ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հղիության արհեստական ընդհատման դեպքերը նվազել են
2018-11-20 15:35:38

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Ըստ պաշտոնական վիճակագրության` Հայաստանում վերջին տարիներին գրանցվել է հղիության արհեստական ընդհատումների նվազում: Մեր ցուցանիշերը, համեմատած եվրոպական երկրների հետ, փոքր-ինչ բարձր են:

Սակայն առողջապահական ոլորտում ամեն ինչ անում են  եղած դեպքերն ավելի կրճատելու համար: Այնուամենայնիվ, լինում են  զարտուղի ճանապարհներով այդ քայլին գնացողներ:

Ի՞նչ արդյունքներ կարող են ունենալ տնային պայմաններում հղիության արհեստական ընդհատումները, և ի՞նչ դիրքորոշում ունի Հայ առաքելական եկեղեցին:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում նվազել են հղիության արհեստական ընդհատումները: Եթե 90-ական թվականներին գրանցվել է 78 հազար ծննդաբերություն և  արհեստական հղիության ընդհատման 26 հազար դեպք, ապա 2016- 2017-ին՝ 38.հազար ծննդաբերության դեպքում արձանագրվել է  մինչեւ 6500 արհեստական ընդհատում:

Այսինքն՝ արհեստական ընդհատման մեկ դեպքին բաժին է
ընկնում 6-7 ծննդաբերություն: Տարեց տարի նվազման միտում է նկատվում՝ նշում է առողջապահության նախարարության  մայրության  և վերարտադրողական  առողջության  պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:

Իսկ նման պատկերի արդյունքը  հակաբեղմնավորման  միջոցների կիրառման մասին բնակչության տեղեկատվության բարձրացումն է և սելեկտիվ աբորտների արգելքը:  

« Մենք առաջներում ունեցել ենք  100 նորածին աղջկա դիմաց  115-116 տղա: Սա մեծ տարբերություն է նորմայի համեմատ: Բնականոն ընթացքում 100 աղջկա դիմաց ծնվում է 106-107 տղա:  Այսօր 100 աղջկա դիմաց ծնվում է 110 տղա: Այս թիվը թվում թե փոքր է, բայց…»:


Սակայն սրան զուգահեռ մեծացել են  պտղի և մոր  ցուցումներով կատարվող աբորտները: Շատացել են պտղի ներարգանդային աճի դանդաղումով, մահացած պտղով և արատներով հղիությունները: Բայց եթե նախկինում գրանցվում էր 4500 ինքնաբեր վիժման դեպք, ապա վերջին տարիներին դրանց  թիվը չի հատում 2000-ի սահմանը:

Գայանե Ավագյանի խոսքով՝ արհեստական ընդհատումը կատարվում է կնոջ ցանկությամբ մինչև 12 շաբաթական հղիության ժամկետի դեպքում: Բացառություն է կազմում հղիության ընդհատումը բժշկական եւ սոցիալական ցուցումների առկայությամբ: Այս դեպքում հղիության ժամկետը կարող է հասնել մինչեւ 22 շաբաթի:

Եթե պաշտոնական վիճակագրությամբ հղիության ընդհատումների նվազում է գրանցվում, ապա, բնական է, այսպես ասենք, ստվերային արհեստական ընդհատումների վիճակագրություն գոյություն չունի: Առողջապահության նախարարության որոշմամբ՝ հղիություններն ընդհատող  դեղերը պետք է վաճառվեն միայն դեղատոմսով: «Ռադիոլուրը» շրջեց դեղատներով՝ պարզելու՝ դեղն ազատ վաճառվո՞ւմ է, թե՞ ոչ:

«Գինեկոլոգից դեղատոմսը բերեք ես կտամ, իմ մասնագիտությունը թույլ չի տալիս, որ ես տամ»:

Արհեստականընդհատումները վտանգում են կնոջ առողջությունը՝ ասում է մանկաբարձ-գինեկոլոգ Նունե Ասրյանը։ Թեև հղիություններն ընդհատող դեղորայքը դեղատոմսով է վաճառվում, սակայն լինում են դեպքեր, երբ կինը կարողանում է հայթայթել այն:

«Այնուամենայնիվ, կանայք դեղատներից կարողանում են դեղեր ձեռք բերել»:

Սակայն ինչպե՞ս պետք է վերահսկվեն բժիշկները, որոնք կտրամադրեն դեղատոմսեր. հարցին մանկաբարձ-գինեկոլոգ Նունե Ասրյանը պատասխանում է՝ յուրաքանչյուր բժիշկ ինքն իր վերահսկողը: Իսկ հղիները պետք է գիտակցեն, որ տնային պայմաններում  դեղորայքային  ընդհատման դեպքում առաջանում են բարդություններ: Աղջիկներին խորհուրդը մեկն է՝ առանց բժշկի իմացության և հսկողության չխմել նման դեղեր:

Ինչպես է հղիության արհեստական ընդհատումներին վերաբերում Հայ առաքելական եկեղեցին: Տեր Եսայի քահանա Արթենյանը փոխանցում է  դիրքորոշումը՝ բացասական է: Եվ եկեղեցին էլ պայքարի իր միջոցներն ունի:

Որոշակի բացառություններ կան, որոնց դեպքում  ընդհատումներն ընդունելի են: Երբ պտուղն է մահացած կամ  մոր առողջությանն է վտանգ սպառնում: Սրանք միակ բացառություններ են։ Նույնիսկ արատով երեխային հեռացնելու իրավունք ոչ ոքի տրված չէ՝ հավելեց քահանան:

0:00
0:00