ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կենդանաբանական այգու տնօրեն. Պատրաստ եմ կրել պատասխանատվություն, եթե...
2018-11-19 20:35:13

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Այսօր Երևանի կենդանաբանական այգում համեմատական անդորր էր, բայց այգու շուրջ բարձրացված աղմուկը չի դադարում։  Նախկին ու ներկա աշխատակիցները՝ ընդդեմ տնօրեն Ռուբեն Խաչատրյանի գործունեության: Կողմերը ներկայացնում են իրենց փաստարկները, համոզում, որ մյուս կողմը պակաս կենդանասեր է, արդյունքում՝ կենդանիներն են տուժում:


Երևանի կենդանաբանական այգում այսօր խաղաղ էր՝ կենդանիներն իրենց վանդակներում, աշխատակիցներն էլ՝ իրենց աշխատանքին:
Հակառակ այս համեմատական անդորրին՝ կենդանաբանական այգու շուրջ ծավալված խոսակցությունների ալիքը չի հանդարտվում:

Այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը սկզբում որոշել էր չարձագանքել իր հասցեին հնչող մեղադրանքներին, սակայն իրավիճակը փոխվեց:Երկու օր առաջ կենդանաբանական այգու նախկին ու ներկա աշխատակիցները հիմնավորումներ էին ներկայացնում ու պահանջում տնօրենի հրաժարականը:


Այսպես, նախ՝ կետ առ կետ բողոքները, հետո՝ հնչող բողոքների պատասխանները: 
Արման Պետրոսյան կենդանիներին խնամողն է, ասում է տնօրենի գործողությունները անօրինական են եղել: Երկու տարի առաջ թվով 3 արու առյուծներին քնելցնելը եղել է ստոր քայլ:

«Երեք որձ առյուծները սատկացվեց, ավելի ճիշտ քնեցվեց, շատ ստոր քայլ էր: Ես դրան դեմ ենք կանգնել կենդանու կյանքի համար ենք պայքարել: Կարելի էր կենդանուն բուժել, ոչ թե հեշտ ճանապարհով սատկացնել»:

Թեհրանի կենդանաբանական այգու տնօրեն Իման Մեմարին, որը ծանոթ է առյուծներին, քնեցնելու պատմությանը վստահեցնում է՝ էֆթանազիան փրկություն է կենդանու համար:

«Պետք է հասկանալ, որ էֆթանազիան կենդանիների բուժման մեջ կառավարման մի մեթոդ է: Եթե կենդանին հիվանդ է ու հնարավոր չէ տևական ժամանակ բուժել նրան, կենդանուն առողջ պահելն է հակահումանիստական»:

Կենդանաբանական այգու կենդանիների խնամքի համակարգող Մանուկ Մանուկյանը չի հավատում, որ զեբրին թունավորել են: Ներկայացնում է իր տեսակետը:

«Կասկածում եմ, որ զեբրը թունավորվել է: Թունավորված կենդանին մի քանի օր պառկած վիճակում կերել և խմել է: Թունավորված կենդանին երբեք կեր չի ուտում, այն էլ այդքան մեծ քանակությամբ մկնդեղով թունավորված կենդանին»:

Ռուբեն Խաչատրյանը հնչած մեղադրանքին պատասխանելուց առաջ շեշտում է, իր և Մանուկ Մանուկյանի մեջ անձնական խնդիրներ կան՝ բողոքները պայմանվորված են այդ խնդրով:

«Զեբրի թունավորման կասկածները հաստատվել են: Լաբորատոր փորձաքննություն իրականացրել են պատկան մարմինները: Սա անթույլատրելի է, որոշ մարդիկ իրենց անձնական խնդիրները լուծելու համար կարող են այսքան ստոր քայլի գնալ»:

Բողոքի ակցիայի մասնակիցների պահանջներից գլխավորը տնօրենի հրաժարականն էր: Ռուբեն Խաչատրյանի պատասխանը:

«Եթե մեղավոր կգտնեն ինձ որեւիցե հարցում, ես պատրաստ եմ ես լիիրավ վերցնում եմ այդ պատասխանատվությունը պատիժը կրելու, բայց եթե պարզմի, որ այդ ամենը զրպարտանք էր, հորդորելու եմ իրավապահ մարմիններին մինչեւ վերջ աշխատանքը իրականացնեն»:

Տնօրենի խնդրանքով Երևանի քաղաքապետարանը որոշել կայացրել ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որ կուսումնասիրի բողոքներն ու այգում տեղի ունեցած մի շարք երևույթներ:

Ու քանի դեռ կենդանաբանական այգու շուրջ ծավալված պատմության երկու կողմերում կանգնածները  համոզում են, որ իրենք ավել են սիրում կենդանիներին, կենդանասերների գործողությունների արդյունքում  տուժում են միայն կենդանիները:

ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել զեբրի անկման դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի երկրորդ մասով:

0:00
0:00