Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչո՞ւ եք հագել Սերժ Սարգսյանի կոստյումը. «թեժ» քննարկումներ ԱԺ-ում
2019-04-17 19:28:10

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Կառավարության կառուցվածքի մասին նախագիծը, որը դեռ 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի առաջին նիստի օրակարգում էր, այսօր վերջապես քննարկվեց լիագումար նիստում: Հաշվի առնելով, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը մինչ այժմ նախապես քննարկել եւ քննադատել են առաջարկվող տարբերակը, հասկանալի է, որ քննարկումներն անցնելու էին բուռն մթնոլորտում:

Բնականաբար, քննադատությունների մեծ մասը ստանում էր քաղաքական երանգ: Ի վերջո, շատերը համաձայնեցին, որ նախագծի բովանդակային քննարկում այդպես էլ չստացվեց:

 

ԱԺ ուշադրության կենտրոնում այսօր Սերժ Սարգսյանի կոստյումն էր՝ ավելի ճիշտ կառավարման այն ձեւը, որը այդպես ժամանակին կոչեց Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ պատգամավոր էր եւ Էդմոն Մարուքյանի հետ նույն դաշինքում էր: Էդմոն Մարուքյանն այսօր  որպես դիդակտիկ նյութ օգտագործեց իր սեփական կոստյումը:

 

Հենց ԱԺ ամբիոնին կանգնած հանեց այն եւ դրա վրա սկսեց բացատրել՝ ինչու են դեմ գործադիրի ներկայացրած «Կառավարության կառուցվածքի մասին» նախագծին:

 

« Այս երկու կոճակը հանում եք, մյուս կողմից էլ, հագնում ու ասում եք, վսյո, սա լավ կոստյում է:  Ուրեմն, այն կոստյումը, որ կարվել էր, չի փոխվել եւ այդ սուպերվարչապետական համակարգը մնացել է ուժի մեջ: Հիմա ասեք՝ ինչու՞ եք Սերժ Սարգսյանի կոստյումը հագել»:

 

Իշխանության պատկերացումներով՝ կառավարության հաստատված հնգամյա ծրագիրը կկարողանան իրականացնել 17 նախարարության փոխարեն 12-ով: Խոստովանում են՝ կառավարության կառուցվածքը քննարկել են 8 ամիս:  Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ներկայացմամբ՝ քննարկվել է շուրջ 20 տարբերակ.

 

«Առնվազն 20 նախագիծ, դրանց թիվը շատ ավելի շատ է եղել: Ամենանվազը եղել է 7 նախարարություն: Մեր հաշվարկները, մեր գնահատականները, քննարկումները, կոմպրոմիսները հանգեցրել են այս ցանկին եւ այս կառուցվածքին ժամանակի այս հատվածում: Ի վերջո, հնարավոր է որ նախարարությունների թիվը կրճատվի մինչեւ 7-ի»:


Օպտիմալացվող 5 նախարարությունների արդյունքում առաջանալու է 50-60 աշխատողի կրճատման խնդիր: Սա հիմնականում կապված է պաշտոնյաների եւ նրանց սպասարկող անձնակազմի հետ:

Մնացած աշխատողները շարունակելու են մնալ միավորված նախարարություններում, հաշվարկել է գործադիրը: Ընդդիմադիրների սկզբունքային պահանջն է՝ կառավարության առընթեր մարմիններին տալ նախարարությունների կարգավիճակ եւ մտցնել հաշվետվողական դաշտ: Սա վերաբերում է մի քանի ոլորտի եւ հենց այս հարցն է առաջին հերթին քաղաքականացվում բոլորի կողմից:

«Երբ Գագիկ Խաչատրյանը 2008 թվականին նշանակվեց ՊԵԿ նախագահ, ապա որոշ ժամանակ անց՝ նախարար, ՊԵԿ-ը օժիտի տեսքով գնաց Ֆինանսների նախարարություն: Հետո, երբ նախարարը դադարեց աշխատել ՊԵԿ-ը նորից առանձնացավ: Գիտե՞ք ՊԵԿ նախագահը քանի տեղակալ ունի՝ 5: Վարչապետն ունի 2 փոխվարչապետ: Հասկանում եք չէ՞, գործավար, խորհրդականներ, մի ամբողջ փաթեթ ծառայողական մեքենաների: Արդյո՞ք սա է արդյունավետությունը, որի մասին անընդհատ շեշտվում է»,- ասաց Մանե Թանդիլյանը:

«Հայաստանում ուժային կառույցների ղեկավար պաշտոնները 90-ականներից օգտագործվել են քաղաքական էլիտաների վերադասավորության համար: Օգտագործվել են որպես գործիքներ»,-նշեց Մարիա Կարապետյանը:

«Գալիս եք, ամեն անգամ սկսում եք հիշել նախորդ իշխանությունների արածները: Այ մարդ, էդ մարդիկ անցան գնացին, միայն հուշեր մնացին: Դո՞ւք ինչ եք անում: Հարկատուների միջոցները պետք է խնայել պետական կառավարման մարմիններում անիրազեկ մարդկանց չնշանակելով»,- ընդգծեց Գեւորգ Պետրոսյանը:  

Այսօր կրկին սրվեցին խորհրդարանական մեծամասնության եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների հարաբերությունները:

Վերադառնալով նախագծի քննարկմանը՝ ԱԺ փոխնախագահը նշեց իր համար կարեւոր ուղղությունները կառավարության աշխատանքում՝ թափանցիկություն, խորհրդարանական վերահսկողություն եւ արդյունք:

Թափանցիկության առումով կարծում է, խնդիրներ չկան, դա ապահովվում է ամենաշփվող եւ անգամ քաղաքացիների հարցերին պատասխանող վարչապետի կողմից: Խորհրդարանական վերահսկողության առումով պնդում է՝ առընթեր մարմինների ղեկավարները կդառնան էլ ավելի ազդեցիկ դեմքեր, եթե նրանց կարգավիճակը բարձրացվի, արդյունքի մասով վկայակոչում է արդեն բարձրացված եւ ապագայում բարձրացվող ուսուցիչների, ոստիկանների, պոլիկլինիկայի աշխատողների, զինծառայողների աշխատավարձերը:

Խորհրդարանական երեք խմբակցություններից ընդամենը մեկը՝ «Իմ քայլը» խմբակցությունը հստակ հայտարարեց, որ կողմ է քվեարկելու նախագծին եւ օգնելու է կառավարությանը առաջարկված կառուցվածքով իրականացնել իր ծրագիրը: Մյուս երկու խմբակցությունները քննադատեցին առաջարկված նախագիծը:  

0:00
0:00