Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ
Արցախում նոր կուսակցություն է ստեղծվել: Շաբաթ երեկոյան Շուշիում տեղի է ունեցել «Սասնա ծռեր» արցախյան կուսակցության հիմնադիր համագումարը: Այն հայտարարություն ընդունեց՝ փաստելով, որ նորաստեղծ քաղաքական միավորումը «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության համակարգմամբ գործող «Սասնա Ծռեր» համահայկական շարժման մասնակիցն է:
Արցախյան օրենսգրության համաձայն, կուսակցությունը մեկ ամիս ժամանակ ունի պետական գրանցում ստանալու համար, սակայն իրավաբանորեն այն իրավունք չունի գրանցվել որպես Համահայկական կառույցի մաս:
Արցախում գործող օրենքների համաձայն այլ պետություններում գործող քաղաքական կուսակցությունները Արցախում մասնաճյուղ կամ թեւ ունենալու իրավունք չունեն:
Պետական ռեգիստրի գործակալության պետ Գայանե Մաքսիմովայի խոսքով`դրանք պետք է հանդես գան որպես առանձին կուսակցություններ:
Այդ սկզբունքով Արցախում գործում են թե համահայկական, թե միջազգային գաղափարախոսություն ունեցող մի շարք կուսակցություններ: Դրանք առանձին կուսակցություններ են` երբեմն կրկնելով գաղափարակից կուսակցությունների ծրագրային ու կանոնադրական դրույթները, երբեմն դրանք տեղայնացնելով:
Այդ շարքում կարելի է դասել Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը, Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցությունը, Արցախի Արմենական կուսակցությունը: Իսկ ահա ռամկավարները Արցախում ոչ միայն կուսակցական թեւ բացելու նպատակը չկարողացան իարգործել, այլեւ չպահպանեցին կուսակցության համահայկական անվանումը:
Արցախցի ռամկավարների ատենապետ Բարդուղ Գալստյանի խոսքով` իրենց դիմումից մի քանի օր առաջ պետական ռեգիստրում նույնանուն հասարակական կազմակերպություն էր գրանցվել:
Հիմա դե ֆակտո ռամկավար, իսկ գրանցմամբ լիբերալ -դեմոկրատական կուսակցությունը օրենքի խնդրոառարկա դրույթն անհեթեթություն համարելով: Սասնա ծռեր կուսակցությունը Արցախում եւս պետք է գրանցվի որպես առանձին կուսակցություն:
Կուսակցության ղեկավար մարմնի անդամ Մխիթար Ավետիսյանի խոսքով կուսակցությունը կգրանցվի որպես «Սասնա ծռեր» արցախյան կուսակցություն, ունեբնալով ծրագրային նույն դրույթները, ինչ մայր կուսակցությունը:
Կուսակցությունը Արցախի պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվելու համար մեկ ամիս ժամանակ ունի:
«Սասնա Ծռեր» կուսակցության Համագումարում Արցախի օրենսդրությունը կուսակցությունների հիմնադրաման մասով հատուկ ուշադրության արժանացավ կուսակցության ծրագրային անելիքների համատեքստում:
Նշվեց, որ Արցախի ակախությունն է պատճառը, որ կուսակցությունը հիմնադրվում է որպես առանձին կազմակերպություն: Ընդգծվեց, որ «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության հիմնական անելիքը պետք է դառնա Արցախը ՀՀ կազմում ներառելու ձևով ՀՀ-ին դե յուրե միացումը և որ մինչ այդ պահը Արցախի «Սասնա ծռեր» կուսակցությունը միայն ձևական-իրավական առումով կլինի առանձին` գործելով որպես «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ամբողջական կազմակերպվածքի օրգանական բաղադրիչ: