ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նախարարի պաշտոնանկության պահանջից մինչեւ հարաբերությունների ճշտում՝ ԱԺ-ում
2019-04-18 18:30:39

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Նախարարի պաշտոնանկության պահանջ, նոր պաշտոնյայի ընտրություն, աղմկահարույց նախագծեր եւ ավանդույթի ուժով արդեն երրորդ օրն է՝ հարաբերությունների ճշտում: Այսօր ԱԺ- ում օրը խիստ հագեցած էր:  Օրենսդիրները հաստատել են կառավարության կառուցվածքը, որով նախատեսվում է 5 նախարարությունների օպտիմալացում:

17 նախարարությունների փոխարեն կունենանք 12-ը: Կողմ է քվեարկել միայն «Իմ քայլը» խմբակցությունը: Մյուս երկու խմբակցությունները դեմ են՝ հիմնավորելով, որ առաջարկված կառուցվածքով պահպանվում է բազմիցս քննադատված սուպերվարչապետական համակարգը ու այն չի ապահովում տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ հիմքերը:

Այս հարցի ժամանակ կրքերը ԱԺ նիստերի դահլիճում կրկին բորբոքվել են:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկությանը ԱԺ մեծամասնությունը դեմ է: Այդ պահանջով չեն դիմի վարչապետին: Թեեւ «Լուսավոր Հայաստան»-ին չհաջողվեց անցկացնել առաջարկը, բայց Էդմոն Մարուքյանը զգուշացրեց.

« Սա զգուշացում է բոլոր նախարարներին եւ մենք պնդում ենք պարոն Ջանջուղազյանի պաշտոնանկությանը հարցը»:

Զգուշացումներն այսօր ԱԺ-ում ընդհանրապես շատ էին: Երեք խմբակցությունների պատգամավորներն էլ զգուշացնում էին իրար եւ հիշեցնում անցյալը: Տոնայնությունը նիստերի դահլիճում կրկին բարձր էր:

Աժ-ում արդեն երրորդ օրը պահպանվող բարձր էմոցիոնալ ֆոնի համար իր բացատրությունն ունի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Առանց անուններ նշելու, կարծում է, որ խնդիրը ստեղծվել է անձնական վիրավորանքներից։

«Մի քանի անգամ եղել են դիտարկումներ կամ հայտարարություններ, որոնք եղել են անձնական տիրույթում: Ես չեմ ուզում մանրամասնել, քանի որ էմոցիոնալ ֆոնը պետք է ոչ թե էսկալացնել, այլ տարալուծել, ես կարծում եմ, որ դրան անդրադառնալ պետք չէ»:

Ահա այսպիսի մթնոլորտում պատգամավորները քննարկել են նոր պաշտոնյայի ընտրության հարցը: Խոսքը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի մասին է: Սա այն պաշտոնն է, որը տարիներ շարունակ՝ 2003 թվականից զբաղեցրել է Ռոբերտ Նազարյանը: Այժմ այդ պաշտոնում վարչապետն առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:

Մինչ առաջադրումը եւ դեռ այս պահի դրությամբ նա կատարում է Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պարտականությունները: Նախարարությունը օպտիմալացվողների շարքում է եւ շուտով Բաղրամյանը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի նոր պաշտոնը՝ պատգամավորների փակ գաղտնի քվեարկությունից հետո: Բաղրամյանը խոստովանում է՝  գիտակցում է ոլորտի զգայունության աստիճանը: Սակագների սահմանման առումով մի կողմից սպառողների շահերն են, մյուս կողմից՝ ներդրողներինը: 2020-ին իրատեսակա՞ն է արդյոք ակնկալել սակագների վերանայում եւ իջեցում՝ հարցին պատասխանում է.

« Այս պահին կդժվարանամ ասել՝ 2020-ին ինչ պատկեր կունենանք, որովհետեւ բազմաթիվ գործոններ կարող են փոխվել՝ ե՛ւ փոխարժեք, ե՛ւ գազի գին, ե՛ւ սղաճ, որը տեղի է ունենում: Կարող եմ ի բան խոստանալ, որ այն սակագները, որոնք այսուհետ կհաշվարկվեն ու կսահմանվեն մաքսիմալ պետք է արժանահավատ եւ ընդունված լինի սպառողների կողմից»:  

Գարեգին Բաղրամյանի պաշտոնական կենսագրությունից հայտնի է՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում աշխատել է 2003-2011 թվականներին՝ սակագնային քաղաքականության գլխավոր մասնագետից մինչեւ նույն բաժնի պետ։

Թեկնածուի կենսագրության հենց այս հատվածն էր պատճառը, որ հանձնաժողովի նախկին անդամին պատգամավորները հարցնեն՝ ընդդիմացե՞լ է արդյոք, երբ Աղվան Հովսեփյանին, Խոսրով Հարությունյանին ու տարբեր գեներալներին ՀԷԿ-եր կառուցելու լիցենզիաներ էին տրվում:

« Բոլոր այն լիցենզիաները, որոնք տրվել են ՀԾԿՀ-ի կողմից, անկախ նրանից՝ դրանց սեփականատերերը նախկին պաշտոնյաներ են եղել, թե բարձրաստիճան զինվորականներ, բոլոր լիցենզիաների տակ կան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»:  

Այն, ինչ չի հրապարակվում կենսագրության մեջ, բարեկամական ազդեցիկ կապերի մասին թեկնածուին հարցրեց Գեւորգ Գորգիսյանը.

« Դուք ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի քենակալն եք: Ձեզ առաջադրելու փաստում որքան տոկոսով է դեր խաղացել  Ձեր մասնագիտական գիտելիքները եւ ձեր բարեկամական կապը»:

«Բավական երկար տարիներ աշխատում եմ այս ոլորտում եւ համոզված եմ, որ իմ փորձն է ավելի շատ դեր խաղացել, քան մեր բարեկամական որեւիցե կապը»,- Գորգիսյանին պատասխանեց Գարեգին Բաղրամյանը:

Ի դեպ, քանի դեռ Գարեգին Բաղրամյանը մնում է Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, այս կարգավիճակով այսօր խորհրդարանին դեռ օրինագիծ էր ներկայացնում: «Ընդերքի մասին» օրենքի փոփոխություններին էին հանքերի իրական սեփականատերերին բացահայտելու մասին:

0:00
0:00