ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արցախը Ադրբեջան հետ խաղաղ հարաբերությունների կողմնակից է. Բակո Սահակյան
2019-04-17 16:40:45

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Արցախը Ադրբեջան հետ խաղաղ հարաբերությունների կողմնակից է, այսօր Ստեփանակերտում հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ շեշտելով, որ ցանկացած ագրեսիայի դեպքում արվելու է ամեն ինչ հայրենիքի անկախությունը, անվտանգությունը և արժանապատվությունը պաշտպանելու համար: Արցախի նախագահն այսօր խորհրդարանում հաղորդում է ներկայացրել անցած տարվա կատարած աշխատանքների մասին և խոսել առաջիկա անելիքներից:

Արտաքին քաղաքական հարցերը, որ Արցախի պարագայում բաղդատված, բայց և  ամրակուռ են մեկ ամբողջության մեջ, վերաբերում են երկրի պաշտպանությանը, Ադրբեջանի հետ հարաբերություններին և Արցախի միջազգային ճանաչման գործընթացին:

Արցախի նախագահը տարեկան հաղորդումը սկսեց հենց այսպես. 2018-ին Պաշտպանության բանակն ապահովել է երկրի սահմանների անձեռնմխելիությունը    և պետության անվտանգությունը, իշխանությունն էլ արել է ամեն ինչ բանակի մարտունակության ապահովման համար:

Այսօր Արցախի նախագահն արձանագրեց, որ անցած տարվա սեպտեմբերից՝ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի պայմանավորվածություններից հետո հրադադարի ռեժիմի խախտումները նվազել են, սակայն Ադրբեջանը չի վերանայել իր  հակահայկական նկրտումները։

Դրա մասին վկայող հանգամանքների շարքում նախագահը նշեց նաև անցած տարի եւ 2019-ին  տեղի ունեցած լայնածավալ զորավարժությունների մասին: Ռազմատենչ հռետորաբանությունը լսելի է նաև Վիեննայի հանդիպումից հետո՝ ասում է Բակո Սահակյանը:

Հենց այս հանգամանքներն էլ Արցախին ստիպում են հատուկ ուշադրություն դարձնել պաշտպանության ոլորտին: Անցած տարի քայլեր են արվել բանակի համալրման ու արդիականացման ուղղությամբ:

Արցախի նախագահը խոսեց նաև ռազմական ինժեներական կառույցների ամրապնդման, կապի ոլորտի արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Այդ ամենն արվում է այն համոզմունքով, որ ինչքան ուժեղ լինեն զինված ուժերը, այնքան ամուր եւ կայուն կլինի իրավիճակը սահմաններին և տարածաշրջանում:

Արցախը կողմնակից է Ադրբեջանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորմանը՝ ասում է Արցախի նախագահը և շեշտում, որ ագրեսիայի դեպքում անելու են ամեն ինչ հայրենիքի անվտանգությունը, անկախությունը և արժանապատվությունը պաշտպանելու համար:

Արցախը եղել եւ մնում է հակամարտության ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում լուծման կողմնակիցը՝ բանակցությունների ձևաչափի լիարժեքության պայմաններում:

Նախագահն ասում է, որ այսուհետ ևս աջակցելու են ինչպես համանախագահներին, այնպես էլ ԵԱՀԿ  գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակին, եղել և  մնում են շփման գծում միջադեպերի կանխարգելման մեխանիզմների, բանակցությունների համար բարենպաստ պայմանների ապահովման  կողմնակիցը:

Խոսելով  արտաքին քաղաքական խնդիրների մասին՝ Արցախի նախագահն անդրադարձել է նաև Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ կատարվող քայլերին, միջազգային հարթակներում Արցախի խնդրի ներկայացման ուղղությամբ տարվող աշխատանքին, ընդգծել հատկապես արտաքին քաղաքական հարթակում Արցախ- Հայաստան- Սփյուռք եռամիասնության կարևորությունը:

0:00
0:00