ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Յուրաքանչյուր ներդրում կարող է մեծ արդյունքի բերել. Բաբայան
2018-11-19 19:54:26

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա թելեթոնի շրջանակներում Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրությունը նոյեմբերի 15-ին եւ16-ին Ֆրանսիայում էր, իսկ այսօր արդեն ԱՄՆ-ում։ Ինչպես եւ ամեն տարի, այս անգամ էլ ադրբեջանական քարոզչամեքենան սկսել է շահարկել հայկական երկրորդ պետության ղեկավարի արտասահմանյան այցը։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ը դիվանագիտական ուղիներով բողոք կներկայացնի ԱՄՆ-ին՝ կապված Արցախի նախագահ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու հետ։ 

Արցախի նախագահի մամուլի պատասխանատու Դավիթ Բաբայանը նման արձագանքը ինչ-որ տեղ սպասելի է համարում՝ այն որակելով վհատության եւ հիստերիայի դրսեւորում: Ըստ Բաբայանի, Ադրբեջանը ծախսում է հսկայական գումարներ, կաշառում է տարբեր անձանց, արդյունքում չի կարողանում զսպել Արցախի՝ միջազգային հանրության հետ ինտեգրվելու քայլերը, տարբեր երկրների հետ նույնիսկ մարդասիրական  կարիքներ հոգալու համար կապեր հաստատելու ջանքերը:

Լավագույն տարբերակը եռամիասնությունն է. Դավիթ Բաբայան

«Այս կապերի, երկկողմ հարաբերությունների զարգացման հիմքում դրված չէ Արցախի ճանաչումը որպես նախապայման, որովհետև հասկանում ենք, որ թեպետ այս երկու գործընթացը փոխկապակցված է, բայց եթե մենք ճանաչումը դնենք նախապայման, կթերանանք երկու ուղղություններով՝ եւ ճանաչման եւ երկկողմ հարաբերությունների հաստատման: Եվ տեսնում են, որ չեն կարողանում զսպել, ազդել, դրա համար այսպիսի նոտաներ են տալիս: Իհարկե, ճնշումներ կան հասարակական, քաղաքական գործիչների վրա, մեր բարեկամների, քույր քաղաքների ղեկավարության վրա, ովքեր Արցախի տարբեր քաղաքների եւ բնակավայրերի հետ պայմանագրեր ունեն: Մենք այդ ամենը պետք է չեզոքացնենք, իսկ լավագույն եւ միակ տարբերակը՝ եռամիասնությունն է՝ Մայր Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ներդաշնակումը եւ միասնական ճակատով գործելը»:

Միջազգային վերլուծաբան Սուրեն Սարգսյանը կարծում է, որ ադրբեջանցիները մեկ  նպատակ ունեն, Արցախի գրանցում ունեցող որևէ մեկը՝ շարքային քաղաքացուց մինչև նախագահ, որևէ պարագայում ԱՄՆ մուտքի արտոնագիր չստանա: Այցի նպատակն էլ կարևոր չէ՝  կրթական ծրագրերից մինչև աշխատանքային այց: Այս ուղղությամբ շատ լավ աշխատում են՝ ասում է վերլուծաբանը:

Իսկ Արցախի նախագահի Ֆրանսիա եւ ԱՄՆ այցի նպատակը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ամենաամյա հեռախոսա եւ հեռուստամարաթոնների շրջանակում անցկացվող միջոցառումներին մասնակցելն է։ Այս հեռուստամարաթոնը թավշյա հեղափոխությունից, գումարների տնօրինման մեջ մեղադրվելուց հետո հիմնադրամի տնօրենի հրաժարականից հետո առաջինն է։ Մարդկանց շրջանում կարծես թե անվստահություն էր առաջացել հիմնադրամի աշխատանքների նկատմամբ:


«
Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը Ֆրանսիայում շեշտեց, որ շուտով կավարտվեն հիմնադրամում անցկացվող ստուգումները, եւ, ըստ նախնական տվյալների, հիմնադրամի գումարների կորուստ չի եղել«Հիմնադրամը շարունակում է գործել թափանցիկ: Նվիրաբերված յուրաքանչյուր ցենտ ուղղվելու է իր նպատակին»:

Ոմանք ոգեւորված են, ոմանք զգուշավոր՝ հեռուստամարաթոնին ընդառաջ ասում է Արցախի նախագահին ուղեկցող Դավիթ Բաբայանը։ 

«Բազմաթիվ խնդիրներ կան: Հավատըոր այդ միջոցները պետք է ճիշտ տնօրինվեն: Հայրենասիրություն: Նոր մոտեցումը կարող է ամեն ինչ փոխել, անգամ ամեն անգամ կատարաված չնչին ներդրումը կարող է բերել մեծ արդյունքի»:

Նվիրատվությունն ուղղվելու է Արցախում խորքային հորերի փորման, կաթիլային ոռոգման եւ արեւային էներգիայի համակարգի ներդրման, Տավուշի մարզի գյուղատնտեսական ծրագրերի զարգացման վրա: 2017 թվականին անցկացված Հեռուստամարաթոնի ընթացքում մոտ 12 ու կես մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում արձանագրվեց, իսկ թե՞ որքան կլինի այս անգամ՝ կանխատեսում չի արվում:

Մինչ նոյեմբերի 22-ին կայանալիք համահայկական մարաթոնի մեկնարկը՝ ավարտվել է համաեվրոպական հեռախոսամարաթոնը։ Նոյեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի հայությունը հանգանակել է ընդհանուր առմամբ 1 մլն 200 հազար եվրո (1 մլն 242 հազար 460 եվրո):

Դավիթ Բաբյանը Արցախի նախագահի փարիզյան եւ ամերիկյան այցերը բավականին դրական է համարում: Եղել են հանդիպումներ Ֆրանսիայի քաղաքական շրջանակների, համայնքային կառույցների հետ, եւ քննարկվել են բազմակողմանի, այդ թվում քաղաքական հարցեր:

0:00
0:00