Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բաբայանը՝ հոկտեմբերի 27-ի, Մեղրին հանձնելու եւ Արցախում ընտրությունների մասին
2019-04-19 17:20:54

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը կարծում է, որ Արցախի հակամարտության կարգավորման այս փուլում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ճշտումներ են ընթանում, արտգործնախարարների հանդիպմամբ արձանագրված հումանիտար քայլերով էլ կողմերը փորձում են փոխվստահություն ձեռք բերել:

Որքանով կհաջողվի՝ ժամանակը ցույց կտա: Բաբայանն ասաց, որ այս փուլում չի պատկերացնում Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ:

Սամվել Բաբայանն այսօր արձագանքեց Վահան Շիրխանյանի հայտնի նամակին վերաբերող հարցին, որում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մեղրու հանձնման վերաբերյալ բանակցելու մեջ: Բաբայանը շեշտեց, որ տրամաբանությունն այն է, որ եթե նման հարց գոյություն ունենար, ապա այն պետք է իր հետ նույնպես համաձայնեցվեր, այնինչ, իր հետ նման որեւէ խոսակցություն տեղի չի ունեցել:

 «Ես չգիտեմ՝ Վահան Շիրխանյանն ինչ է ասել, անձամբ չեմ կարդացել: Ինձ հետ պետք է բանակցեին, չէ՞, ինձ հետ որևէ բանակցություն չի եղել, Մեղրու հարց էլ ընդհանրապես լսած չկամ։ Ռոբերտ Քոչարյանը չէր կարող առանց Վազգենի հետ համաձայնեցնելու Մեղրի հարցով գնալ բանակցությունների, քանի որ Վազգեն Սարգսյանը ՀՀ-ում միայն պաշտպանության նախարար չի եղել, եղել է որոշիչ դեր խաղացող գործիչ»:

Սամվել Բաբայանն այսօր արձագանքեց նաեւ հոկտեմբերի 27-ի հետ կապված հարցադրումներին՝ բավականին ուշագրավ հայտարարություն անելով:

«Հոկտեմբերի 27-ի գլխավոր դերակատարը ողջ առողջ է, չէ՞: Դատախազությունը, քննիչները պետք է նորից քննություն սկսեն: Հիմա էլ ոչ մեկը չկա չէ՞, որ իրենց խանգարի։ Ազատ քննություն թող սկսեն՝ պարզեն։ Ինձ թվում է, որ իրոք անկեղծ քննություն սկսեն, այն է՛ն, հիմի որ գոռում ա, իրանք մտնելու են էն կամերը։ Ովքեր էն տղայի հետ հանդիպել են մինչև 99 թիվը, հերթով պիտի գնան էդ կամերան»։

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման շարժառիթը 2020 թվականին Արցախի նախագահական ընտրություններին Սամվել Բաբայանի մասնակցության հարցն էր: Արցախի իշխանությունները նշել են, որ Սամվել Բաբայանը իրավունք չունի մասնակցել այդ  ընտրություններին, քանի որ վերջին 10 տարում Արցախում մշտապես չի բնակվել:

Արձագանքելով այս դիտարկմանը Սամվել Բաբայանն ասաց, թե պատրաստվում են օրենքով շարժվել. «Ցանկություն չկա որեւէ անօրեն գործողություն անելու: Դեռ մեկ տարի կա, շտապելու խնդիր չկա»:

Սամվել Բաբայանը նկատեց նաեւ, որ կան շատ ղարաբաղցի երիտասարդներ, որոնք Հայաստան են եկել, 4-5 տարի սովորել ու հիմա իրավունք չունեն մասնակցել խորհրդարանական ընտրություններին, ինչը ճիշտ չի համարում:

Պետք է սահմանադրությունը փոխվի, որ Արցախի եւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունենա Արցախի նախագահի ընտրություններին մասնակցել՝ կարծում է Բաբայանը: Հարցին, թե իրեն հատո՞ւկ են խոչընդոտում, նա արձագանքեց.

 «Ես կարծում եմ՝ սա անում են, որովհետեւ իմ մասնակցության դեպքում կարող է լուրջ մրցակցություն լինի եւ հաջողություն ունենանք: Եթե հասարակությունը ազատ է, տվեք հնարավորություն՝ թող մարդիկ մասնակցեն-պարտվեն, իսկ եթե գիտեք, որ հաղթելու են, երկու ոտքը դրել եք մի կոշիկի մեջ, որ ի՞նչ: Լավ, գնալու ենք, այդ բոլոր բարիերները անցնելու ենք»:

Սամվել Բաբայանը նաեւ նշեց, որ ոչ մեկին իրեն լուրջ մրցակից չի համարում: Ինչ վերաբերում է Արցախի Սահմանադրությունը փոխելու համար ստորագրահավաք սկսելուն: Ասաց, որ ԿԸՀ-ը մի որոշում է կայացրել, որ ստորագրահավաքը լինի մեկ պատուհանով: Այդ որոշումը իրենք բողոքարկել են եւ փորձելու են դա օրենքի դաշտ տեղափոխել: Այդ պատճառով էլ ստորագրահավաքը հետաձգել են:

0:00
0:00