ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման օրենքով նախատեսված հիմքերն առկա են. գլխավոր դատախազ
2019-04-17 17:57:12

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման օրենքով նախատեսված հիմքերը առկա են: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում շեշտել է Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ արձագանքելով պաշտպանական կողմի այն պնդմանը, որ նախաքննությունն ավարտվել է, ուստի երկրորդ նախագահին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն այլեւս չկա:

Ապրիլի 12-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց նախագահին Սահմանադրությամբ տրված անձեռնմխելիության հիմքով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու բողոքը։ Նախօրեին էլ դատարանը մերժել էր պաշտպանական կողմի բողոքն առաջին ատյանի դատարանի՝ պաշտոնաթող նախագահի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու որոշման դեմ։

Պաշտպանական կողմը գտնում է, որ կա իրավունքի խախտում այն ժամանակահատվածի համար, երբ երկրորդ նախագահը ազատ արձակվեց անձեռնմխելիության հիմքով ու մինչ այդ որոշման բեկանելը վճռաբեկ դատարանի կողմից շարունակվել է քրեական հետապնդումը:

Պաշտպանական կողմի պնդմամբ՝ նախաքննությունն ավարտվել է եւ երկրորդ նախագահին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն այլեւս չկա: Թեպետ երկրորդ նախագահի պաշտպանական կողմը պնդում է, որ նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա, քանի որ գործով նախաքննությունն ավարտվել է, սակայն, դատախազությունը հակառակ համոզմունքին է՝ կալանքի տակ պահելու հիմքերը տեսնում է:


Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում ասաց, որ դրանով պայմանավորված էլ վարույթ իրականացնող մարմինը կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն էր ներկայացրել: «Այո, մենք տեսել ենք այդ հիմքերը, դրանով պայմանավորված էլ վարույթ իրականացնող մարմինը կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել, վերջերս նաև վերաքննիչ դատարանում քննարկվեց բողոքը, որտեղից ակնհայտ էր, որ դեռևս պահպանվել են կալանքի հիմքերը»։

Դատախազությունը շեշտել է հատկապես հնարավոր ապօրինի ներգործությանը վերաբերող հիմքը, որը ևս թե՛ առաջին ատյանի, թե՛ վերաքննիչ դատարանների կողմից հաստատվել է: Այդ հիմքը կիրառելի է և գործում է ոչ միայն նախաքննության, այլ նաև դատաքննության փուլում, որովհետև ինչքանով հնարավոր է նախաքննության փուլում, օրինակ, վկայի վրա ներգործություն ունենալ, տեսականորեն, այնքանով հնարավոր է նաև դատաքննության փուլում վկայի վրա ունենալ ապօրինի ներգործություն՝ դատախազության մոտեցում-հիմնավորումը պարզաբանեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Ակնկալվում է, որ գործը դատական փուլ կմտնի մայիսի կեսերին: Հարցին, թե ո՞վ կպաշտպանի երկրորդ նախագահին ուղղված մեղադրանքը դատարանում՝ Արթուր Դավթյանը նախ ասաց, թե չի կարծում, որ դա է ամենաէական հարցը, ապա հորդորեց սպասել:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:  

Դատախազն այսօր լրագրողների հարցերին պատասխանեց հակակոռուպցիոն հարցերով համաժողովից հետո:

 

Նա այսօր նաեւ հայտարարեց, որ նախկին իշխանությունների օրոք դատախազության վրա ճնշումներ չեն եղել: Ասաց նաեւ, որ հեղափոխությունից հետո երեւույթի դեմ պայքարի կամքն է մեծ իշխանությունների մոտ, հասարակությունն էլ շատ ավելի անհանդուրժող է դարձել կոռուպցիայի նկատմամբ:


0:00
0:00