերադարձնելու համար։ Տավուշում անցկացված բողոքի ակցիայի մասնակիցներին երկու օր անց հանդիպել էր կառավարության ներկայացուցիչը: Վերջինիս տված պարզաբանումներն ու պատասխանները, սակայն, ոչ բավարար եւ ոչ սպառիչ են համարում Երեւանում ուսանող տավուշցի երիտասարդները:

 

Նրանք ԵՊՀ-ի մոտից բողոքի քայլերթով հասել են մինչեւ կառավարության գլխավոր մասնաշենք, որտեղ նամակ են փոխանցել՝ պայմանով, որ այն անմիջականորեն կփոխանցվի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

 

Տավուշցի ուսանողների բողոքի ակցիային այսօր միացել էր նաեւ գերության մեջ գտնվող 34-ամյա բերդավանցի Կարեն Ղազարյանի հորաքրոջ տղան՝ Խորեն Ասլանյանը: Նա ասաց, որ ուսանողների բողոքին ինքը մասնակցում է, որպեսզի ամեն-ինչ հարթ ու կազմակերպված լինի եւ ներկայացվի հիմնական պահանջը:

 

Գերիների վերադարձման միակ ձեւաչափը միջազգային կառույցներն են, Եվրոպական դատարանը, որի աշխատանքի արդյունքին պետք է սպասել: Երեկ, ըստ էության այսպիսի պարզաբանում էր ներկայացրել Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով խնդրին:

Տավուշցի ուսանողները, մինչդեռ, այսօր նշեցին, որ նման պատասխանը ո՛չ սպառիչ է եւ ո՛չ բավարար: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն այն երկիրը չէ, որը ենթարկվում է նման միջազգային կառույցների վճիռներին՝ ասացին:    

 

Այսօրվա բողոքի ակցիայի մասնակիցները նշեցին, որ կառավարության ներկայացուցչի պատասխանը չի բավարարել նաեւ գերեվարված Կարենի ծնողներին:

 

Ակցիայի մասնակիցները ԵՊՀ-ի մոտից բողոքի քայլերթով հասան մինչեւ կառավարության գլխավոր մասնաշենք, որտեղ նամակ փոխանցեցին կառավարություն՝ պայմանով, որ այն հասնի անմիջականորեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որն այսօր աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ էր մեկնել:

 

Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը հուլիսի 15-ին էր հայտնվել Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել «սահմանին Հայաստանի ԶՈՒ հետախուզադիվերսիոն խմբի հարձակման կանխման», ինչպես նաեւ 1984 թվականի ծնված հայ զինծառայող Կարեն Ղազարյանի գերեվարման մասին:

 

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈՒ շարքերում: Այս հայտարարությունը, սակայն, Ադրբեջանի իշխանություններին չէր խանգարել գերեվարված քաղաքացուն դիվերսանտ հայտարարել եւ դատել:
 

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն օրերս հայտարարել էր, որ Ադրբեջանը փորձել է շոու անել, Ղազարյանին դիվերսանտ ներկայացնել եւ հավասարության նշան դնել Ասկերովի եւ Գուլիեւի հետ, որոնք ծանր հանցագործություններ են կատարել:

 

Հարցով ՄԱԿ եւ ԵԽ հանձնակատարներին է դիմել ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը: Օմբուդսմենը հայտարարել է, որ աշխատանք է տարվում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ:

Արման Թաթոյանը նաեւ հայտնել է, որ իրենք միջազգային կառույցներին ներկայացրել են փաստաթղթեր, որ Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, երբևէ չի ծառայել Զինված ուժերում և ունի հոգեկան առողջության խնդիրներ: Այդ կառույցներից, սակայն, որեւէ արձագանք դեռ չկա: