ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երբ կավարտվի Հյուսիս-հարավ միջանցքի շինարարությունը
2019-04-17 18:34:34

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Եթե  Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը սկսվեր ժամանակին՝ 2009 թվականին, ապա այն պետք է ավարտվեր այս տարվա հունիսին:

2019 թվականի ապրիլին, սակայն, ծրագրի ավարտի վերջնական հաշվարկ ու ժամկետներ չկան:

Մասնագետները պնդում են՝ օր առաջ պետք է ավարտել ծրագրի շինարարությունը, սա Հայաստանին օդի ու ջրի պես է անհրաժեշտ:

Կազատի՞ արդյոք Հայաստանին շրջափակումից արդեն տասը տարի կառուցվող Հյուսիս-հարավ  ճանապարհային միջանցքը: ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների դեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Գրիգոր Նազարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  նկատում է՝ մասամբ կազատի, եթե իհարկե կառուցվի Բավրա-Բաթում ճանապարհը։ Միայն այդ դեպքում Հայաստանը ծովային ելք կունենա:

Թե երբ կավարտվի Հյուսիս-հարավը՝ դժվարանում է անգամ ասել ոլորտի պատասխանատուն՝ տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը: Գիտի միայն՝ նույն ծրագրի երրորդ տրանշում այժմ էլ շինարարական աշխատանքներ են ընթանում. «Այս տարի պետք է ավարտեինք Թալին-Լանջիկ Լանջիկ-Գյումրի հատվածը, սակայն նախկինում որոշ ուշացումների պատճառով չենք կարողանալու այդ նախագիծը ժամանակին ավարտել»:

Նախարարի խոսքով, այժմ վերջնաժամկետի հետ կապված ընկերության հետ բանակցություններ են ընթանում: Ծրագրի ամենաբարդ՝ Սիսիան-Քաջարան հատվածում եթե այժմ սկսվեն աշխատանքները, ապա երկու տարում դրանք կավարտվեն«Մեկ մեծ՝ 8.7 կմ երկարությամբ թունելի և երեք կամրջի շինարարությամբ մենք 2 ժամով կրճատում ենք երթևեկության տևողությունը։ ԵՄ-ի հետ այս մասով բանակցություններ են ընթանում, դրանք դեռ չեն ավարտվել»։

Սա առաջնահերթ նախագիծ է կառավարության համար և պետք է իրականացվի։  Հստակ պատկերացումներ կան նաև արժեքի մասով՝ անհրաժեշտ է շուրջ 350 միլիոն դոլար:

Արդյունքում՝ բարձրակարգ ճանապարհ կունենանք դեպի Իրան:

Մինչ այժմ  Հյուսիս-հարավի  կառուցման համար  ներգրավվել է շուրջ  550 մլն դոլար, ծախսվել է՝ 200 մլն- ը։ Գումարները և վարկային, և դրամաշնորհային  միջոցներ են: Աշխատանքների ավարտի ժամկետներ Հակոբ Արշակյանը չի կարող ասել:

Գրիգոր Նազարյանը դժվարանում է  ծրագրի տնտեսական արդյունավետությունը գնահատել՝ հաշվի առնելով անընդհատ ձգձգվող շինարարությունը:

2012 թվականի սեպտեմբերի 13-ին մեծ շուքով տրվեց նորանկախ Հայաստանի ամենախոշոր  ծրագրի՝ Հյուսիսարավ ճանապարհային միջանցքի շինարարության  մեկնարկը:

Ծրագիրը պետք է ավարտվեր այս տարվա հունիսին, եթե ժամանակին սկսվեր՝ 2009 թվականին: 

0:00
0:00